Շիրակի մարզի դատախազությունը տեղական սերմարտադրողներից և ՌԴ-ից աշնանացան ցորենի սերմնացուի ձեռքբերման և բաշխման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակի ուսումնասիրման ժամանակ հայտնաբերել է չարաշահումներ: Հարուցված քրեական գործի շրջանակներում պաշտոնական դիրքի չարաշահման հատկանիշներով ձերբակալվել է երկու նախկին գյուղապետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին մարտի 29-ին ասուլիսում հայտնեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:
«Ուսումնասիրություն կատարվել է մարզի 47 համայնքում, որից 17-ում ակնհայտ խախտումներ են հայտնաբերվել: 2018 թվականի մարտի 27-ին հարուցվել են քրեական գործեր Շիրակի մարզի Անի համայնքի Իսահակյան բնակավայրի ներկայացուցիչ Արտավազդ Արսենյանի (նախկին Իսահակյանի գյուղապետ) և Շիրակի մարզի Ամասիա համայնքի Մեղրաշատ բնակավայրի ներկայացուցիչ Վահրամ Սաղաթելյանի (Մեղրաշատի նախկին գյուղապետ) նկատմամբ՝ պաշտոնական դիրքի չարաշահման և առանձնակի խոշոր չափի՝ 3 մլն դրամից ավելի գումարի յուրացման փաստով»,-ասաց նա:
Գումարի հափշտակման, պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքով ևս երեք քրեական գործ է հարուցվել: Վերը նշված համայնքների նախկին ղեկավարները, նպատակ ունենալով աշնանացան ցորենի բաշխման գործընթացում հափշտակել համայնքների բնակիչների հասանելիք սերմացուն կամ գումարը, 2012-2016 թվականների ընթացքում Մեղրաշատ համայնքի 23 և Իսահակյան համայնքի 8 բնակիչների տվյալներ ներառել են պետական աջակցության ծրագրի շրջանակներում տրամադրվող աշնանացան ցորենի սերմացուի բաշխման ցուցակներում: Մի մասից էլ գանձելով համապատասխան գումարները՝ նրանք չեն փոխանցել պետական բյուջե: