Դատական համակարգը, մասնավորապես, Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վերածվել է ՔԿՀ-ներում գործող խարդախների հանցավոր խմբավորման պարագլուխ Սպարտակ Դանիելյանի եւ նրա հանցակից Հայկ Արզունյանի խաղալիքը:
Նրանց դեմ 49 դրվագով կալանավայրից խարդախությամբ քաղաքացիներից գույք հափշտակելու համար մեղադրանքով քրեական գործի դատաքննությունը թեեւ սկսվել է դեռ մայիսի 30-ին, սակայն առ այսօր նշանակված 10 նիստերն այդպես էլ չեն կայացել, անգամ` մեղադրող դատախազը չի հասցրել ընթերցել մեղադրական եզրակացությունը:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ խարդախների խմբավորման անդամները հետաձգում են դատական նիստերը` ամեն անգամ տարբեր պատճառաբանություն բերելով: Դատավոր Արթուր Մկրտչյանը երեկվա դատական նիստը հետաձգել է հանրային պաշտպանների` դատարան չներկայանալու պատճառով: Թե ինչ նպատակ են հետապնդում խարդախները` դժվար չէ կռահել. այսպես փորձում են ժամանակ ձգել, որպեսզի տուժողներին միջնորդավորված համոզեն, որ իրենց դեմ չբողոքեն, բացի այդ` հույս ունեն տուժողներին ու վկաներին անիմաստ դատարան «տանել-բերելով» հոգնեցնեն, որ այլեւս չներկայանան դատարան: