Սերժ Սարգսյանն ընտրողների հույսին չի մնացել. նա վաղուց լուծել է իր ցմահ կառավարման հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ում նախագահական վարչակազմի ներսում շարունակվում են քաոսային տրամադրությունները: Դրանց առաջնային պատճառը ինքը` նախագահն է, իսկ երկրորդը` նրա կադրային քաղաքականությունը: Խոսքը հատկապես վերաբերում է Թրամփի փեսա Ջարեդ Քուշներին, որի հնարավորությունները սահմանափակելու ուղղությամբ ջանք չի խնայում նախագահի աշխատակազմի ղեկավարը, իսկ Թրամփը կարծես չի կարողանում նրան պաշտպանել:
Թրամփի երդմնակալությունից ի վեր Քուշները հսկայական ազդեցություն էր ձեռք բերել ԱՄՆ գործադիր իշխանությունում:

Հավասարը հավասարի պես կարող էր վիճել նախագահի աշխատակազմի, քարտուղարների, խորհրդականների հետ, ազատորեն ծանոթանալ միայն նախագահին հասու տեղեկություններին, հրահանգներ իջեցնել եւ այլն: Եվ այդ ամենն այն պայմաններում, որ նրա հասանելիությունը գաղտնի տեղեկություններին ժամանակավոր բնույթ էր կրում: Մամուլը բազմիցս է գրել այն մասին, որ Քուշները լուրջ հակասություններ ուներ Թրամփի աշխատակազմի նախկին ղեկավար Փրայբուսի, հատուկ խորհրդական Բեննոնի եւ այլոց հետ: Անգամ տեղեկություններ կային, որ Քուշներն էր սադրել Թրամփին անմտորեն պաշտոնանկ անել ՀԴԲ-ի տնօրեն Ջեյմս Քոմիին: Եվ ահա այժմ Քուշների ազատությունների վերջը կարծես եկել է: Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավար, պաշտոնաթող գեներալ Ջոն Քելլիի կարգադրությամբ Քուշների հասանելիությունը գերգաղտնի տեղեկություններին վերացել է: Կարգապահության հանդեպ սկզբունքային մոտեցում ունեցող Քելլին կարողացավ հասնել նրան, որ Թրամփի փեսան զրկվեց այդ լուրջ արտոնությունից:

Իսկ վերջինս թույլ էր տալիս տեսնել նախագահին ամենօրյա ռեժիմով ներկայացվող գերգաղտնի զեկուցագրերը, ռազմական ու անվտանգային բնույթի այլ նյութերը: Քելլի քաղաքականությունն ու Սպիտակ տանը կարգուկանոն հաստատելու քայլերը ուղղակիորեն հարվածեցին Քուշների դիրքերին` ի հեճուկս նախագահի փեսան լինելու հանգամանքի: Հետաքրքիր է, որ Թրամփը չխառնվեց իր փեսայի արտոնության վերացման գործին եւ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք Քուշների համար բացառություն կարվի, նկատել էր, որ կարվի այնպես, ինչպես կորոշի Քելլին: Թրամփը, որը ձգտում է կոտրել բյուրոկրատական ամենատեսակ տաբուները, այս անգամ ստիպված եղավ ենթարկվելու խաղի ընդունված կանոններին եւ չմիջամտեց հօգուտ իր փեսայի: Կարծիք կա, որ նա հարկադրված է եղել ձեռնապահ մնալ միջամտությունից, քանզի Քելլին նույնպես կարող էր հրաժարական տալ, ինչը հաստատապես վնասակար կլիներ հրաժարականների կաթսա հիշեցնող Թրամփի 1-ամյա նախագահության համար: Հավանական է նաեւ, որ Թրամփը որոշակիորեն հիասթափված է սեփական փեսայից, որի խորհուրդները նրան կարծես խոշոր հաջողություններ չեն բերել:

Ինչպես արդեն նշվեց` Քուշների խորհրդով Քոմիի ազատումը նոր սեւ ամպեր կուտակեց Թրամփի գլխին` հակառակ սպասվածին ոչ միայն չվերացնելով ռուսական հետքի շուրջ հետաքննությունը, այլեւ հանգելով հատուկ դատախազի նշանակմանը: Քուշները թեպետ հաջողությամբ ավարտեց Սաուդյան Արաբիայի հետ ռազմական առեւտրային գործարքը եւ միլիարդավոր դոլարների եկամուտ ապահովեց ԱՄՆ-ի համար` միաժամանակ ռազմապես կախվածության մեջ գցելով սաուդցիներին, սակայն վերջին օրերին այս առումով հայտնվեց մի նոր սկանդալի մեջ: Դեռ անցյալ տարվա հոկտեմբերին Քուշները այցելել էր Էլ-Ռիադ եւ օրեր անցկացրել Սաուդյան Արաբիայի արքայազն Մոհամմեդ բին Նայեֆի հետ:

Ըստ մամուլի հրապարակումների` նրանք խիստ մտերիմ հարաբերությունների մեջ են: Սակայն ոչ թե զարմանալի է երկու «արքայազնների» ընկերությունը, այլ այն հանգամանքը, որ մինչ Քուշների ժամանումը Ռիադ, Թրամփին էր ներկայացվել գերգաղտնի զեկույց Սաուդյան Արաբիայի ներիշխանական շրջանակների մասին` անուն առ անուն նշելով այն անձանց, որոնք կարող էին հավակնել գահին կամ ինչ-ինչ հարցերում ընդդիմանալ թագավորին:

Եվ ահա Քուշների վերադարձից մեկ շաբաթ անց արքայազն Մոհամմեդը «հակակոռուպցիոն» արշավի շրջանակներում ձերբակալեց իր հակառակորդներին, որոնց թվում էին նաեւ ԱՄՆ ԿՀՎ-ի վերոնշյալ զեկույցում հայտնված անձինք: Եվ եթե հաշվի ենք առնում հանգամանքը, որ Քուշները այդժամ իրավունք ուներ կարդալու գերգաղտնի զեկույցները, կարծես ավելի հավանական է դառնում, որ հենց նա է եղել տեղեկատվության փոխանցողն ու Սաուդյան Արաբիայում ներիշխանական զտումների հրահրողը: Նույնիսկ հավանական է, որ այդ ամենը կատարվել է Թրամփի համաձայնությամբ եւ ինչ-որ տեղ անգամ հանդիսացել է ԱՄՆ արտաքին քաղաքականության բաղկացուցիչ մասը` որոշ զիջումներ կորզելու Սաուդյան Արաբիայից այլ հարցերում: Սակայն նույն Սաուդյան Արաբիայի արքայազնը, ըստ մամուլի համառ հրապարակումների, մասնավոր զրույցներում հայտարարել էր, որ Քուշներն իր գրպանում է` նկատի ունենալով, որ ցանկացած հարց կարող է լուծել նրա միջոցով: Եվ այս հայտարարությունը լուրջ դժգոհությունների տեղիք տվեց ԱՄՆ-ում` մտահոգություններ առաջացնելով առ այն, որ նախագահական վարչակազմում Թրամփի ամենաթողությունը եւ Քուշների անփորձությունը կարող են վտանգել ԱՄՆ շահերը: Թերեւս այդ ահագնացող միտումներով պայմանավորված` Թրամփը չմիջամտեց իր փեսայի արտոնություններից զրկվելու գործին:

Այստեղ է դրսեւորվում ԱՄՆ-ի համակարգային պետություն լինելու փաստը, երբ նախագահը անկարող է անձնական քմահաճույքով պաշտպանել իր մերձավորներին: Մինչդեռ Հայաստանում Սերժ Սարգսյանը խնդիր չունի իր սիրելի օլիգարխներին պատժից կամայականորեն ազատելու, հանցագործ համայնքապետերին ներելու, իր ենթակաների ապօրինությունների նկատմամբ աչք փակելու, մարտի 1-ի սպանությունների բացահայտումը ծածկադմբոցի վերածելու եւ այլն: Իսկ այս տարբերությունների ակունքը արդար ընտրական համակարգն է, քանզի Թրամփը քաջ գիտակցում է, որ հաջորդ ընտրություններին կարող է չստանալ ընտրողների վստահության քվեն, մինչդեռ Սերժ Սարգսյանը վաղուց լուծել է իր ցմահ կառավարման հարցը:

Ն.Հովսեփյան




Լրահոս