ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԶՈՒՐԿ ԳՈՐԾՉԻՑ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ ՉՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի հետ զրուցել է Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակի, նոր նախագահի հնարավորությունների, Սերժ Սարգսյանի առաջադրման եւ այլ թեմաների շուրջ: Նա նշել է, որ Արմեն Սարգսյանից, որից նախօրոք սահմանադրորեն բոլոր իրավասությունները խլել են, լուրջ փոփոխություններ հնարավոր չէ ակնկալել:

-Պարո՛ն Գինոսյան, նախօրեին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը: Հետաքրքիր է՝ ի՞նչ հույսեր եք կապում նրա հետ:
-Գիտեք՝ կարելի է բոլորի հետ էլ հույսեր կապել, բայց հույսերը շատ սին բաներ են, եթե երկրում համակարգային ոչինչ չի փոխվում: Ես կարծում եմ՝ մինչեւ Արմեն Սարգսյանը չսկսի կիրառել իր գործառույթները, ոչ ոք ոչինչ չի կարող ասել:
-Սերժ Սարգսյանի նախագահության 10 տարիների ընթացքում Հայաստանը լքել է ավելի քան 257 հազար հոգի, երկրի պետական պարտքը կազմում է 6,8 մլրդ դոլար, աղքատության ցուցանիշը՝ 29,4 տոկոս: Նման տվյալների ֆոնին ի՞նչ հետեւություններ պետք է անենք:
-Եթե արտաքին պայմանները չթելադրեն լուծումներ, մեր ճահճում առանձնապես ոչինչ չի փոխվի: Մեկ հոգուց, որից նախօրոք սահմանադրորեն բոլոր իրավասությունները խլել են, լուրջ բաներ հնարավոր չէ ակնկալել (նկատի ունի Արմեն Սարգսյանին-հեղ.): Սահմանադրությամբ փոխել են նախագահի իրավասությունները, բայց եթե նույնիսկ նախորդ լիազորությունները մնային, շատ հզոր կամք էր պետք լինելու՝ երկիրը ճահճից դուրս բերելու համար: Իսկ առավել եւս հիմա շատ դժվար է ինչ-որ բան հուսալ: Հիշենք՝ ինչպես վարչապետի պաշտոնը զբաղեցրեց Կարեն Կարապետյանը, գեղեցիկ խոսքեր ասվեցին, բայց գործողությունների տեսանկյունից շատ բան չփոխվեց: Հիմա էլ դեկլարատիվ փոփոխություններ կլինեն, բայց եթե լուրջ մարտահրավերներ չլինեն, որոնք կսթափեցնեն իշխանությանը, փոփոխություններ չեն լինելու:
-«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը արդեն մի քանի օր է՝ մեկնարկել է «Իմ քայլը» արշավը, որը միտված է Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի կանխմանը։ Ի՞նչ կասեք պայքարի այս ձեւի առնչությամբ:
-Չգիտեմ, կյանքը ցույց կտա: Կարծում եմ՝ արշավը սկզբնավորման փուլում է, նոր է սկսվել, իսկ այս փուլում կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է, կապրենք, կտեսնենք` ինչ զարգացումներ կլինեն:
-Պարո՛ն Գինոսյան, հիմա, երբ ժողովուրդը այդքան էլ կողմնորոշված չէ քաղաքական այս պրոցեսներում, ո՞րը պետք է լինի մտավորականի դերը, նա կարո՞ղ է ինչ-որ կերպ կողմնորոշողի դերում լինել:
-Մտավորականի առաջին կոչումը հենց ժողովրդին այդ մոլորվածության միջից հանելն է եւ անընդհատ եղած խնդիրները բարձրաձայնելն է, որքան էլ դրանք որոշ շրջանակների համար հաճելի կամ տհաճ լինեն: Ես նույնիսկ կասեի, որ մտավորականը բուժող բժիշկը չէ, այլ ախտորոշողը, բայց, ցավոք սրտի, այդ ախտորոշումը հստակ չէ, մենք հիվանդին խնայելու համար չենք ասում հիվանդության խորության չափը, ընդ որում՝ չենք ասում ոչ միայն հիվանդին, այլեւ բուժող բժշկին: Այդ դեպքում դժվար է հիվանդին բուժել:
-Բայց մեր ընդդիմադիր գործիչները, լրատվամիջոցները անընդմեջ հենց ախտորոշումը տալով են զբաղված եւ դժգոհում են, որ բուժումն է բացակայում: Ո՞վ պետք է լինի բուժողը, ըստ Ձեզ:
-Եթե գործող իշխանությունը թույլ տա, բուժումը պետք է ընդդմիությունն անի, եթե, իհարկե, ձեւավորված լիներ լիարժեք եւ անկողմնակալ ընդդիմություն: Կարծում եմ՝ մտավորականի դերը նաեւ գալիք սերունդներին դաստիարակելն է, որպեսզի նրանք ինքնամաքրման ճանապարհով գնան: Բայց լուծումը միայն մտավորականի կամ հասարակության որեւէ մեկ շերտի ձեռքում չէ, այլ նաեւ երիտասարդության: Ես նրա վրա եմ դնում իմ հույսը:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

«ՆԱ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ»

«Եթե Աստված կամենա, շատ կցանկանամ երկրորդ երեխան էլ ունենալ: Դա այնքան մեծ երջանկություն է, որ ես հաճույքով կրկին կմայրանայի»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց Ռուսական դրամատիկական թատրոնի արտիստուհի, «Կարգին սերիալ», «Երե1», «Ստոպ» հեռուստանախագծերից հայտնի դերասանուհի Ելենա Վարդանյանը, ում առաջնեկը՝ Ալեքսանդրը, լույս աշխարհ է եկել այս տարվա փետրվարին:

Ի դեպ, Ելենան որդու ծնունդից հետո ոչ միայն բավական արագ վերականգնեց իր գեղեցիկ կառուցվածքը, այլեւ վերադարձավ աշխատանքի: Ապրիլի 21-ին Ռուսական դրամատիկական թատրոնում նա «Մորգանի խնամին» ներկայացման մեջ կխաղա գլխավոր դերը՝ Նատաշա:
Հարցին, թե արդյո՞ք «Դոմինո» սիթքոմում նկարահանված դերասանուհուն կրկին կտեսնենք էկրաններին, վերջինս պատասխանեց. «Քանի որ հիմա զբաղված եմ երեխայի խնամքով, աշխատում եմ թատրոնում, վարում եմ կոորպորատիվ միջոցառումներ, էկրանային գործունեության համար ժամանակ չի մնում: Բայց եթե լինի հետաքրքիր առաջարկ, գուցե մտածեմ այդ ուղղությամբ»:
Ելենան խոստովանեց, որ մայրանալուց հետո իր կյանքի կենտրոնը դարձել է զավակը. «Նա փոխեց իմ ամբողջ կյանքը, ամեն բան հիմա նրա շուրջ է պտտվում»,-ասաց մեր զրուցակիցը: Նա պատմեց, որ երեխայի խնամքի հարցում իրեն օգնում են ծնողները, քույրը, այդ պատճառով էլ դերասանուհին կարողացել է արագ վերադառնալ նախկին հունին. «Ամեն կին ինքը պետք է որոշի՝ կկարողանա՞ համատեղել գործնականն ու անձնականը, թե՞ ոչ: Կան կանայք, որոնք նույնիսկ աշխատելու հնարավորության դեպքում նախընտրում են մնալ տանը, երկար ժամանակ խնամել փոքրիկին եւ չաշխատել: Բայց ես սիրում եմ համատեղել, քանի որ աշխատանքը եւս իմ կյանքի մի մասն է, ես առանց դրա եւս չեմ կարող ապրել: Իհարկե, իմ ժամանակի հսկայական մասը երեխայինս է, բայց այս ամենի արդյունքում ես չեմ կորցնի նաեւ իմ անձը»,-եզրափակեց Ելենան:

ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ

 

 

 

ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ԳՈՀ Է
Լոնդոնի «Արսենալ»-ի եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղից (4:1) առաջ հարցազրույց է տվել «ԾՈՑփ ՁԹ» հեռուստաալիքին: «Ցանկանում եմ կենտրոնանալ ֆուտբոլի վրա: Ցանկանում եմ անել առավելագույնը, ինչն ինձնից կախված է, եւ արդեն կարիերայիս վերջում կարող եմ մտածել` արդյոք եղե՞լ եմ հայ գլխավոր աստղը, թե՞ ոչ: Մարդիկ մտածում են, թե ԲԿՄԱ-ն հենց այնպես է հասել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ, բայց դա այդպես չէ: Նրանք շատ լավ են խաղում: Նրանք փոխել են իրենց խաղաոճն այն բանից հետո, ինչ ես հոկտեմբերին «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում խաղացի նրանց հետ»,-ասել է Մխիթարյանը:
Ըստ նրա` մեծ աճ են գրանցել: Հատկապես Մուսայի գալուց ի վեր նրանք հարձակման գծում ավելի լավ են խաղում: Քառորդ եզրափակիչ դուրս եկած բոլոր թիմերը շատ ուժեղ են, եւ եթե նրանք հատնվել են այդտեղ, ուրեմն արժանի են լինել 1/4 եզրափակչում: «Մեզ համար հեշտ չի լինի ԲԿՄԱ-ի հետ դիմակայությունում: Եթե նրանք հաղթել են «Լիոն»-ին, ուրեմն մեզ համար էլ դժվար կլինի: Ուժեղ մրցակից է ԲԿՄԱ»,- մեկնաբանել է նա:
Հիշեցնենք` Լոնդոնում օրեր առաջ կայացած խաղում «Արսենալ»-ը 4:1 հաշվով հաղթել է ԲԿՄԱ-ին: Թիմերի միջեւ պատասխան խաղը կկայանա ապրիլի 12-ին Մոսկվայում:

 

 

ՎԱԶՈՂ ԹԵՆԻՍԻՍՏՈՒՀԻՆ
Հայազգի թենիսիստուհի Անի Ամիրաղյանը Խորվաթիայում մասնակցել է «100 miles of Istria» վազքի մարաթոնին եւ 236 աղջիկների մեջ զբաղեցրել 9-րդ տեղը: Թենիսիստուհին 42,25 կմ ճանապարհը հատել է 4 ժամ 55 րոպեում եւ դարձել առաջին հայը, ով մասնակցել է «100 miles of Istria» վազքարշավին: Նա իր ինստագրամի էջում տեղադրելով լուսանկարները` գրել է. «Երբեք չէի կարող մտածել, որ մարաթոնի կմասնակցեմ: Կարծում եմ` առաջին անգամվա համար իսկապես լավ աշխատանք էր: Հպարտ եմ լինել առաջին հայը, ով մասնակցել է այս մարաթոնին: Անհամբերությամբ եմ սպասում հաջորդ շաբաթ կորտ վերադառնալուն»:




Լրահոս