Նախորդ տարվա ավարտը Հայաստանի հարավային հարեւան Իրանում աչքի ընկավ լրջագույն իրադարձություններով, որոնք հղի էին թե՛ այդ պետության, թե՛ տարածաշրջանի ապակայունացման լուրջ վտանգով: Թեպետ այժմ իրավիճակը որոշակիորեն խաղաղվել է, ակնհայտ է, որ Իրանի շուրջ միջազգային իրադրությունը շարունակելու է սրվել, ինչին առաջին հերթին նպաստում է ԱՄՆ 45-րդ նախագահի վարչակազմը:
Թեպետ ԱՄՆ նախագահը հրապարակավ առաջինը աջակցություն հայտնեց Իրանի հոգեւոր վերնախավի դեմ փողոց դուրս եկած ցուցարարներին, սակայն գործնական օժանդակություն վերջիններիս այդպես էլ չցուցաբերվեց: Ի հեճուկս ամերիկյան վերնախավի` ԱՄՆ արեւմտյան դաշնակիցները խիստ զուսպ կեցվածք որդեգրեցին Իրանում ծավալավող իրադարձությունների հանդեպ: Միացյալ Նահանգների հռետորաբանությանը, ինչպես եւ ակնկալվում էր, ներդաշնակեց միայն Իսրայելը։ Կարելի է ասել` այս հարցում նույնպես ԱՄՆ-Իսրայել տանդեմ մնաց միայնակ` չկարողանալով աշխարհին «վաճառել» իր իրավացիությունը: Իսկ հավանականությունը, որ տանդեմը անմասն չէր մնացել Իրանում տեղի ունեցող ցույցերի հրահրումից, բարձր էր: Սակայն Իրանում հեղափոխության այս փորձը չի կարելի դիտարկել արեւմտյան ուժային կենտրոնների ներքին անհամաձայնություններից դուրս, որտեղ միանշանակ վերաբերմունք չկա ինչպես Իրանի հետ հարաբերությունների, այնպես էլ տարածաշրջանի ապագայի վերաբերյալ:
Այդ հակասությունները դրսեւորվեցին ինչպես Իրանի ցույցերին արձագանքելիս, այնպես էլ Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրի ճակատագրի շուրջ: Օբամայի վարչակազմը այնժամ ողջախոհություն դրսեւորեց` հասկանալու, որ Իրանին անհնար կլինի հակել Իրաքի ճակատագրին, եւ ավելի նախընտրելի է փոխզիջումային ճանապարհով աստիճանաբար Իրանը բացել աշխարհի առջեւ, քան անընդհատ առճակատման գնալով` ստանալ մի նոր Հյուսիսային Կորեա: Օբաման դիպուկորեն նկատեց, որ Ռուսաստանին ու Չինաստանին միայնակ թողնելու համար անհրաժեշտ է նրանց զրկել դաշնակիցներից: Եվ ահա դրան նպաստեց նաեւ Հասան Ռոհանիի` իշխանության գալը Իրանում` որպես բարեփոխումներով շահագրգռված ուժերի ներկայացուցիչ:
Այս քաղաքականությունը ընդունեցին եւ սկսեցին անգամ տնտեսական օգուտներ քաղել նաեւ Եվրոպական տերությունները, առաջին հերթին Ֆրանսիան, Գերմանիան ու Միացյալ Թագավորությունը: Սակայն ԱՄՆ նոր նախագահը չընդունեց ինչպես իր նախորդի, այնպես էլ եվրոպական դաշնակիցների տրամաբանությունը` առաջ մղելով Իրանի հանդեպ կոշտ քաղաքականությունը: Առհասարակ, Միացյալ Նահանգներում Իրանի հանդեպ ագրեսիվ ու բացասական ընկալումներն առավել հիվանդագին բնույթ են կրում, քան Եվրոպայում: Այս առումով լիովին հասկանալի է, թե ինչու է Իրանի հետ կնքված համաձայնագիրը հատուկ պայմաններ նախատեսել, որով ԱՄՆ նախագահը ամեն 120 օրը մեկ պետք է հետաձգի Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնումը, հակառակ դեպքում դրանք կմտնեն ուժի մեջ` չեղարկելով այդ երկրի հետագա մասնակցությունը կնքված համաձայնագրի իրագործմանը: Սա մի զիջում էր, որ Օբաման ստիպված էր կատարել իր ընդդիմությանը` հուսալով, որ հաջորդ նախագահները կօգտվեն շարունակական երկարաձգման հնարավորությունից: Սակայն Թրամփը կարծես այստեղ էլ է պատրաստվում օրիգինալ երեւալ:
ԱՄՆ նախագահն օրերս հայտարարել է, որ պատժամիջոցների կիրառման հետաձգումը լինելու է վերջինը, եթե Իրանի հետ միջուկային համաձայնագիրը չվերանայվի: Նա պնդել է, որ առաջիկա չորս ամսվա ընթացքում եվրոպական դաշնակիցների հետ միասին պետք է գտնել Իրանի հետ միջուկային համաձայնագիրը վերանայելու ձեւը, եւ եթե այդ «վերջին շանսն» էլ կորսվի, ԱՄՆ-ն անվարան դուրս է գալու համաձայնագրից:
Հետաքրքիր է, որ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը եւ Թրամփի ազգային անվտանգության խորհրդական ՄըքՄասթերը քանիցս նախագահին խորհուրդ են տվել ձեռնպահ մնալ Իրանի միջուկային համաձայնագրի չեղարկումից: Նրանց հրապարակավ ու մասնավոր հայտարարություններով ձայնակցել են նաեւ համաշխարհային առաջնորդները` Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գլխավորությամբ: Իսկ իրականում ցանկանալով շուտափույթ կերպով չեղարկել համաձայնագիրը` Թրամփը դեռեւս բավարար քաղաքական կապիտալ չունի դրա համար:
Ընդամենը մեկ ամիս առաջ է նա միանձնյա Երուսաղեմը հռչակել Իսրայելի մայրաքաղաք, ինչի համար ենթարկվեց ծանր քննադատության թե՛ իսլամական աշխարհի կողմից, թե՛ եվրոպական դաշնակիցների: Եթե իսլամական պետությունների ագրեսիվ վերաբերմունքին ԱՄՆ-ն սովոր է, ապա եվրոպական դաշնակիցների հետ հարաբերությունների սառնությունն ու միասնական քաղաքականության խզումը նոր երույթ է եւ ամենեւին էլ չի բխում ԱՄՆ-ի շահերից:
Թրամփի հայտարարությունը հակասական արձագանքներ է գտել համաշխարհային ասպարեզում: Եթե վերլուծաբանների մի մասը քննադատում է Թրամփին անհարկի արմատականության համար` կարծելով, որ 120-օրյա վերջնաժամկետով որեւէ դրական արդյունքի հասնել հնարավոր չէ, եւ դա կարող է նոր լարվածության հանգեցնել, մյուս մասն էլ համոզված է, որ դա նոր քննարկումների խթան կլինի ու կհանգեցնի կարեւոր վերանայումների` ի շահ արեւմտյան երկրների: Կարելի է կարծել, որ Իրանում տեղի ունեցածը հենց այս տրամաբանության շրջանակներում է` իբրեւ հստակ մեսիջ այդ երկրի վերնախավին, որ միջուկային համաձայնագրի կամովին վերանայումը առաջին հերթին հենց նրանց շահերից է բխում:
Ակնկալելի է, որ Երուսաղեմի ճանաչումից հետո Թրամփը, Իսրայելի աջակցությամբ, հանդգնելու է նաեւ չեղարկել Իրանի հետ համաձայնագիրը, եթե դրա վերանայման գործընթացը չսկսվի: Այդ դեպքում, սակայն, առաջին հերթին տարածաշրջանը կարող է ընկղմվել այդքան ատելի «կառավարելի քաոսում»` փաստի առաջ կանգնեցնելով բոլորին, այդ թվում` Հայաստանին, որի գերխնդիրը պետք է լինի առավելագույնս թափանցիկ ու բոլոր կողմերի համար ընդունելի չեզոքության պահպանումը: Այլ հարց է, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանը ի վիճակի կլինի ճշգրտորեն ներկայացնել Հայաստանի դիրքորոշումը եւ ընկալելի լինել հակամարտող կողմերի համար:
Ն. Հովսեփյան