Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքում գտնվող այգու վերակառուցման ժամանակ հատվել են բազմաթի ծառեր։ ArmLur.am-ը եղել է Երևան քաղաքի Ա.Մյասնիկյանի արձանի ետնամասում գտնվող Իտալիայի, Բեյրութի, Խորենացու և Գ.Լուսավորչի փողոցների սահմաններով պարփակված այգու տարածքում և ֆիքսել արդեն իսկ հատված ծառարմատները։
Երևանի քաղաքապետարանից պարզաբանում են, որ այգում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների շրջանակում, մասնագիտական համապատասխան եզրակացությամբ, հատվել են չոր և ծերացած ծառեր: Միևնույն ժամանակ խոստանում են, որ բարեկարգման աշխատանքների շրջանակում նախատեսված է այգին համալրել քառապատիկ ավել քանակությամբ նոր ու բարձրարժեք ծառերով, որոնք համահունչ են լինելու բարեկարգվող այգուն:
Վերանորագված այգիներն, ինչպես ցույց է տվել փորձը, սովորաբար լինում են ծառազուրկ, սալիկապատված ճեմուղիներով։ Տարված լինելով ավելի բարեկարգ Երևան ունենալու մոլուցքով` Տարոն Մարգարյանը մոռանում է կարևորի՝ մթնոլորտի′ «բարեկարգման մասին», արդյունքում հատվում են բազմաթիվ ծառեր։
Վերջում հավելենք, որ քաղաքապետարանից ավելի վաղ հայտնել էին, որ «Վարդանյան Ընտանիք» բարեգործական հիմնադրամի հետ պայմանագիր է կնքված, որն իր միջոցներով որոշել է բարեկարգել այգին: Հենց այս նույն տարածքում այժմ ծառահատում է իրականացվում:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Հասմիկ Սարգսյան, Հովսեփ Հովսեփյան