Սնանկության գործով կառավարիչ Լեւոն Ամիրխանյանը կալանավորվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից սնանկության գործով կառավարիչ նշանակված Լեւոն Ամիրխանյանը կալանավորվել է: Ավելին` կառավարչին մեղադրանք է առաջադրվել` կաշառք ստանալու եւ ապօրինին զենք պահելու համար:

Եվ այսպես` նախաքննությունը իրականացնող մարմինը բացահայտել է որ «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ինքնակարգավորվող կազմակերպության անդամ Լեւոն Ամիրխանյանը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ նշանակվել է ՀՀ քաղաքացի Արթուր Սարկիսյանի սնանկության գործով կառավարիչ: Թեեւ նա պետք է իրականացներ վերապահված գործողությունները, սակայն բացահայտվել է, որ Արթուր Սարկիսյանի օգտին գործողություններ կատարելու` սնանկության վարույթի ավարտի մասին դատարան միջնոդություն ներկայացնելու համար վերջինիս ներկայացուցիչ Վարդան Հայրապետյանից պահանջել եւ 2017թ. նոյեմբերի 15-ին «Ազնաուր» սրճարանում որպես առեւտրային կաշառք ստացել է 275 հազար դրամ:

Եվ ահա այս արարքի համար Լեւոն Ամիրխանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 200 հոդվածի 3-րդ մասի` առեւտրային կաշառք ստանալը պատժվում է առավելագույնը երեք տարի ժամկետով կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով: Սակայն այսքանով ամեն ինչ չի ավարտվում. Լեւոն Ամիրխանյանին նաեւ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի առաջին մասի` ապօրինի կերպով հրազեն կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը պատժվում է կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, հատկանիշներով:

Ըստ էության իրավապահները կաշառք ստանալու դեպքից հետո խուզարկել են կառավարչի բնակարանը եւ այնտեղ ապօրինի զենք են հայտնաբերել, ասել է, թե կարկուտը ծեծած տեղն է ծեծում: Արդյունքում այս բացահայտումներից հետո Լեւոն Ամիրխանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քնար Մանուկյան




Լրահոս