Հարց քաղաքացիներից` անձը կոնկրետ ո՞ր դեպքում է կարող է ձեռք բերել անժամկետ հաշմանդամություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` անձը կոնկրետ ո՞ր դեպքում է կարող է ձեռք բերել անժամկետ հաշմանդամություն: Ընդհանրապես ո՞ր դեպքերում է սահմանվում անժամկետ հաշմանդամություն:

Գուրգեն Դանիելյան (57 տարեկան, 2-րդ կարգի հաշմանդամ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Դանիելյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ հաշմանդամության խումբը սահմանվում է անժամկետ`
ա) օրենքով տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձանց,
բ) վերականգնողական միջոցառումների հեռանկարի բացակայության, հաշմանդամի սոցիալական անբավարարության վերացման կամ նվազեցման անհնարինության դեպքում, որը հետեւանք է անդառնալի կառուցվածքային փոփոխություններով եւ օրգանիզմի օրգանների եւ օրգան-համակարգերի ֆունկցիաների խանգարումով առողջության խաթարմամբ պայմանավորված կենսագործունեության կայուն սահմանափակման,
գ) իրականացված վերականգնողական միջոցառոումների անարդյունավետության դեպքում, որը բերում է հաշմանդամի մշտական սոցիալական պաշտպանության անհրաժեշտության (առնվազն 7 տարվա ընթացքում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների դիտման պայմաններում):

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ հաշմանդամության 1-ին խումբ սահմանելու հիմք է հանդիսանում օրգանիզմի գործառույթների այնպիսի խանգարումը, երբ հաշմանդամը չի կարող ինքն իր մասին հոգ տանել եւ կարիք ունի մշտական օգնության, խնամքի կամ հսկողության: Նշենք, որ 1-ին խմբի հաշմանդամությունը սահմանվում է երկու տարի ժամկետով: Անժամկետ հաշմանդամ ճանաչված հաշմանդամի վերափորձաքննությունը կատարվում է նրա` բժշկասոցիալական փորձաքննության որոշման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծիք հայտնաբերվելու, նրա հաշմանդամության խմբի որոշման սահմանված կարգի խախտման դեպքերում, ինչպես նաեւ նրա դիմումի համաձայն կամ դատարանի որոշմամբ:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում:




Լրահոս