Երկու քարի արանքում. Հայաստանը ներքաշվել է Արևմուտք-ՌԴ սառը հակամարտության մեջ. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ հայ հասարակության ուշադրությունը սեւեռված է ներքաղաքական իրադարձությունների վրա, բավական ուշագրավ զարգացումներ են սկսվել արտաքին քաղաքական ճակատում: Ինչպես հայտնի է` նախորդ շաբաթ ԱՄՆ-ը իր դաշնակիցների՝ Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի հետ հարվածներ հասցրեց Սիրիային: Կատարվածին շատ արագ արձագանքեց ՌԴ-ն. պաշտոնական Մոսկվան դատապարտեց կատարվածը, անգամ այդ կապակցությամբ ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրել: Հիմա Արեւմուտք-ՌԴ կոնֆլիկտը գնալով ավելի է խորանում եւ ընդլայնում «աշխարհագրությունը»` դրանում ներքաշելով նաեւ Հայաստանը:

Սիրիայում Արեւմուտքի գործողությունները դատապարտող հայտարարություն է տարածել ՀԱՊԿ մշտական խորհուրդը, որի անդամ է նաեւ Հայաստանը: Ըստ ՀԱՊԿ-ի` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի քայլերը խախտում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներն ու նորմերը: Հայտարարության մեջ նաեւ պնդում կա, որ արեւմտյան կոալիցիայի գործողությունները կարող են հանգեցնել լարվածության հետագա աճի ոչ միայն տարածաշրջանում, այլեւ ողջ աշխարհում: Նկատենք, որ դեռ մինչեւ վերջերս Հայաստանին քիչ թե շատ հաջողվում էր խուսանավել ռուս-արեւմտյան հակասություններում` չպաշտպանելով որեւէ մեկին: Սակայն ՀԱՊԿ հայտարարությունից հետո միանգամայն այլ, ընդ որում, բավական տգեղ իրավիճակ է ստեղծվել: Ստացվում է` Հայաստանը ՀԱՊԿ կազմում, պաշտպանելով Ռուսաստանի դիրքորոշումը, այդպես ներքաշվելով աշխարհաքաղաքական մեծ խաղի մեջ, այսօր բացահայտ հակադրվում է Արեւմուտքին: Ու սա այն դեպքում, երբ նույն Հայաստանը միաժամանակ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ, ակտիվորեն համագործակցում է` այդ ճանապարհին Եվրոպայից ակնկալելով լուրջ ֆինանսական միջոցներ:

Իհարկե, Հայաստանը կարող է արդարանալ, թե ՀԱՊԿ-ը մեծ հաշվով նույն ՌԴ-ն է, եւ որ ինքը դե ֆակտո ազդեցություն չունի այդ կառույցի ներսում, ավելին՝ Հայաստանը` որպես անկախ պետություն, որեւէ դիրքորոշում չի հայտնել: Բայց սա մեծ հաշվով ընդամենը արդարացման փորձեր են, ոչինչ ավելին: Մնում է սպասել Արեւմուտքի, մասնավորապես եվրոպական երկրների արձագանքին: Եւ ամենեւին էլ չենք զարմանա, եթե այդ արձագանքը Հայաստանի համար մի փոքր շատ տհաճ լինի. ի վերջո, ԵՄ-ն քիչ գումարներ չի պատրաստվում ներդնել այստեղ: Նաեւ հասկանում ենք՝ Հայաստանն այլ տարբերակ չուներ, հակառակ դեպքում իր դեմ կհաներ ՌԴ-ին: Իսկ խելամիտ արտաքին քաղաքականություն վարելու դեպքում, համաձայնեք, հեշտությամբ կարելի էր խուսանավել նման տհաճ իրավիճակներից:




Լրահոս