ՊԱՏԱՍԽԱՆ ԿՏԱՆ, ԱՆՀՈԳ ԵՂԵ՛Ք. ՓՈԽՆԱԽԱՐԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ մշակույթի նախարարությունում չարաշահումներ էր հայտնաբերել: Մասնավորապես ՀՀ մշակույթի եւ ֆինանսների նախարարություններից ստացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Հուշարձանների ամրակայում, նորոգում եւ վերականգնում» ծրագրի շրջանակներում 2014-2016թթ. իրականացված շինարարական աշխատանքների ընթացքում ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնատար անձինք փաստացի չկատարված կամ թերի կատարված աշխատանքներն ընդունել են որպես ամբողջությամբ կատարված, ինչի հետեւանքով դրանց դիմաց ՀՀ պետական բյուջեից վճարվել է ընդհանուր առմամբ 67 մլն ՀՀ դրամ` պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս:

Բացի այդ` նշված շինարարական աշխատանքների կատարման նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացրած անձինք, ինչպես նաեւ կապալառու կազմակերպությունների ներկայացուցիչները աշխատանքների կատարման ակտերում մտցրել են իրականությանը չհամապատասխանող տվյալներ եւ փաստացի չկատարված կամ թերի կատարված աշխատանքները նշել են որպես կատարված:
Արդյունքում` ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի` պաշտոնեական անփութության եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասի` փաստաթղթեր կեղծելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ու մինչ ՀՀ գլխավոր դատախազությունում քննություն է գնում, ՀՀ մշակույթի նախարարությունում ստեղծված իրավիճակի շուրջ լուրջ խմորումներ են հասունացել. ըստ էության ոլորտի պատասխանատուները կատարվածի մասով մեկը մյուսի վրա է գցում բացահայտվածը, թե ով պետք է պատասխան տա յուրացված գումարների համար: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` մասնավարապես նախարարության աշխատակիցները սլաքները ուղղում են ՀՀ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանի ուղղությամբ: Բան այն, որ Արեւ Սամուելյանը 2009 թվականից ՀՀ մշակույթի նախարարի տեղակալն է, նա է համակարգում պատմամշակութային ժառանգության ոլորտը, այնպես որ, ըստ նախարարությունում տարածված լուրերի` ոլորտի պատասխանատուն կոնկրետ նա է եղել եւ նա է պաշտոնեական անփութություն ցուցաբերել, ինչի արդյունքում էլ գումարներ են յուրացվել:
«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ՀՀ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանի հետ:
-Տիկի՛ն Սամուելյան, ՀՀ գլխավոր դատախազությունում ՀՀ մշակույթի նախարարության չարաշահումների մասով քննություն է սկսվել` կապված հուշարձանների նորոգման անվան տակ չարաշահումների դիմած պաշտոնատար անձանց գործողությունների հետ: Ձեզ են կատարվածում մեղադրում: Ի՞նչ կասեք այս մասին:
-2009 թվականի օգոստոսից մինչ այսօր ես զբաղեցնում եմ նախարարի տեղակալի պաշտոնը, որը համակարգում է պատմամշակութային ժառանգության ոլորտը: Բնականաբար դա իմ ժամանակ է եղել, եւ իմ ենթակայությամբ գործող կառույցներն են: Պետական մրցույթների մասին է խոսքը, բայց Ձեզ ասեմ, որ հաղորդագրությունը դատախազություն ուղարկել է ՀՀ մշակույթի նախարարությունը, այսինքն` այստեղ այլ բան չկա: Ինչ վերաբերում է, թե ինչ եք ուղարկել, ապա պարբերաբար բոլոր նախարարություններում ֆինանսական տեսչության կողմից, ինչպես ասում են` ԿՌՈւ-ի կողմից ստուգումներ են լինում, եւ այդ տեսչության արդյունքները մենք ուղարկում ենք դատախազություն, ձեւաչափն է այդպիսին: Ի պաշտոնե փոխնախարարները պատասխանատու են առաջադրանքի համար, որակի համար, այսինքն` աշխատանքի ընտրության բնույթի, մեկ խոսքով` քաղաքականության համար: Իսկ ինչ վերաբերում է այդ ֆինանսական խնդիրներին, ապա որոշակի օղակներ կան, որոնք ընդունում են կատարողական` պարզելու համար` ով ով է, բնականաբար քանի ընթանում է քննություն, ինչպես դատախազության հաղորդագրության ներքեւում կա գրված, անմեղության կանխավարկածը եւս կա, որը որեւէ մեկը չի բացառել: Ուստի, երբ ավարտվի քննությունը, կարծում եմ, որ ամեն ինչ պարզ կլինի: Նշեմ Ձեզ, որ խոսքը գնում է կատարած աշխատանքների գնային տարբերությունների մասին, այն, ինչ ընդունվել է, մեկ գին է, եւ տեսչությունը ասում է, որ ստուգել ենք` այս գինն է:
-Դուք ինքներդ նշեցիք, որ դա Ձեր ժամանակ է եղել, եւ Ձեր ենթակայությամբ գործող կառույցներն են, հիմա կա փաստ, որի շուրջ տարվում է քննություն, Ձեր մեղքի բաժինը չեք տեսնո՞ւմ:
-Ձեր հարցը ընդունում եմ լրագրողական հետաքրքրություն: Ես նորից եմ Ձեզ ասում` մեղքի բաժին…., եթե լինեն խնդիրներ, դատախազության ստուգումներից հետո պարզ կլինի, ուրեմն ամեն ինչ պարզ կհասկանանք: Կարծում եմ, որ մեր թիմը աշխատել է բաց եւ թափանցիկ, որի արդյունքն էլ եղել է նաեւ, որ մենք էլ ուղարկել ենք դատախազություն:
-Բայց եթե չլինեին ֆինանսների նախարարության տեսչական ստուգումները, միգուցե գործը այսպես էլ ծածկադփոց արվեր, իրենք են, չէ՞, ստուգել ու ասել, որ խնդիր կա, դուք էլ ուղարկել եք:
-Ուրեմն շինարարությունը, բոլորի պատվիրատուն մշակույթի նախարարությունն է, շինարարությունը այնպիսի բան է, որ ծավալներն ընդունելիս հեղինակային հսկողութուն, տեխնիկական հսկողությունից, այսինքն` ծավալները, գները ստուգելուց հետո նոր պատասխանատու ստորաբաժանումն է, որը նախարարի հրամանով է ստեղծվում, դրանից հետո ստորագրվում է համապատասխան պաշտոնյայի կողմից: Այսինքն` որեւէ ձեւով եթե խնդիր լինի, մշակույթի նախարարության պաշտոնյաները, կարծում եմ, պատասխան կտան, անհոգ եղե՛ք: Մենք միշտ աշխատել ենք բաց, թափանցիկ եւ հանուն մեր մշակութային ժառանգության: Ցավում եմ, որ այս խոսակցությունները միշտ խնդրահարույց կողմերն ենք դիտում, արած լավ բաները ստվերում է մնում, ցավում եմ:
-Միգուցե լավ բան էլ եք արել, բայց փաստ է մեկ բան, որ հուշարձանների նորոգման համար գումար է տրամադրվում, այն յուրացվում է, խոսքը 67 միլիոն դրամ մասին է:
-Քննություն է գնում, երբ պարզ լինի, ավարտվի, բոլորը, կարծում եմ, տեղյակ կլինեն:
-Իսկ Ձեզ կանչե՞լ են հարցաքննության:
-Ո՛չ:
-Պաշտոնեական անփութության հատկանիշներով հարուցված է քրեական գործ, դատելով իրավիճակից` ոլորտի պատասխանատուն Դուք եք եւ Դուք եք պաշտոնեական անփութությունը ցուցաբերել:
-Գոնե այդ որակումները ինձ հետ խոսելուց մի՛ ասեք, քանի որ «Արեւ Սամուելյան- անփութություն», «պաշտոնական անփութություն» եւ այլն, այդ բառակապակցությունները իրար հետ համատեղելի չեն, բայց եկեք, թողենք այդ ամենը` պատկան մարմինները պարզեն:
Հ.Գ. Մինչ այդ նշենք, որ սա առաջին դեպքը չէ, որ մշակույթի նախարարության գործունեության մասով լուրջ խախտումներ են հայտնաբերվում: Մասնավորապես 2009 թվականին վերահսկիչ պալատը մշակույթի նախարարությունում հայտնաբերել էր մոտ 204 մլն դրամի խախտում, որից 61 միլիոն 499 հազար դրամը` պահուստային ֆոնդի հատկացրած գումարներից: Նախարարության ՊՈԱԿ-ների գործունեության ուսումնասիրությամբ հայտնաբերվել էր 24 միլիոն դրամի խախտում, իսկ հուշարձանների պահպանության գծով` 118,5 միլիոն դրամի:
Իսկ ահա 2006 թվականից մինչեւ 2016 թվականը մշակույթի նախարարն է եղել Սերժ Սարգսյանի ներկայիս խորհրդական Հասմիկ Պողոսյանը: Հետեւություններն արեք ինքներդ:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

ՇՈՒՆՉՆԵՐԸ ՊԱՀԱԾ
Մինչ Սերժ Սարգսյանի հրամանագրով նոր դատավորներ են նշանակվում, դատական համակարգում սպասողական վիճակ է: Բանն այն է, որ ապրիլի 9-ին Բարձրագույն դատական խորհուրդը, համաձայն ՀՀ Սահմանադրության, ստանձնում է իր գործառույթների իրականացումը, եւ բոլորը շունչները պահած` սպասում են, թե ԲԴԽ-ի գործառույթների ստանձնման արդյունքում ինչ նոր փոփոխություններ են սպասվում դատական համակարգում եւ, առհասարակ, դատավորների կյանքում:

 

 

ԿՏԵՂԱՓՈԽՎԻ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի եղբորորդու մասնակցությամբ Էջմիածնում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ քրեական գործը կտեղափոխվի ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ վարչություն կամ հատուկ քննչական ծառայություն: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազը պահանջել է իրեն ներկայացնել աղմկահարույց քրեական գործի նյութերը:
«Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել էր Էջմիածին քաղաքի բնակիչ Ռաֆայել Մխիթարյանի հետ կապված միջադեպին. ըստ այդմ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի եղբոր որդին` Համլետ Ներսիսյանը, հրահանգել էր իր թեմակիցներին հարձակվել Ռաֆայել Մխիթարյանի վրա եւ առեւանգել: Մխիթարյանը մեզ պատմել էր, որ պատճառը 3 միլիոն 200 հազար դրամն է, որը որպես պարտք իրենից պահանջում է Համլետ Ներսիսյանը: Իսկ ահա Ռաֆայել Մխիթարյանը պնդում է, որ ինքը որեւէ մեկին որեւէ գումար պարտք չէ: Նշենք, որ Համլետ Ներսիսյանի հարազատ եղբայրն էլ Արմավիրի մարզի դատախազության դատախազ Կորյուն Ներսիսյանն է:

 

 

ՆՎԱԶԵԼ ԵՆ
Հայաստանի միջազգային պետական պահուստները կրկին սկսել են նվազել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձան, որ փետրվարին ՀՀ միջազգային պահուստները կազմել են 2 մլրդ 279.2 մլն դոլար: Համեմատության համար նշենք, որ հունվարին պետական պահուստները կազմել էին 2 մլրդ 286.9 մլն դոլար, իսկ դեկտեմբերին՝ 2 մլրդ 313.9 մլն դոլար: Այլ կերպ ասած` միայն մեկ ամսվա ընթացքում պետական պահուստների նվազումը, սակայն, պատահական չէ. իշխանություններն այսկերպ փորձել են պահպանել դրամի փոխարժեքը` թույլ չտալով արժեզրկում:

 

 

ԿԱՆԽՎԵԼ Է
Երեկ ՀՀ ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել` նետվելով Երեւան քաղաքի Հաղթանակ կամրջից: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Համատեղ ուժերով կանխվել է Ա. Ե.-ի ինքնասպանության փորձը:

 

 

ՎԻՃԱԿԸ ՆՈՐՄԱԼ Է
Քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու 64-ամյա կնոջ մահվան եւ վերջինիս թոռնիկի էլեկտրահարվելու դեպքի հանգամանքները: «Հաշվի առնելով տարածված անհեթեթ հայտարարությունները, նշեմ, որ երբեւէ չեմ լսել նման իրի` էլեկտրական սրբիչի մասին: Օգտագործված սարքը եղել է էլեկտրական տաքացուցիչ, որը նախատեսված է հատուկ լոգարանի համար եւ համապատասխան սերտիֆիկատում նշվում է, որ անվտանգ է նաեւ երեխաների համար: Սարքը ճապոնական արտադրության է եւ նախատեսված է թաց եւ խոնավ միջավայրում օգտագործելու համար, տաքացնում է օդը: Ըստ նախնական վարկածի` տատիկը հնարավորինս հասցրել է երեխային հեռու պահել սարքից ու հոսանքահարումը վերցրել է իր վրա: Երեխայի վիճակն այժմ նորմալ է, կյանքին վտանգ չի սպառնում, մնում են հետագա բուժումները»,- ասել է ընտանիքի անդամը: Հիշեցնենք, որ օրերս «Մուրացան» ԲԿ-ից հաղորդել էին, որ «էլեկտրահարվածություն, ձախ սրունքի այրված վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 10 ամսական երեխա:




Լրահոս