ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԲՈՅԿՈՏԻ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017 թվականի հունիսին` կառավարության նիստրից մեկի ընթացքում, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, անդրադառնալով «Զվարթնոց» օդանավակայանում տաքսի ծառայություն իրականացնող անձանց, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության եւ ՀՀ ոստիկանապետին հանձնարարել էր հատուկ վերահսկողություն սահմանել, ստուգումներ անցկացնել եւ անհատ տաքսու վարորդներին լիցենզիա տրամադրելիս հատկապես ուշադիր լինել. «Անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին, Երեւանյան լիճը Սեւանա լճի տեղ Մալաթիա-Սեբաստիայով բերել, տարիֆների տարբեր կիրառում եւ այլն»,- ասել էր նա:

Եթե նախարարությունը բարեհաճեր ժամանակին ականջալուր լինել ՀՀ վարչապետին, կատարեր նրա հանձնարարականը, այս օրերին տարբեր քաղաքացիներ ստիպված չէին լինի տաքսի ծառայությունից օգտվելիս խնդիրների առաջ կանգնել: Բանն այն է, որ «անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին տաքսու վարորդները» ոչ միայն անարգել շարունակում են իրենց գործունեությունը, այլեւ դիմում են հանցագործությունների
Եվ այսպես` օրերս ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել, որ ապրիլի 3-ին` ժամը 19.45-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում 34-ամյա մի քաղաքացուհուց հաղորդում է ստացվել է, որ նույն օրը` ժամը 4.00-ին, Եղվարդի խճուղում` «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարան»-ի նախկին մասնաշենքի մոտ, տաքսի ծառայության վարորդն ավտոմեքենայի սրահում դանակի սպառնալիքով իրենից պահանջել է գումար, ապա պահանջել է իր հետ սեռական հարաբերություն ունենալ: Ոստիկանության Դավթաշենի բաժանմունքի ծառայողների միջոցառումներով պարզվել է, որ նշված տաքսի ավտոմեքենայի վարորդը 1984թ. ծնված Գեւորգ Խ.-ն է, որը ժամը 20.15-ին Երեւանի Լվովյան փողոցից «Ռենո» մակնիշի տաքսի ավտոմեքենայով հանդերձ բերման է ենթարկվել բաժին: Գեւորգ Խ.-ն ձերբակալված է: Կատարվում է քննություն: Ավելի վաղ, հիշում եք, եղել են տաքսիստների կողմից բռնաբարության փորձեր եւ այսպես շարունակ:
«Ժողովուրդ» օրաթերթը վարչապետի հանձնարարականի, տաքսի ծառայությունների կողմից արձանագրված դեպքերի մասին խոսեց ՀՀ տրանսպորտի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հետ:
-Ի՞նչ եք արել անցած տարի հունիսին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականի հետ կապված, որը վերաբերում էր «անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին, Երեւանյան լիճը Սեւանա լճի տեղ Մալաթիա-Սեբաստիայով բերել, տարիֆների տարբեր կիրառում եւ այլն» տաքսի ծառայությունների գործունեությանը: Դատելով ամիսներ առաջ վարչապետի կողմից տրված հանձնարարականից` նախարարությունը ոչինչ չի արել ու գնալով ավելի բարդ վիճակ ունենք. տասքի ծառայություններից օգտվող ուղեւորներին դանակի սպառնալիքով գումար են վերցնում, ստիպում են սեռական հարաբերություններ ունենալ: Ձեզ չի՞ մտահոգում այս իրավիճակը:
-Գիտեք, հանձնարարականը մի քիչ ուրիշ ձեւով էր ձեւակերպված, դա օդանավակայանի տաքսիների եւ ավտոբուսի կազմակերպմանն էր վերաբերում, որը որ կազմակերպվել է: Իսկ ինչ վերաբերում էր վարչապետի այդ ասածին, գիտեք, դա ոչ թե կառավարության ինչ-որ որոշումով կամ պաշտոնյայի քայլով պետք է արվի, այլ հասարակությունը պետք է պայքարի դրա դեմ, որ մենք հասնենք բարձր մակարդակի:
-Հիմա կոնկրետ «անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին» վարորդների գործունեության հանձնարարականի մասով ի՞նչ արեցիք Դուք, ոչ մի բան, թողեցիք հասարակությանը:
-Արել ենք, ինչի չէ:
-Կոնկրետ կասեք` ի՞նչ արեցիք:
-Հանձնարարականով կազմակերպվեց ուրիշ տաքսի ծառայությունների մուտքը օդանավակայան, ուղիղ ավտոբուսային չվերթը օդանավակայան, դրանք բոլորը այսօր գործում են պատշաճ:
-Միգուցե Դուք օդանավակայանի մասով կոնկրետ աշխատանք եք կատարել, բայց արդյունք չկա, հիմա մարդիկ կոնկրետ ապահովագրված չեն «անթրաշ, չստիկով» տասքու վարորդներից: Քաղաքացիները, օգտվելով տաքսի ծառայություններից, չգիտեն` տեղ կհասնե՞ն, թե՞ ոչ: Քիչ առաջ Ձեզ հայտնեցինք, որ նման մի դեպք իրավապահները քննում են, ու այդ դեպքերը բազմաթիվ են:
-Իհարկե, մտահոգում է, ոչ միայն դա է մտահոգում, այլ նաեւ մտահոգում է մեքենայի տեխնիկական վիճակը եւ այլ հարցեր:
-Եթե մտահոգում է, ի՞նչ եք անում:
-Օրենսդրական փոփոխություններ ենք անում, տեսչությունն է աշխատում, տեսչությունը շատ խիստ վերահսկողություն է իրականացնում:
-Ո՞ւր է այդ խիստ վերահսկողությունը, որ մենք նման դեպքերի հետ ենք բախվում, մարդը օգտվում է տաքսի ծառայությունից, եւ վարորդը դանակի սպառնալիքով ստիպում է, որ ուղեւորը ինչ ասես, թե չանի իր համար: Սա՞ է Ձեր խիստ վերահսկողությունը:
-Ես դրա համար եմ ասում, բացի պաշտոնյայի անելուց` պետք է, բնականաբար, հասարակությունը պայքարի:
-Հասարակությունը կոնկրետ ի՞նչ անի, եթե այդ ոլորտի համար կան պատասխանատուներ ի դեմս Ձեզ:
-Թեկուզ բոյկոտի այդպիսի տաքսիներ նստելը:
-Ինչպե՞ս բոյկոտենք, տաքսի պատվիրել ենք, եկել է, նստում ենք ու փաստի առաջ ենք կանգնում, կա կոնկրետ նախարարություն, կա կոնկրետ նախարար, Ձեր լծակները աշխատացրեք, մեր անվտանգությունը ապահովեք:
-Դուք ո՞րն եք համարում մեր աշխատանքի թերացումը:
-Այն, ինչ այսօր կատարվում է տրանսպորտային ոլորտում, որի մասին քիչ առաջ հայտնեցի Ձեզ:
-Վերահսկողությունը կա, ցավոք սրտի, այսօր շատ տաքսիներ գործում են լիցենզիայից դուրս, որի համար նորից օրենսդրական փոփոխություններ ենք անում, որ կարողանանք աշխատել այդ ուղղությամբ:
-Օրենսդրական փոփոխությունների մասին կմանրամասնե՞ք:
-Փոփոխությունը լիցենզիաների տրամադրմանն է վերաբերում:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

ՆԱԽԿԻՆ ՊԵՏԻՆ ԿԱԶԱՏԵՆ
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության նախկին պետ Արմեն Սողոյանի գործը հասել է ՀՀ վճռաբեկ դատարան: Նրա պաշտպան Հայկ Ալումյանը դիմել էր ՀՀ վերաքննիչ դատարան, որպեսզի գրավի դիմաց Սողոյանին ազատ արձակեն, սակայն ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել էր: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ալումյանը հունվարի 8-ին դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան` բողոքարկելով նրա խափանման միջոցը: ՀՀ վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել պաշտպանի միջնորդությունը: Արդյո՞ք քննության ընթացքում Վճռաբեկ դատարանը կփոխի Արմեն Սողոյանի խափանման միջոցը, թե՞ այն կթողնի անփոփոխ, սպասենք զարգացումներին:

 

 

ԹԻՐԱԽՈՒՄ «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ»-Ն Է
«ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի դեմ ենթադրյալ հանցագործների գորոծողությունները շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Մհեր Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. նոյեմբերի 1-ին քննությամբ չպարզված անձի հետ նախնական համաձայնությամբ, խմբով կոտրելու միջոցով բացել է Երեւան քաղաքի Էրեբունի 31 շենքում գործող «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի թիվ 6 մասնաճյուղի հետնամասում տեղակայված, նույն ընկերությանը պատկանող պահեստարանի խցիկի դուռը եւ այնտեղից գաղտնի հափշտակել է զգալի չափերի` 400 հազար դրամ արժողությամբ հոսանքի արտադրման գեներատոր: Մհեր Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր. 177-րդ հոդվածի` գողության հատկանիշներով, եւ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չհեռանալը: Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին անհայտ երկու անձ մուտք էին գործել «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի մասնաճյուղերից մեկը եւ այնտեղից հափշտակել մոտ 8 միլիոն դրամ: Մինչ օրս չի պարզվել, թե ովքեր են եղել բանկի դեմ հարձակում գործած անձինք:

 

 

 

ՀԵՏ ՎԵՐԱԴԱՐՁՐԻՆ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի եւ ԱԺ ընտրություններում ընտրակեղծարարության` մեկից ավելի փորձ կատարած Դավիթ Ալեքսանյանի միջեւ պայքարը նոր փուլ է թեւակոխել: Հիշեցնենք` ԱԺ ընտրություններում Ալեքսանյանը ներկայացել էր Ամասիա գյուղի թիվ 30/37 ընտրատեղամաս եւ փորձել մեկից ավելի անգամ քվեարկել: Այս արարքի համար Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նրան ազատազրկման էր դատապարտել 2 տարի ժամկետով, սակայն պատիժը պայմանականորեն չէր կիրառվել: Շիրակի մարզի դատախազը դատարանի որոշումը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ դատարանում` պահանջելով, որ Դ. Ալեքսանյանին ազատազրկման դատապարտեն: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է դատախազի բողոքը: Հետո էլ ընտրակեղծարարի պաշտպանն է այդ որոշումը բողոքարկել ՀՀ վճռաբեկ դատարան, սակայն Վճռաբեկ դատարանը հետ է վերադարձրել վերջինիս բողոքը:

 

 

ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅՈՒՆ Է ՀՐԱՎԻՐՎԵԼ
2015թ. նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ի կողմից մեծ աղմուկով վնասազերծված զինված խմբի գործով պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանի համար շտապօգնություն է հրավիրվել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Նրա պաշտպան Լեւոն Բաղդասարյանի խոսքով` իր պաշտպանյալի առողջական վիճակը վատ է: Նիստը 40 րոպեով ընդմիջվել է: Նախորդ նիստը նույնպես հետաձգվել էր Ա. Վարդանյանի առողջական վատ վիճակի պատճառով:

 

 

ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ
Փարիզում տեղակայված «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը մտահոգություն է հայտնել Հայաստանում մամուլի ազատությունը սահմանափակող վերջերս ընդունված օրենսդրական փոփոխությունների առնչությամբ: «Մենք մտահոգված ենք Հայաստանում մամուլի ազատության նվազման միտումով եւ կոչ ենք անում խորհրդարանին վերանայել վերջին օրենսդրական նախաձեռնությունները, որոնք սահմանափակում են տեղեկատվության մատչելիության իրավունքը եւ խոչընդոտում են լրագրողների աշխատանքը,- «Ազատություն» ռ/կ փոխանցմամբ` ասել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Յոհան Բիհրը եւ հավելել,-իշխանությունները պետք է նաեւ ամբողջական եւ անաչառ հետաքննություն անցկացնեն՝ լրագրողների նկատմամբ բռնությունների գործերով եւ վերջ դնեն նման գործերի դեպքում անպատժելիությանը»:

 

 

ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ: Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Հարություն աբեղա Կիրակոսյանը, ազատվելով Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնում ստանձնած պարտականություններից, հոգեւոր ծառայության է կոչվել Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի Հայոց թեմում: Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Զավեն վարդապետ Յազիչյանը, ազատվելով Մայր Աթոռի Լուսարարապետությունում ստանձնած պարտականություններից, հոգեւոր սպասավորությունը կշարունակի Եգիպտոսի Հայոց թեմում:




Լրահոս