Զինհաշմանդամին 1-ին կարգ տալու համար խորհուրդ են տալիս հոգեբուժարան տեղափոխել. ինչ է պատմում մայրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զինհաշմանդամ Ազնավուր Բալեյանի մայրը՝ տիկին Ամալյան, ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ առանց զգուշացման իրենց տուն են այցելել բժշկական կենտրոնի աշխատակիցներ եւ ստուգումներից հետո հայտարարել, թե  իր որդու հաշմանդամության կարգը փոխում են:

«2017 թվականի դեկտեմբերին երեխային 1-ին կարգի հաշմանդամության կարգ էին տվել: Փետրվարին ինձ զանգահարեցին, ասացին, որ խնդրեմ` մեզ կդիմավորեք, գալիս ենք ձեր տուն: Այնպես է, որ մարդիկ զանգահարում են, ցանկություն են ունենում` երեխային տեսնելու, գալիս, տեսնում են: Դիմավորեցի, բերեցի տուն, երեխային քայլեցրեցին, ձեռքը թույլ էր, ընդհանրապես չէր աշխատում. դեղորայքն ուզեցին տեսնել, բերեցի, տվեցի: Հետո հարցրեցի ովքեր են, ասացին՝ վայ մոռացանք ասեինք, երեխայի կարգն ենք իջեցնում, մենք բժշկուհիներ ենք»,- պատմեց մայրը:

Տիկին Ամալյան նշեց, թե բժշկուհիները պարզաբանել են, թե առաջին կարգ կարող են ստանալ միայն անաշխատունակ մարդիկ: «Ասացի, որ այս երեխայի ձեքը չի աշխատում, ոտքը չի աշխատում, ինչպես է աշխատունակ: Իրենք գնացին, մի քանի օր հետո երեխան մեկ օրվա մեջ երկու ուժեղ ցնցում տարավ»,- նշեց նա: Ազնավուր Բալեյանի ընտանիքը Գավառում է ապրում եւ տիկին Ամալյայի խոսքով, շտապօգնության աշխատակիցները նրան Երեւան տեղափոխելու համար 50 հազար դրամից ավելի գումար էին պահանջել: «Զանգեցի այդ կանանց, ասացի՝ Աստված կանչի, որ իմ երեխային բան չլինի: Տղայիս ասել էր՝ գնացեք հոգեբուժարանից թուղթ բերեք, երեք հոգեբույժ ստորագրած լինի, որ ինքը հոգեկան շեղումներ  ունի, որ կարողանա առաջին կարգը վերանայել»,- հավելեց նա:

Տիկին Ամալյան նշեց, թե ընդամենը երեք ամիս է իր տղան առաջին կարգի հաշմանդամ համարվել եւ գումարը ստացել են, սակայն այսուհետ երկրորդ կարգի հաշմանդամ է համարվելու եւ այդ կարգին համապատասխան գումար ստանալու:

 




Լրահոս