Ոռոգման սեզոնին ջրի սակավաջրության հարցը շարունակում է մնալ օրակարգում. ինչ մտահոգություններ ունեն գյուղացիները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոռոգման սեզոնին ջրի սակավաջրության հարցը շարունակում է մնալ օրակարգում: Թեեւ գործադիրը սկսել է քայլեր իրականացնել այս խնդրի լուծման ուղղությամբ, բայց գյուղացիները մտահոգություններ ունեն, որ դրանք կուշանան:
«Ժողովուրդ» օրաթերթը օրեր առաջ գրել էր, որ ջրային տնտեսության պետական կոմիտեն դիմելու է կառավարություն եւ պահանջելու է հատկացնել 1 մլրդ դրամ: Նշված գումարով նախատեսում է խորքային նոր հորեր հորատել եւ հները վերականգնել: Եւ մոտ 200 մլն դրամ կծախսվի` շարժական պոմպակայան ձեռք բերելու համար: Նշենք, որ ջրպետկոմը կանխատեսվող սակավաջրության մեղմման համար նախատեսում է իրականացնել Արարատյան դաշտի 26 համայնքներում խորքային թվով 38 նոր հորերի հորատման, ինչպես նաեւ գոյություն ունեցող թվով 17 հորերի վերականգնման աշխատանքներ: Այսպես` «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ կառավարությունը առաջիկայում ջրային տնտեսության պետական կոմիտեին կհատկացնի մոտ 70.5 մլն դրամ:

Նշված գումարը ջրպետկոմը կծախսի Արարատյան դաշտում սակավաջրության ռիսկերի կանխման եւ Կոտայքի մարզի Սեւաբերդի ջրամբարի հակաֆիլտրացիոն հրատապ միջոցառումների նախագծանախահաշվային աշխատանքների համար: Սակայն գյուղացիները խիստ անհանգստացած են, քանի որ ոռոգման սեզոնը մոտենում է, իսկ ջրպետկոմը դեռ նոր է սկսում նախագծանախահաշվային աշխատանքներ իրականացնել: Մինչդեռ պաշտոնական տվյալներով` փետրվարի 8-ի դրությամբ հանրապետության ջրամբարների լցվածությունը նախորդ տարվա նկատմամբ պակաս է շուրջ 74.4 մլն խորանարդ մետրով: Եւ քանի որ ներկայումս իսպառ բացակայում է ձնածածկույթը, այդ պատճառով մասնագետները կանխատեսում են, որ 2018 թվականի ոռոգման շրջանը սակավաջուր կլինի:
Ի դեպ, առաջին փուլով իրականացվելու են 15 գյուղերում խորքային թվով 23 նոր հորերի հորատման, այդ թվում` Սեւ ջրի ավազանը ջրալրող, նաեւ թվով 14 հորերի վերականգնման աշխատանքներ: Եթե առաջին փուլի աշխատանքներն իրականություն դառնան, ապա այդ դեպքում նախնական հաշվարկներով հնարավոր կլինի բարձրացնել շուրջ 931 հա հողատարածքի ջրապահովվածության աստիճանը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջին փուլի աշխատանքների իրականացման համար կպահանջվի շուրջ 970 մլն դրամ, որից նախագծանախահաշվային աշխատանքների համար կծախսվի 35.46 մլն դրամ: Նշենք նաեւ, որ հատկացվող մոտ 70.5 մլն դրամից մյուս 35 մլն դրամը ծախսվելու է Կոտայքի մարզի Սեւաբերդի ջրամբարի հակաֆիլտրացիոն միջոցառումների նախագծանախահաշվային աշխատանքների համար: Հուսանք` ջրային տնտեսության պետական կոմիտեն ղեկավարող Արսեն Հարությունյանը չի դանդաղի եւ այս հարցին արագ լուծում կտա:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս