Վարչապետ Կարեն Կարապետյանը կաշվից դուրս է գալիս` համոզելու, թե իր ղեկավարած կառավարությունը հրաշալի է աշխատել՝ «դմփոց ռեֆորմներով»: Այդ շարքից էր ֆինանսների նախարարությունում նրա երեկվա հանդիպումը, երբ լսելով 2017թ. պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը` հանձնարարել է. «Այն, ինչի համար մենք պատասխանատու ենք հանրության առջեւ, օրենքով հաստատված բյուջեն է, եւ մենք այն գերակատարել ենք, անպայման այդ մասին պետք է իրազեկել հանրությանը: Մենք հաշվետու ենք լինելու այն բյուջեի համար, որն ԱԺ-ում հաստատվել է»:
Ուշադրություն դարձրեք Կարեն Կարապետյանի ձեւակերպումներին. նա հայտարարել է, թե կառավարությունը պատասխանատու է «օրենքով հաստատված բյուջեի համար»: Ու սա այն դեպքում, երբ նույն այդ կառավարությունը սեփական նախաձեռնությամբ փոխել էր «օրենքով հաստատված» բյուջեի եկամուտներն ու ծախսերը, եւ ավելացրել նշաձողը 2016թ. դեկտեմբերի 29-ի որոշմամբ:
Այնպես որ, հիմա պետական բյուջեի հաշարկի համար հիմք են ճշգրտված այդ ցուցանիշները, այլ ոչ թե ԱԺ ընդունած օրենքով սահմանվածը, որ հետագայում փոփոխվել է: Այս հաշվարկի դեպքում կստացվի, որ իրականում 2017թ. պետական բյուջեն ոչ թե գերակատարվել է, այլ թերակատարվել: 2017թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջե հավաքագրված հարկային եկամուտներն ու պետական տուրքերը կազմել են 1 տրիլիոն 156.4 հազար դրամ, մինչդեռ ճշգրտված պլանի համաձայն` պետք է կազմեին 1 տրիլիոն 200.7 մլրդ դրամ: Այնպես որ, գերակատարման մասին որեւէ խոսք լինել չի կարող: Եւ հալվա ասելով` մարդու բերանը հազիվ թե քաղցրանա:
Ի վերջո, որքան էլ կառավարությունը հանրությանն իրազեկի, թե բյուջեն գերակատարել են, դրանից իրերի դրությունը չի փոխվում. քաղաքացին ամեն օր առնչվելով համատարած թանկացումների հետ (բնականաբար, այդ ընթացքում մարդկանց իրական եկամուտները չեն ավելացել)` հազիվ թե բավարարվի նման հայտարարություններով:
Մեկ փաստ էլ, Կարեն Կարապետյանի կառավարության համար սովորական է դարձել ցանկալի արդյունքներ նկարելու համար հաշվարկի մեթոդաբանությունը փոխելը: Մի քանի ամիս առաջ էլ համոզելու համար, թե իրենք ապահովել են խոստացված ներդրումները, հրապարակել էին ցուցանիշներ, որոնք հաշվարկվել էին ոչ թե միջազգայնորեն ընդունված չափանիշներով, այլ բոլորովին ուրիշ մեթոդաբանությամբ: Այդ մասին ժամանակին շատ խոսվեց: Փաստորեն, կառավարությունը նույնկերպ վարվում է նաեւ այս դեպքում: