Կիրակի կայացավ 5 տարի սպասված «Սայաթ-Նովա» օպերայի պրեմիերան` 60-ականներից հետո: Սակայն ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկա չէր: Հիշեցնենք, որ այս բեմադրության համար դեռեւս 2006-ին ՀՀ մշակույթի նախարարությունը կառավարության պահուստային ֆոնդից շուրջ 14 մլն դրամ էր ստացել: Այսինքն` այս ծրագիրն իր կարեւորությամբ այնքան մեծ էր, որ նախարարության համար անհրաժեշտ էր եղել պահուստային ֆոնդից գումար հատկացնել` չսպասելով տարեկան հաստատվելիք բյուջեին: Եվ այսպես, ի՞նչ եղավ: ՀՀ Վերահսկիչ պալատը 2009-ին ստուգումներ կատարեց ՀՀ մշակույթի նախարարությունում եւ հայտնաբերեց, որ տրամադրված միլիոնները նպատակային չեն ծախսվել: Խնդիր դրվեց փոշիացված գումարները վերադարձնել ՀՀ պետբյուջե: Սակայն նախարար Հասմիկ Պողոսյանն ամեն ինչ արեց Սերժ Սարգսյանին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին համոզելու համար, որ «Սայաթ-Նովա» օպերայի բեմադրությունը խիստ կարեւոր է: Նա խնդրեց ժամանակ տալ բեմադրությունը կազմակերպելու համար: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով «Սայաթ-Նովա»-ն պետք է բեմադրվեր 2010թ-ի դեկտեմբերին, որը հետաձգվեց, հետաձգվեց` հասնելով 2011-ի մարտի 6:Եվ այսպես, մենք էլ որոշեցինք դիտել այդքան սպասված ու թանկարժեք օպերան, որը, բացի պետբյուջեից արված հատկացումներից, նաեւ հովանավորններ ուներ` ի դեմս «Վալլեքս գրուպ»-ի, «Թոուեր», «Արփա-Սեւան», «Դար» ընկերությունների եւ «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի: Առաջին տպավորությամբ ամեն ինչ արվել էր` հնարավորինս լավ կազմակերպելու համար: Բայց որպես հանդիսատես նկատեցինք, որ թերություններն ավելի շատ էին: Նախ` դահլիճի մուտքի մոտից ընդառաջ էին գալիս տարբեր կանայք` օպերայի գործողությունների մասին պատմող բուկլետները ձեռքներին: Մենք եւս խնդրեցինք տրամադրել: Պարզվեց` 300 դրամ արժեր: Նման բան չկար «Աիդա» օպերայի ժամանակ: Նստեցինք` սկսելով ուսումնասիրել ներկաներին: Ծանոթ դեմքեր չգտնվեցին, ինչպես լինում է «Շարմ»-ի կազմակերպած միջոցառումների ժամանակ: Րաֆֆի Հովհաննիսյանին տեսանք` տիկնոջ հետ: Նա, սովորության համաձայն, մարդկանց մեկիկ-մեկիկ բարեւում էր ձեռքով: Ներկա էին եւ մի քանի մտավորականներ: Բոլորն էլ մեծ սպասումներով էին եկել: Եվ բացվեցին բեմի 3 վարագույրները: Բավականին աշխույժ մթնոլորտով սկսվեց առաջին արարը` մեյդանը: Սակայն ուշադրության եւ լսողության գերհզոր կարողություններով պետք է օժտված լինեինք, որպեսզի օպերա երգող հիմնականում երիտասարդների մեղեդային բառերը հասկանալի լինեին: Ներքեւից հնչող օրկեստրի ձայնն ավելի բարձր էր եւ թույլ չէր տալիս բեմից մի քանի շարք հեռու նստածներին հասկանալ օպերան: Միայն Սայաթ-Նովայի եւ իր Աննայի ձայներն էին համեմատաբար լսելի: Ինչ վերաբերում է բեմին, ապա երեւում էր, որ լուրջ աշխատանք էր տարվել: Միայն անհասկանալի էր Հերակլ թագավորի հյուրերի տեսարանից հետո բեմին իջնող ծառերի մասը:Մի խոսքով, «Սայաթ-Նովա» օպերան կայացավ, սակայն զարմանալի էր, որ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հետ կառավարության օթյակում նստած չէր: Սովորաբար տիկին Պողոսյանը անգամ «Շարմ»-ի կազմակերպած միջոցառումներին է մասնակցում, եւ առնվազն տարօրինակ էր նրա բացակայությունը այդքան խոչընդոտներ հաղթահարելուց հետո բեմադրված, բացառիկ կարեւորությամբ օպերայից:Երեկ մենք չկարողացանք ճշտել նախարարի բացակայության պաշտոնական պատճառը, քանի որ օրը ոչ աշխատանքային էր, ինչպես այսօր:ԱՐՓԻՆԵ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ՕՊԵՐԱՆ ԲԵՄԱԴՐՎԵՑ, ԻՍԿ ՆԱԽԱՐԱՐԸ ՉԿԱՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ