Ժիրայր Սեֆիլյանը կոչով է դիմել Արմավիր ՔԿՀ-ից։ Այն ներկայացնում ենք ստորև։
«Չընկրկել և ավելի մեծ թափով շարունակել ահաբեկչական գաղութատիրությունից ազատագրվելու պայքարը
Սերժ Սարգսյանի գլխավորած ռուսահպատակ ցեղասպան գաղութային վարչակազմը հերթական գրոհն է ձեռնարկել մեր ժողովրդի, հատկապես՝ ազատատենչ երիտասարդության վրա՝ նպատակ ունենալով կանխել ու խափանել ազգային-հոգեբանական զարթոնքը և օրորոցի մեջ խեղդել հասունացող ազգային-ազատագրական պոռթկումն ու ցասումը։
Ռուսաստանակենտրոն գաղութային համակարգը, որն իրականում ահաբեկչական կազմակերպություն է, քանի որ նրա կառավարման հիմնական մեթոդներից մեկն արդիականացված ստալինական ահաբեկչությունն է (մյուս երկուսն են՝ կոռուպցիան և մոլորեցումը), փորձում է դիրքավորվել ահաբեկչության դեմ պայքարի միջազգային հովանոցի տակ և ՀՀ ԱԱԾ կոչվող իր գավառական ստորաբաժանման միջոցով (ինչի վկայություններից է նաև այդ կառույցի ծնունդը տխրահռչակ չեկայի ստեղծման օրը՝ դեկտեմբերի 20-ին, նշելը) իբրև թե ամերիկահայ շրջանակներից ծագած ահաբեկչական սպառնալիք բացահայտելու ու դրա դեմ պայքար ծավալելու անվան տակ ձգտում է լուծել մի շարք խնդիրներ, այդ թվում․
ա) ընդհանրապես՝ համատարած վախ սերմանել ազատախոս հայության շրջանում,
բ) մասնավորապես՝ վախեցնել, լռեցնել և ապագաղութացման ազատագրական պայքարից հեռու պահել արտերկրահայությանը, հատկապես՝ ակտիվ և մեծաքանակ ամերիկահայությանը,
գ) հետապնդվող գործի առիթով բանտարկությամբ և հալածանքի այլ ձևերով սպառնալ և ահաբեկել Հայաստանում բնակվող համարձակ երիտասարդությանը և, այդպիսով, խափանել նրանց մասնակցությունը պայքարին,
դ) օգտագործելով այն հանգամանքը, որ հետապնդվող գործով թիրախավորված ԱՄՆ քաղաքացի Ռոբերտ Քուրքյանը մեր համակիրն է և սոցցանցերում նրա տարածած գաղափարներին հավանություն տվածների մեջ կան Սասնա Ծռերի աջակիցներ, մեկ անգամ ևս փորձել մեզ ներկայացնել որպես ահաբեկիչ՝ դրանով նաև կամենալով քողարկել իր ցեղասպան ու ահաբեկիչ լինելու հանգամանքը,
ե) հերթական անգամ հայերին օգտագործել ռուսական շահերի համար և ցույց տալ, թե իբր ԱՄՆ-ն ահաբեկչություն արտահանող պետություն է։
Վերը նշվածը հաշվի առնելով, Հայրենիքում և արտերկրում բնակվող մեր ժողովրդին, առաջին հերթին՝ ազատատենչ երիտասարդներին, կոչ եմ անում․
ա) նկատի ունենալ, որ ցեղասպան ահաբեկիչների և ահաբեկչական գաղութատիրության դեմ արդարացված և անհրաժեշտ են պայքարի բոլոր, այդ թվում՝ բռնությանը բռնությամբ պատասխանելու, մեթոդները,
բ) անտեսել ռուսաստանակենտրոն գաղութային համակարգի և նրա գավառական ստորաբաժանում ՀՀ ԱԱԾ-ի սպառնալի ջղաձգումները և նոր թափով շարունակել ազատ խոսքն ու ազատագրական պայքարի նպատակով ինքնակազմակերպվելու գործողությունները՝ հետզհետե կոշտացնելով մարտավարությունը և հարստացնելով պայքարի զինանոցը,
գ) ամեն կերպով զորակցել և քաջալերել Ռոբերտ Քուրքյանին և ահաբեկչական գաղութային համակարգի թիրախում հայտնված այլ առաջամարտիկներին։
Անձամբ Ռոբերտ Քուրքյանին և նրա նման համարձակ ու նախաձեռնող երիտասարդներին կոչ եմ անում անսասան մնալ և բարձր պահել պայքարի դրոշը, նկատի ունենալով, որ ահաբեկչական համակարգն առաջին հերթին ձգտելու է ընկճել առաջամարտիկներին և այդպիսով հոգեբանորեն կոտրել մնացածին։
Իսկ ահաբեկչական ռեժիմի պարագլուխ Սերժ Սարգսյանը և իր հրոսակախումբը չարաչար սխալվում են, եթե հույս են տածում, թե հայության և մարդկայնության դեմ կատարած իրենց ոճրագործությունների համար անպատիժ են մնալու և խուսափելու են ազգի դատաստանից։
Այս պահի մեր գլխավոր խնդիրն է՝ ոչ մի թիզ չզիջե՛լ ազատագրական պայքարի ազգային-հոգեբանական տիրույթում, որտեղ մենք կոտրել ենք հակառակորդի դիմադրությունն ու շոշափելի առավելության հասել, և զարգացնել ձեռք բերած հաջողությունը։
Մե՛նք ենք տերը մեր երկրի»։