Լուսանկարն արվել է Ազգային Ժողովում
Երեկ ԱԺ-ի աշխատակիցները մեծ ջանասիրությամբ եւ արագությամբ փոխում էին ԱԺ-ի քվեարկության համար նախատեսված տարածքի լուսամփոփները: Հավանաբար նրանք արագ կազմակերպել են լուսավորության հարցը` հետագայում խոսակցություններից խուսափելու համար, թե պատգամավորների համար մութ է եղել, եւ նրանք սխալ են քվեարկել: Հիշեցնենք, որ մարտի 2-ին ԱԺ-ում կկայանա ՀՀ 4-րդ նախագահի ընտրությունը, եւ նրանք ահա այսպես պատրաստվում են այդ օրվան:
ՀԱՐՑ. Եթե անձը դիմել է բժշկասոցիալական փորձաքննության մարմին` հաշմանդամություն ստանալու համար, ապա ի՞նչ ժամկետ է պահանջվում, որպեսզի հաշմանդամ չճանաչելու մասին որոշումը հանձնվի դիմողին:
Սուսաննա Վարդանյան (59 տարեկան, մանկավարժ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Վարդանյանի հարցին ի պատասսխան` տեղեկացնում ենք, որ հանձնաժողովի նախագահը բժշկասոցիալական փորձաքննություն անցած անձի կամ նրա ներկայացուցչի ներկայությամբ հրապարակում է հանձնաժողովի որոշումը:
Անձին հաշմանդամ չճանաչելու մասին հանձնաժողովի որոշումը եռօրյա ժամկետում հանձնվում է դիմողին կամ նրա ներկայացուցչին:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ 1-ին խմբի հաշմանդամներին եւ «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցողներին հաշմանդամությունը սահմանվում է երկու տարի ժամկետով: 2-րդ եւ 3-րդ խմբի հաշմանդամներին հաշմանդամությունը սահմանվում է մեկ տարի ժամկետով:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` դեղերի դրոշմավորման համար դրոշմապիտակներ ստանալու համար ո՞ւմ պետք է դիմել: Եվ կցանկանայի իմանալ` եթե ընկերությունը զբաղվում է դեղերի արտադրությամբ, որոնց համար սահմանված կարգով ձեռք է բերել դրոշմապիտակներ, ապա հնարավո՞ր է դրոշմապիտակների ձեռքբերման համար վճարված գումարները ետ ստանալ կամ հաշվանցել այլ պարտավորությունների հաշվին:
Լորետա Միքայելյան (39 տարեկան, հաշվապահ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքի hոդված 9.3-ի 1-ին կետի համաձայն` պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրող եւ ԵՏՄ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծող անձինք մինչեւ այդ ապրանքների օտարումը դրոշմապիտակները ձեռք են բերում իրենց հաշվառման հարկային տեսչությունից:
Նշենք նաեւ, որ ՀՀ-ին տարածք պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ ներմուծող անձինք (բացառությամբ ԵՏՄ երկրներից ներմուծողների) դրոշմապիտակները ձեռք են բերում իրենց հաշվառման մաքսատնից մինչեւ այդ ապրանքների օտարումը:
Միաժամանակ հայտնում ենք, որ համաձայն «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքի hոդված 9.6-ի` ՀՀ-ի տարածքում իրացված ապրանքների դրոշմավորման համար օգտագործված դրոշմապիտակների ձեռք բերման համար վճարված գումարը (բացառությամբ այն դրոշմապիտակների ձեռք բերման համար վճարված գումարների, որոնք չեն օգտագործվել եւ չեն վերադարձվել) հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացվող, վերադաս հարկային մարմնի կողմից սահմանված ձեւով դիմումի հիման վրա հաշվանցվում է հարկային պարտավորությունների դիմաց:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ դեղերի վաճառքն իրականացվում է դեղատների միջոցով: Ի դեպ, գնորդին (սպառողին) վաճառված պատշաճ որակի դեղերը ենթակա չեն փոխարինման եւ վերադարձման: