«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ակցիզային հարկի բարձրացման հետեւանքով դիզվառելիքի եւ սեղմված գազի շուկայում արձանագրված գնաճի հետեւանքներն իրենց երկար սպասեցնել չտվեցին. երթուղայինների վարորդները երեկվանից սկսել են բողոքի ակցիաները: Նրանք պահանջում են կա՛մ ավելացնել տրանսպորտի ուղեվարձը, կա՛մ նվազեցնել իրենց վրա դրված «պլանը», որպեսզի հնարավոր լինի նոր պայմաններում աշխատել: Բնականաբար, քաղաքային իշխանություններն առայժմ զերծ են մնում տրանսպորտի ուղեվարձը բարձրացնելուց, քանի որ առանց այն էլ երկրում համատարած գնաճի դեպքում, երբ բնակչությունը սոցիալապես ծանր պայմաններում է, նման քայլը կարող է պայթյունավտանգ լինել:
Բացի այդ` նրանք աչքի առաջ ունեն նախկինի տխուր փորձը, երբ տրանսպորտի թանկացման դեմ մարդիկ ընդվզեցին` բողոքի ցույցեր անցկացնելով, այնուամենայնիվ, 100 դրամ վճարելով: Իսկ գծատերերը, որոնց մի մասն էլ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներն են՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, իր աներորդի, ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդիները, Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանն ու որդիները, եւ այլք, չեն ցանկանում հրաժարվել գերշահույթներից` երթուղայինների վարորդներին «ծառայեցնելով» իրենց հարստացման գործին:
Երեկ, երբ «Ժողովուրդ» օրաթերթը Հենրիկ Նավասարդյանից հետաքրքրվեց, թե որպես գծատեր, ինչու վարորդների «պլանը չեք իջեցնում», պաշտոնյան նյարդայնացավ. «Դուք սկսում եք ուրիշ բաներ հարցնել, գրավոր հարցերը ուղարկեք… ուրիշ դաշտ եք մտնում բուն թեմաները թողած…»:
Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: