Իշխանություններից պահանջում ենք չկրկնել մարտի 1-ը. հայտարարություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն իր համերաշխությունն է հայտնում քաղաքացիական անհնազանդության գործողություններին: Պարզ պատճառով, որ մեր քաղաքացիների բողոքը հետևանք է երկրում տիրող անարդարության, սոցիալական բևեռացման, ծայր աղքատության, կոռուպցիայի, կաշառակերության, մենաշնորհի, օլիգարխիկ համակարգի, որի արդյունքում ունենք չդադարող արտագաթ: Սա նաև հետևանք է 2017թ. խորհրդարանական <<10 000-ոց>> ընտրությունների, ուր մեկ անգամ ևս նվաստացրին աղքատության շեմին հասցված մեր ժողովրդի մի ստվար հատվածի:

Իշխանությունները խուլ են ժողովրդի արդարացի պահանջների հանդեպ, որի տրամաբանական հետևանքն են նրա պարբերական ընդվզումները:

Այս իրավիճակում իշխանություններից պահանջում ենք զերծ մնալ խաղաղ ցուցարարների հանդեպ բիրտ ուժի կիրառումից, չկրկնել մարտի 1-ը:

Մենք հավատարիմ ենք մեր սկզբունքներին և պնդում ենք, որ երկիրը իրական զարգացման ուղի դուրս բերելու միակ հնարավորությունը օլիգարխիկ համակարգի ամբողջական փոփոխությունն է:

Ստեղծված պայմաններում գտնում ենք, որ բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք կողմնակից են քաղաքական միասնական օրակարգի ձևավորմանը, պարտավոր են միավորվել՝ Քաղաքական խորհուրդ ձևավորելով:

Մենք չենք կարող անմասն մնալ մեր ժողովրդի այն հոծ զանգվածից, ով պայքարում է արդարության, ազատության, արժանապատվության և համերաշխության համար:

Հայաստանի դեմոկրատական կուսակցության
Հանրապետական խորհուրդ




Լրահոս