ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Տարին ինքն իրենով բարենպաստ չէր». որքանով են պաշտոնյաները շրջվել դեպի գյուղացին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի հետ «Ժողովուրդ» օրաթերթը ամփոփեց 2017 թվականը:

-Պարո՛ն Առաքելյան, տարիներ շարունակ ՀՀ կառավարությունները` հատկապես գյուղատնտեսության նախարարների շուրթերով հայտարարել են, որ դեմքով շրջվում են դեպի գյուղացին, սակայն իրականում նախարարների դիրքը ոչինչ չի փոխել գյուղացու կյանքում: Հակառակը` գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալները այս տարվա 11 ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 3,9 տոկոսով նվազել են: Ո՞րն է Ձեր առաջարկած դեղատոմսը` առարկայական, արդյունքներով:

-Իրականում գյուղատնտեսության աճը կամ անկումը պայմանավորված է նաեւ արտաքին գործոններից, ինչպիսին են բնակլիմայական աղետները եւ մեր հարեւան երկրներում ստեղծված տնտեսական իրավիճակը, երբ իրացման հետ կապված խնդիրներ են առաջանում: Այս տարվա անկման հետ կապված մենք խոսել ենք մի քանի անգամ. տարին ինքն իրենով բարենպաստ չէր, ամեն ինչ ունեինք` երկար, ցուրտ ձմեռ, երաշտ եւ ջրի սակավություն, որը բերեց գյուղատնտեսական անկման արդյունքներին: Միշտ լինելու են սուբյեկտիվ պատճառներ` ինչ-որ սեզոնայնության հետ կապված, որը ինչ-որ ժամանակահատվածում կունենա իր ազդեցությունը: Մենք այս տարի չունեինք մթերման խնդիր, մթերման գները ցածր չէին: Ես չեմ կարող ասել, որ մենք շատ վատ ենք գյուղատնտեսության ոլորտում, բայց կան բազմաթիվ խնդիրներ` հողերի չօգտագործելիություն, ֆերմերների ոչ ճիշտ մոտեցումը գյուղատնտեսությանը եւ ոչ բարձր բերքատվություն, ունենք կարկտահարության եւ այլ բնակլիմայական վնասների փոխհատուցման խնդիր:

-Պարո՛ն նախարար, նկատելի է, որ գյուղատնտեսությունն էլ է մենաշնորհների մեջ մխրճվում. շարքային գյուղացու համար հող մշակելը եկամտաբեր չէ, իսկ մեծ ջերմոցներ, այգիներ կամ ցանքատարածություններ ունեցող գործարարները տարեկան միլիոնների եկամուտ են ստանում: Ի՞նչ եք անում` գոնե գյուղատնտեսությունը մենաշնորհներից հեռու պահելու համար:

-Մենք ունենք արդեն նոր մշակվող տեսլական, որը կապված է նաեւ ՀՀ նախագահի կողմից հնչեցված հարցի հետ, որ բնակչությունը պետք է աճի: Իսկ բնակչության աճելու համար մենք պետք է մարզերում, գյուղերում ապահովենք աշխատանք: Ամեն մի ընտանիք պետք է ունենա իր ֆիքսված եկամուտը, որպեսզի մնա գյուղում եւ շարունակի աշխատել եւ զբաղվել գյուղատնտեսությամբ: Իհարկե, պետք է հաշվի առնենք, որ իրենք ունեն փոքր հողատարածքներ եւ մեծ գյուղատնտեսությունով չեն կարող զբաղվել: Դրա համար մենք այդ ընտանիքներին պետք է առաջարկենք այնպիսի մոդելներ, որոնք կապահովեն իրենց այդ եկամուտը: Մենք հիմա հենց դրանով ենք զբաղված, որ այդ բիզնես-մոդելները մշակենք, առաջարկենք գյուղացուն մասնակցել եւ ներգրավվել: Դա կապահովի նրանց մինիմալ եկամուտը, բայց մենք, միեւնույն է, պետք է ունենանք այն խոշորը, որը կմթերի այդ արտադրանքը եւ իր արտադրանքի հետ միասին կարտահանի: Զուգահեռ նաեւ աշխատում ենք այդ մթերող ընկերությունների ստեղծմանը, որը կլինի նաեւ պատվիրատուն այդ փոքր ծրագրերի: Այսինքն` այս տեսլականը թույլ կտա փոքրին աշխատել, մեծին` մթերել: Այդ ծրագրերը մենք ներկայացրել ենք նաեւ Եվրամիությանը, որ աջակցություն ստանանք եւ IFAD-ի հայաստանյան գրասենյակի եւ Եվրոպայում իրենց ներկայացուցիչներից:

-Իսկ ի՞նչ արձագանքներ կան…

-Իրենք բոլորը հաստատել են, ողջունել են: Մենք կդնենք հաստատման, կշրջանառենք, կխոսենք… Մյուս տարի դրա մասին ենք խոսելու:

-Առարկայակա՞ն ենք խոսելու:

-Իհարկե, առարկայական ենք խոսելու:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Շարունակելի

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս