ԱՂՄՈՒԿ «ԿՈՒԿՈՒՌՈՒԶՆԻԿ»-Ի ՇՈՒՐՋ ՄԻ ԷՍՔԻԶԻ ՊԱՏՃԱՌՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի խորհրդանիշներից մեկը` Երիտասարդության պալատը, որին քաղաքացիները տվել էին «Կուկուռուզնիկ» անունը, եւ որը համարվում էր խորհրդային շրջանի մոդեռն ոճի լավագույն շենքերից մեկը, 2005-ին քանդվեց, սեփականատերը ոչնչացրեց նաեւ շենքի մոտակայքում գտնվող 4 հա տարածությամբ բլուրը: 2010-ին այս տարածքում նոր շենք կառուցելու մրցույթ հայտարարվեց: Ներկայացված աշխատանքներից ընտրվեց ճապոնացի ճարտարապետ Կիոկազու Արայիի ներկայացրած առաջարկը: Արայիի ներկայացրած նախագիծը ներառում էր «ԻնտերԿոնտինենտալ-Հայաստան» հյուրանոցային համալիր, միջազգային գործարար կենտրոն, բնակարանային համալիր: Ինչ-ինչ պատճառներով, սակայն, նախագիծն այդպես էլ չիրագործվեց: Մի առիթով ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը նույնիսկ նշել է. «Բազմիցս ասել եմ, որ այս պատմության միակ դրական կողմն այն է, որ իրականություն չդարձավ այդ նախագիծը, քանի որ այն իր չափերով տվյալ տեղի եւ դիրքի համար օտար նախագիծ էր»:

Այս ամենից հետո Երիտասարդության պալատի ճակատագրի շուրջ խոսակցությունները դադարեցին: Վերջերս, սակայն, հանրության շրջանում աղմուկ բարձրացավ, երբ լուրեր տարածվեցին, որ «Ասք» ընկերությունը պատրաստվում է Երիտասարդական պալատի տեղում նոր շենք կառուցել` «Խաչ Երեւանի համար»: Շատերը դա համարեցին անճաշակ նախագիծ: Թե ինչ նախագծի մասին է խոսքը, կամ արդյո՞ք եղել է որեւէ պատվիրատու, «Ժողովուրդ»-ը պարզեց «Ասք» ընկերության հիմնադիր Հայկ Կարապետյանից: Վերջինս տեղեկացրեց, որ որեւէ մեկն իրեն չի պատվիրել կազմել կամ իրականացնել այդ նախագիծը. «Տվյալ էսքիզն արվել է շուրջ ութ տարի առաջ, երբ տվյալ տարածքում նոր շենք կառուցելու մրցույթ հայտարարվեց: Ընկերս առաջարկեց ինձ մասնակցել մրցույթին: Մենք արեցինք այդ էսքիզը, սակայն ինչ-ինչ պատճառներով այդպես էլ չմասնակցեցինք մրցույթին: Հետո արդեն հայտնի դարձավ, որ ընտրվել է ճապոնացի ճարտարապետի աշխատանքը: Ի դեպ, բացի հանրության ուշադրության կենտրոնում հայտնված էսքիզից` ես արել եմ մեկ այլ տարբերակ եւս. հաշվի առնելով, որ խաչը կարող է դուր չգալ մահմեդական երկրներից ժամանած զբոսաշրջիկներին, դրա փոխարեն առաջարկել էի կառուցել շրջանաձեւ ապակի: Հիմա, երբ չգիտեմ ում ձեռքով խաչով տարբերակը հայտնվել է համացանցում, շատերը սկսել են քննադատական կարծիքներ արտահայտել: Ես չէի սպասում, որ Հայաստանում ավելի շատ մահմեդական կա` խաչից վախեցող»,-մեկնաբանեց նա: Երիտասարդության պալատի ճակատագրի մասին զրուցեցինք նաեւ ճարտարապետ Անահիտ Թարխանյանի հետ: Նա հույս ունի, որ «Կուկուռուզնիկը» մի օր վերականգնվելու է. «Դրա համար պետք է անենք ամեն ինչ, հատկապես, որ վերականգման եւ արդիականացման համար բոլոր նախադրյալները կան: Ես` որպես ճարտարապետ եւ որպես Երիտասարդության պալատի համահեղինակներից մեկի` Արթուր Թարխանյանի դուստր, մի քանի ճարտարապետների հետ առաջարկել եմ պալատի վերականգնման նախագծի մի քանի տարբերակ»,-տեղեկացրեց մեր զրուցակիցը:
Ճարտարապետի խոսքով` նախնական նախագծի համաձայն` Երիտասարդության պալատի յուրաքանչյուր հարկի բարձրությունը պետք է կազմեր 3 մետր: Բայց քանի որ 1970-ականներին բոլոր ծախսերը լիմիտավորված էին, հարկայնությունն իջեցրել են: Հիմա տիկին Թարխանյանն առաջարկում է շենքը վերականգնել նախկին գծագրերի համաձայն` ամեն հարկը 3 մետրի սկզբունքով:
«Հայրս շատ էր ափսոսում, որ հարկերի բարձրությունը կրճատվեց: Եթե գտնվի ներդրող, ով կցանկանա տվյալ տարածքում հյուրանոց կառուցել, մեր նշած տարբերակը բավական շահեկան կլինի»,-եզրափակեց ճարտարապետը:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

«ՉԵՄ ՀԱՆԴՈՒՐԺԻ ՏԳԵՏ ՏՂԱՄԱՐԴՈՒՆ»

«Ժողովուրդ»-ը բլից հարցազրույց է անցկացրել «Խաղ իմ կանոններով», «Իմ փոքրիկ փեսացուն» ֆիլմերից, «Եռաչափ սեր», «Երեք կյանք», «Կյանքից առավել» եւ մի շարք հեռուստասերիալներից, «Outdance» պարային սիթքոմից հայտնի դերասանուհի Լիա Զախարյանի հետ: Մենք զրուցել ենք նրա նախասիրությունների, մարդկային հարաբերությունների, լավ ընկերոջ, տղամարդուն բնորոշ որակների եւ այլ թեմաների շուրջ: Դերասանուհին տվել է անկեղծ, դիպուկ եւ երբեմն էլ անսպասելի պատասխաններ:

-Լիա՛, Ձեր` ներկայիս ամենամեծ երազանքը:
-Ճամփորդելը:
-Մարդկանց մեջ Ձեզ համար ցուցիչ կարող է լինել…
-Խոսքը, այն, թե ինչպես է արտահայտվում:
-Ձեզ առանձնակի հմայք է հաղորդում…
-Իմ ժպիտը:
-Որակ, որ ունեք եւ որով Դուք հպարտանում եք:
-Ներողամտությունը:
-Բնավորության գիծ, որը կցանկանայիք Ձեր մեջ փոխել:
-Չափազանց վստահող եմ:
-Ամենասիրելի գույնը:
-Մանուշակագույնի բաց երանգները:
Գրող, որը շշմեցրել է Ձեզ:
-Դենիս Ֆոնվիզինը` իր «Տհաս»-ը ստեղծագործությամբ:
-Ներկայացում, որը շատ է դուր եկել:
-«Հիշատակման աղոթք»-ը` Ստանիսլավսկու անվան թատրոնում:
-Ձեր կյանքի կարգախոսը:
-Ես չգիտեմ, թե ինչ պետք է անեմ հիմա, բայց ես շատ լավ գիտեմ, թե ինչ չպետք է անեմ հիմա:
-Մի գիծ, որ տղամարդու մեջ երբեք չեք հանդուրժի:
-Տգիտությունը:
-Մանկությունից եկած ցանկություն, որը դեռ չի կատարվել:
-Միշտ ուզեցել եմ կարեւոր մարդ դառնալ, թողնել անուն եւ իմ մասին հիշողություններ, հուսամ` կստացվի:
-Անցյալի, ներկայի, թե՞ ապագայի մարդ եք:
-Ներկայի:
-Այս երեքից ո՞վ կդառնա Ձեր ընկերը` կատակասերը, անկեղծը, թե խելացին:
-Խելացին:
-Դերասան, որի երկրպագուն եք:
-Բենեդիկտ Քամբերբեչ. ես անդավաճան սիրով եմ սիրում նրան (ծիծաղում է):
-Մի բան, որ նյարդայնացնում է Ձեզ շոու-բիզնեսում:
-Կեղծիքը:
-Եվ վերջում` իմ հարցերից ո՞րը Ձեզ ամենաշատը դուր եկավ:
-Ընկերների ընտրության մասին հարցը:

Զրուցեց ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆԸ

 

 

ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Արցախի՝ չորս երեխա ունեցող ընտանիքները 4000-ական ԱՄՆ դոլարին համարժեք դրամական աջակցություն կստանան ռուսաստանաբնակ բարերար Սամվել Կարապետյանի կողմից: Արդեն 2-րդ տարին է, որ բարերարը միացել է նաեւ Արցախում ծնելիության խթանման ծրագրին: Նշենք, որ փետրվարի 3-ին տեղի կունենա համերգ-միջոցառում՝ նվիրված այդ իրադարձությանը:
Միջոցառմանը ներկա են լինելու Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, «Տաշիր» խմբի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, ինչպես նաեւ շահառու բոլոր ընտանիքների ներկայացուցիչները:
Ի դեպ, բարերարն այսուհետ Արցախում նախատեսված բոլոր ծրագրերը կյանքի է կոչելու հենց «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով:




Լրահոս