Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարությունը կոչ է արել Ներկայացուցիչների պալատի գործընկերներին միանալ իրենց և ճնշում գործադրել նախագահ Դոնալդ Թրամփի վրա, որպեսզի վերջինս մերժի թուրքական կողմի ճնշումներն ու այս ապրիլի 24-ին հավուր պատշաճի հիշատակի Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը:
Նախագահ Թրամփին ուղղված նամակում Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնեն, Ջեքի Սփիըրը, Դևիդ Թրոտը և Դևիդ Վալադաոն, ինչպես նաև փոխնախագահներ Գուս Բիլիրակիսը և Ադամ Շիֆը բացատրել են, որ Հայոց ցեղասպանությունը շարունակում է մնալ որպես կարևոր հիշեցնող հանգամանք այն մասին, որ մարդկության դեմ հանցագործությունները չպետք է մնան առանց ճանաչման և դատապարտման:
«Հայոց ցեղասպանությունը ճանաչելով՝ մենք հարգանքի տուրք ենք մատուցում վերապրածների հաստատակամությանն ու վճռականությանը, ինչպես նաև հայկական ծագում ունեցող այն ամերիկացիներին, ովքեր շարունակում են մինչ օրս ուժեղացնել մեր երկիրը: Մեր պարտքն է ազնվորեն ճանաչել 1.5 մլն հայերի կոտորածները որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն»,- նշել են նրանք՝ հորդորելով ապրիլի 24-ը սահմանել որպես ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության հիշատակի օր: