Հակառակ իշխանությունների` նոր աշխատատեղեր ստեղծելու մասին պնդումներին` Հայաստանում գործազրկության մակարդակը դեռեւս շարունակում է գերազանցել 2008թ. ցուցանիշը: Սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման մոտ տասը տարիների ընթացքում սոցիալ-տնտեսական վիճակը միմիայն վատացել է (ոչ միայն գործազրկության աճի տեսանկյունից, այլեւ բոլոր առումներով):
Ստեղծված իրավիճակը մասամբ օբյեկտիվ պատճառներ ուներ. 2008-2009թթ. համաշխարհային տնտեսական ճգնաժամն այնպիսի հարված հասցրեց Հայաստանի տնտեսությանը, որ տասը տարի անց դեռեւս չեն վերացել հետեւանքները: Բայց եւ այդ ժամանակ եւ դրանից հետո իշխանություններն իրենք էլ լուրջ քայլեր չարեցին ճգնաժամի հետեւանքները վերացնելու ուղղությամբ: Փոխարենը սկզբում նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը համոզում էր, թե ճգնաժամը կշրջանցի Հայաստանը:
Իսկ հետո արդեն իշխանությունները ճգնաժամը դարձնելով «մատի փաթաթան»` այս տարիներին մշտապես այդպես են փորձել արդարացնել իրենց ապաշնորհ կառավարումն ու ձախողումները: Ու սա այն դեպքում, երբ այս ընթացքում շատ ու շատ երկրներ ոչ միայն հաղթահարեցին համաշխարհային այդ ճգնաժամի հետեւանքները, այլեւ արդեն բռնել են զարգացման ուղին:
Ընդհանրապես, վերջին տարիներին ՀՀ-ում գործազրկության ցուցանիշն այսպիսի փոփոխությունների է ենթարկվել. 2008թ. այն կազմել է 16.4%, 2009թ. 18.7%, 2010թ. 19%, 2016թ. 18% եւ, վերջապես, 2017թ. առաջին կիսամյակին այն կազմել էր 17.8 տոկոս:
Բայց գործազուրկների թվի նվազումն ամենեւին էլ նոր աշխատատեղերի ստեղծման հետեւանք չէ: Այստեղ մեկ ուրիշ ֆենոմեն կա: Հիշում եք նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտնի խոսքերը. «Ի՞նչ անենք, ամեն ինչ անենք, որ մարդիկ չփախչե՞ն, որ այդ կրիտիկական զանգվածը մնա ու հեղափոխություն անի՞»:
Հայաստանում վերջին տարիներին գործազրկության ցուցանիշների նվազումը հենց դրա հետեւանքն է: Պարզապես այս տարիներին աշխատանք փնտրող քաղաքացիներն են հեռացել երկրից` փորձելով արտերկրում աշխատանք գտնելով լուծել ընտանիք պահելու հարցը:
ԱՎԾ վիճակագրության համաձայն` այս տարիների ընթացքում միայն աշխատունակ բնակչության թիվը նվազել է 207 հազարով: Ըստ ԱՎԾ տվյալների` եթե Ս. Սարգսյանի պաշտոնավարման առաջին տարում՝ 2008թ., Հայաստանում աշխատունակ տարիքի մարդկանց թիվը 2 մլն 169.9 հազար էր, ապա արդեն 2016թ. այն դարձել է 1 մլն 962.9 հազար: Իսկ, ընդհանրապես, Սերժ Սարգսյանի պաշտոնավարման միայն վերջին հինգ տարում երկրի բնակչության թվաքանակը նվազել է ավելի քան 302 հազարով:
Այլ կերպ ասած` եթե ՀՀ-ից արտագաղթը նման տեմպեր չունենար, ապա գործազրկության մակարդակը մեզանում շատ ավելի բարձր կլիներ` գերազանցելով անգամ ճգնաժամի տարիների ցուցանիշը:
Տարեթիվ Գործազրկություն Աշխատունակ տարիքի բնակչություն
2008թ. 16.4% 2 մլն 198.6 հազար
2009թ. 18.7% 2 մլն 232.1 հազար
2010թ. 19% 2 մլն 247.1 հազար
2011թ. 18.4% 2 մլն 274.7 հազար
2012թ. 17.3% 2մլն 51.5 հազար
2013թ. 16.2% 2 մլն 34 հազար
2014թ. 17.6% 2 մլն 15.1 հազար
2015թ. 18.5% 1 մլն 987.2 հազար
2016թ. 18% 1 մլն 962.9 հազար
2017թ. 17.8 % /առաջին կիսամյակ/ տվյալները դեռ չկան:
Այնպես որ, որքան էլ իր սկանդալային հայտարարությունից հետո նախկին վարչապետ Տ. Սարգսյանը համոզում էր, թե կատակ է արել, բայց իրականում նա ակամայից խոստովանել է Սերժ Սարգսյանի իշխանության վարած պետական քաղաքականության փիլիսոփայությունը: Համենայն դեպս, այդ են վկայում պաշտոնական ցուցանիշները:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ