Ջեռուցման սեզոնին ընդառաջ՝ Ազգային ժողովում ջրհեղեղներն անպակաս են: ԱԺ ղեկավարությունը խոստացել էր նոյեմբերի 18-19-ը միացնել ամբողջ խորհրդարանի ջեռուցումը. այդ մասին նույնիսկ սոցիալական ցանցի իր էջում հայտնել էր ԱԺ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը: Սակայն այդ օրերին, երբ փորձնական միացրել են ջեռուցման համակարգերը, շենքում մի քանի տեղ վթարներ են տեղի ունեցել:
Խոսքը հատկապես խորհրդարանի հին մասնաշենքի մասին է, որտեղ խողովակները պատերի մեջ են: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ խոսքը նաեւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գագիկ Մխեյանի աշխատասենյակի մասին է, որը նույնպես դարձել է ջեռուցման համակարգի փորձարկման «զոհ»: Բարեբախտաբար վերջնականապես կարգավորվել է հարցը, եւ արդեն ամբողջ խորհրդարանն արդեն ջեռուցվում էր: