Մանկապարտեզներում վախեցնում են տնօրեններին, դաստիարակներին և ծնողներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ավագանու Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել, որում ասվում.

«Մանկապարտեզների հարգելի ծնողներ, դաստիարակներ, դայակներ, տնօրեններ, տեխնիկական անձնակազմի ներկայացուցիչներ

Այս օրերին ինձ տեղեկություններ են հասնում, որ թաղապետարանները, պատկան մարմինների այլ ներկայացուցիչներ Ձեզ ահաբեկում են, թե Երևանի ԵԼՔ խմբակցությունը ստեղծել է Քննող հանձնաժողով, որը բոլորիդ «նստեցնելու է, դատելու է, ջրի երես է հանելու»: Տնօրեններին համատարած զգուշացնում են փաստաթղթերը կարգի բերել, չպատասխանել ԵԼՔ-ի ներկայացուցիչների հարցերին, դաստիարակներն ու դայակները զանգում են ծնողներին` զգուշացնում, հորդորում, խնդրում, որ չասեն, թե որքան գումար են տալիս դրամահավաքների ժամանակ, փոխանցում մանկապարտեզի և «Օգնի՛ր մանկապարտեզիդ» հաշվեհամարներին:

Որպես մանկապարտեզներում առկա բացասական երևույթների բացահայտման համար նախաձեռնված Քննող հանձնաժողովի հեղինակ վստահեցնում եմ, որ ազնիվ աշխատող տնօրենները, դաստիարակները, դայակները, որոնց թիվը շատ մեծ է, որևէ խնդիր չեն ունենալու այս հանձնաժողովի աշխատանքների արդյունքում:

Հանձնաժողովը որևէ մեկին աշխատանքից հեռացնելու լիազորություն չի ունենալու, պարզապես բացահայտված փաստերն ուղարկվելու են պատկան մարմիններին, հրապարակվելու են, որպեսզի բոլորս իմանանք մանկապարտեզ հաճախող երեխաների հոգեկան, ֆիզիկական առողջության համար խնդիրներ ստեղծողների, մանկապարտեզների վարկը գցողների անունները: Այս հանձնաժողովի աշխատանքի արդյունքում շեշտակի ավելանալու է մանկապարտեզների որակը, տնօրենները, դաստիարակները, դայակներն ավելի պաշտպանված են լինելու:

Մենք ուսումնասիրելու ենք նաև մանկապարտեզի աշխատակազմերի խնդիրները` առաջարկ ներկայացնելով նրանց աշխատանքային պայմանների բարելավման համար: Ուստի, կոչ ենք անում տնօրեններին, դաստիարակներին և դայակներին համագործակցել մեզ հետ: Դրանից Դուք միայն շահելու եք:

Սիրելի ծնողներ, գիտակցեք, որ ունեք հնարավորություն բարելավելու ոչ միայն Ձեր երեխայի, այլև եկող սերունդների պայմանները մանկապարտեզներում:

Հավատացած եղեք, որ փաստերի բացահայտումն օգնելու է հենց մանկապարտեզից ունենալ թե՛ ֆիզիկապես և թե՛ հոգեպես առողջ սերունդ, ինչով մեծ ծառայություն մատուցած կլինեք մեր երկրին և կրթական համակարգին: Ուստի, երբ Ձեզ կոչ են անում չխոսել մեզ հետ, չբացահայտել փաստերը, դրանով վնասում են, առաջին հերթին, Ձեր երեխային: Նման զանգերի կամ հորդորների դեպքում խնդրում ենք կապվել մեզ հետ, ձայնագրեք, տեսանկարահանեք այդ փաստերը: Մի վախեցե՛ք, որ Ձեր երեխային դրանով կարող են վնասել, նման բան չի՛ կարող տեղի ունենալ: Նման փորձերի իսկ դեպքում այդ անձինք տարիներով կմնան ուղղիչ աշխատանքային հաստատություններում:




Լրահոս