ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` ինչպե՞ս պետք է ծոմ պահել: Հնարավո՞ր է ծոմ պահել եւ միեւնույն ժամանակ զատկական Սուրբ Հաղորդություն ստանալ:
Էլեն Ստեփանյան (28 տարեկան, ուսանողուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ծոմապահությունը հիմնականում ըստ ցանկության է: Թեեւ ծոմապահությունը շատ չնչին վերապահումներով պարտադիր է: Երբ պատրաստվում ենք Ս. Հաղորդություն ստանալ, պետք է ծոմ պահել տվյալ օրը` առավոտից: Թույլատրվում է միայն ջուր խմել: Իսկ եթե Ս. Հաղորդություն ստացողը հղի է կամ առողջական խնդիրներ ունեցող մարդ, ապա թույլատրվում է հաց ուտել եւ ջուր խմել: Մնացած դեպքերում ծոմ պահողն ինքն է որոշում` երբ եւ ինչ ժամկետով ծոմ պահել: Սակայն այդ որոշումը պարտադիր պետք է համաձայնեցվի հոգեւորականի հետ` ծոմապահության հոգեւոր խորհուրդն իմանալու համար: Ծոմապահությունն առանց աղոթքի եւ հոգեւոր սննդի անիմաստ կդառնա:
Եթե մարդը առողջ է, ապա կարելի է ուրբաթ երեկոյից պահել ծոմ եւ շաբաթ երեկոյան, Ճրագալույցի Սուրբ Պատարագին մասնակցելով, ստանալ Ս. Հաղորդություն, այնուհետեւ ուտել զատկական ուտեստ: Եթե երկարատեւ ծոմապահություն պահելը բարդ է, ապա կարող եք ծոմ պահել շաբաթ առավոտից եւ հաղորդվել Ճրագալույցի Ս. Պատարագին:
Արարատյան հայրապետական թեմ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նկատենք, որ պահեցողության ժամանակ որոշ առողջական խնդիրներ ունեցող քրիստոնյաներ, խորհրդակցելով քահանայի եւ բժիշկի հետ, կարող են հրաժարվել պահեցողությունից ամբողջությամբ կամ մասամբ: