ՀՀ լրատվամիջոցներում 13.04.2018թ-ին հրապարակված «Վիգեն Սարգսյանը պատերազմ է հայտարարել մատակարարներին և ընկերություններին` նրանց մեջ տեսնելով բացառապես օրինախախտների» վերնագրով նյութի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ 2018թ. ՀՀ ՊՆ կողմից իրային միջոցների ձեռք բերման համար հայտարարվել է «ՀՀ ՊՆ ՆՏԱԴ-ԲՄԱՊՁԲ-7/24» ծածկագրով մրցույթ:
Նշված ծածկագրով մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել թվով 9 կազմակերպություն, որոնցից 7-ը մրցույթի ծածկագիըը նշել էր ճիշտ, իսկ 2-ը` «ԳԵՎԳՐՈՒՊ» և «Մասիսի Գարուն ԿՖ» ՍՊ ընկերությունները հայտի ապահովման բանկային երաշխիքի մեջ սխալ նշումներ էին կատարել. մասնավորապես նշել էին` հրատապ բաց մրցույթ, իսկ հրավերով պահանջվող մնացած բոլոր փաստաթղթերը լրացվել էին բաց մրցույթ:
Արդյունքում վերոնշյալ երկու ընկերությունների հայտերը գնահատվել են ոչ բավարար և մերժվել են համաձայն ՀՀ ՊՆ ընթացակարգերի:
Հատկանշական է, որ «ԳԵՎԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության` հիշատակվող ընթացակարգի մասով, Գնումների բողոքարկման խորհուրդ ներկայացված դիմումը բողոքաբերի կողմից չեղարկվել է, ինչը ըստ էության փաստում է բողոքի առարկայի բացակայության մասին, որից հետո նույն ընթացակարգի շրջանակներում ՀՀ Գնումների բողոքարկման խորհրդի կողմից բողոքարկման վարույթ է ընդունվել քաղաքացի Վ. Իսրայելյանի բողոքը:
Վ. Իսրայելյանի բողոքի վերաբերյալ ՀՀ ՊՆ ՆՏԱ դեպարտամենտի կողմից ՀՀ Գնումների բողոքարկման խորհուրդ ներկայացվել է համապատասխան դիրքորոշումը: Այնուհետև, ՀՀ Գնումների բողոքարկման խորհրդի անդամ Մ. Անանյանի թիվ ԳԲԽ-ԱՄ-2018/43 առ 03.04.2018թ. որոշմամբ քաղաքացի Վ. Իսրայելյանի բողոքը մերժվել է:
Ավելին, 2017թ-ի ապրիլի 14-ին կնքված ԲԸԱՀԱՊՁԲ-7-7 պայմանագրի շրջանակներում «ԳԵՎԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության կողմից մատակարարված կիսավարտիք մեկանգամյա օգտագործման ապրանքատեսակից 52 000 հատ հետ է վերադարձվել մատակարարին, անորակության պատճառով, իսկ կազմակերպության նկատմամբ կիրառվել են տույժեր և տուգանքներ:
Գնահատող հանձնաժողովը հիմք ընդունելով վերոհիշյալ անճշտությունը և առաջնորդվելով ՀՀ գնումների ոլորտը կարգավորող օրենսդրությամբ` «ԳԵՎԳՐՈՒՊ» և «Մասիսի Գարուն ԿՖ» ՍՊ ընկերությունների հայտերը մերժել է:
Մրցույթի ընթացակարգի հետ կապված գործընթացը ՀՀ պաշտպանության նախարարի հետ կապելը անհիմն է, քանի որ մրցույթային հանձնաժողովը անկախ մարմին է և նրա անդամները գործում են բացառապես ՀՀ գնումների ոլորտը կանոնակարգող օրենսդրության պահանջներին համապատասխան: Նրանց հիմնական գործառույթն է, ապահովել պարզ ու արդարացի մրցույթներ, որով ՀՀ ՊՆ կարիքները բավարարվեն որակյալ ապրանքատեսակներով: