ԱՐՄԱՆ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի գործերն այնքան էլ լավ չեն: Ու հիմա, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, նա վաճառել է Աջափնյակ վարչական տարածքում գտնվող «Դոլչե» ՍՊԸ-ն, ընդ որում, այն վաճառել է ԱԺ վերջին ընտրություններում թիվ 2-րդ ընտրատարածքում իր մրցակից, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանին՝ ՍԱՍ-ի Արտակին: Նշենք, որ ԱԺ վերջին ընտրություններում Արման Սահակյանը ստացել էր 18.5 հազար ձայն, Արտակ Սարգսյանը` 12 հազար քվե: Բայց հետո Արման Սահակյանը հրաժարվեց իր մանդատից` նախընտրելով աշխատանքը գործադիրում: Մեկ փաստ էլ. ենթադրվում է, որ նրա ֆինանսական խնդիրները հենց ընտրությունների պատճառով են ստեղծվել:

Եվ այսպես` դեռեւս 2017 թվականի մարտին ազգային ժողովի նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելուց հետո ներկայացրել էր իր դրամական միջոցները: Մասնավորապես վերջինս գրել էր, որ ունի երկու բնակարան Երեւանում, մեկ խանութ, հասարակական նշանակության մեկ շինություն, մեկ հողամաս եւ 2011 թվականի արտադրության «Toyota Camry 2.5 Gas» մակնիշի ավտոմեքենա: Արման Սահակյանի հայտարարագրած դրամական միջոցները կազմել էին 200 մլն դրամ: Իսկ որպես եկամուտ նա հայտարարագրել էր իր աշխատավարձը, որը տարեկան կազմել էր 7 մլն 653 հազար դրամ: Բացի այս, նա 50 մլն դրամի շահաբաժին ստացել էր «Արդինիստուդիա» ընկերությունից, 9 մլն դրամ՝ «Սա-Դա տրանս»-ից: Նա «Դոլչե» ընկերությունից 5.4 մլն դրամի չափով վարձակալության դիմաց գումար է ստացել, «Արմինաշող» ընկերությունից՝ 7.2 մլն դրամ, իսկ «Ալֆաֆարմ» ընկերությանը իր տարածքը վարձակալությամբ տալով` 1.8 մլն դրամ:
Սակայն նկատենք, որ մեկ տարի անց վերջինիս գործունեության շուրջ հետընթաց է նկատվում: Բանն այն է, որ Աջափնյակ վարչական շրջանում «Դոլչե» ՍՊԸ-ն զբաղվում էր ծննդյան տոնակատարություններ կազմակերպելու գործունեությամբ: Ավելին` ուշագրավն այն է, որ «Դոլչե» զվարճանքի կենտրոնի գործունեությունը բավականին ակտիվ կերպով գովազդվում էր երթուղային տաքսիներում: Մասնավորապես գովազդի ակտիվ գործունեությամբ էր զբաղված 57 համարի երթուղայինը, որը, ըստ Աջափնյակում տարածված լուրերի, պատկանում է Սահակյաններին:
Ինչեւէ: Ուսումնասիրելով Արման Սահակյանի դրամական միջոցները` նկատել էինք, որ նա «Դոլչե» ընկերությունից 5.4 մլն դրամի չափով վարձակալության դիմաց գումար է ստացել, սակայն ինչ-ինչ հանգամանքներում այսօր նա որոշել է վաճառել իրեն պատկանող ընկերությունը ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանին` ՍԱՍ-ի Արտակին, եւ վերջինս էլ հիմնահատակ քանդելով տարածքը` որոշել է այնտեղ «ՍԱՍ» սուպերմարկետ կառուցել: Ի դեպ, այս օրերին կառուցման գործընթացը բավականին ակտիվ կերպով է ընթանում:
«Ժողովուրդ» օրաթերթը Արման Սահակյանից փորձեց անձամբ հետաքրքրվել, թե ֆինանսական խնդիրներ ունի՞, որ իրեն պատկանող տարածքը վաճառել է Արտակ Սարգսյանին: Ավելին` դեռեւս այս տարվա մարտի 28-ին վերջինս լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով այն հարցին, թե տնտեսությունը օլիգարխիայի ձեռքում է, ասել է, որ այդ կարծիքին չէ` միեւնույն ժամանակ նշելով, որ ամբողջ աշխարհում է այդպես ընդունված. հարուստներն են տնտեսությունը զարգացնում եւ աշխատատեղեր ստեղծում: Չի բացառվում` վերջինս հասկանալով, որ իրեն պատկանող տարածքը վարձակալության հանձնելով` չի կարող տնտեսություն զարգացնել, որոշել է այն վաճառել ՍԱՍ-ի Արտակին:
-Պարո՛ն Սահակյան, ֆինանսական խնդիրներ ունե՞ք:
-Շտապում եմ, շատ-շատ շտապում եմ:
-Տեղեկություններ կան, որ Դուք ֆինանսական խնդիրների մեջ եք:
-Ո՛չ, ո՛չ:
-Այդ դեպքում ինչո՞ւ եք վաճառել Աջափնյակ վարչական շրջանում Ձեզ պատկանող «Դոլչե» ՍՊԸ զվարճանքների կենտրոնը ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանին, ու նա այնտեղ սուպերմարկետ է կառուցում: Դուք դեռեւս 2017 թվականին Ձեր դրամական միջոցներում նշել էինք, որ տարվա մեջ «Դոլչե» ընկերությունից 5.4 մլն դրամի չափով վարձակալության դիմաց գումար եք ստացել, այսինքն` ամսական Ձեզ վարձակալության վճար են տվել մոտ 450 հազար դրամ, որից հիմա զրկվեցիք: Ինչպե՞ս կբացատրեք:
-Իսկ ո՞վ է ասել, որ ես տվել եմ, որ սարքեն:
-Հիմա կոնկրետ ընկերության շենքը ամբողջությամբ քանդել են, որը Ձեզ էր պատկանում, եւ Արտակ Սարգսյանը սուպերմարկետ է սարքում, այդպես չէ՞, ի՞նչ խնդիրներ ունեիք, որ վաճառեցիք այն ու ինչքանո՞վ վաճառեցիք:
-Ես ոչ մի խնդիր չունեմ:
-Այդ դեպքում ինչո՞ւ որոշեցիք վաճառել:
-Վաճառքի խնդիր էլ չկա:
-Հիմա կոնկրետ ուզում ենք հասկանալ` Ձեզ պատկանող ընկերությունը չե՞ք վաճառել:
-Խնդրում եմ` թույլ տվեք գնամ:
Ըստ էության Արման Սահակյանը չհերքեց, որ ընկերությունը վաճառել է, սակայն զարմանալի է, որ այդպես էլ չխոստովանեց, թե ֆինանսական խնդիրներն են ստիպել նրան գնալ այդ քայլին, թե՞ Արտակ Սարգսյանն է տարածքի վրա աչք ունեցել եւ կարողացել է բանակցությունների արդյունքում այն ձեռք բերել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՆԱԽԿԻՆ ՊԵՏԻ ՏՂԱՆ
Ինչպես հայտնի է` Գորիսի ՔԿՀ-ում ԱԱԾ-ի կողմից իրականացված բացահայտումներից հետո աշխատանքից ազատվեց Գորիսի քրեակատարողական հիմնարկի պետ Արտուշ Մաքունցը: Վերջինիս հեռացումը կապեցին թոշակի գնալու հետ, սակայն իրավապահները պարզել էին, որ ՔԿՀ պաշտոնատար անձինք կալանավորների հետ գործարքների էին գնացել, ՔԿՀ թմրանյութ են մատակարարել, այս գործի շրջանակներում 9 մեղադրյալի մասով /որոնց թվում ՔԿՀ աշխատակիցներ/ քրեական գործը ուղարկվել է դատարան: Ու մինչ դատարանում քննվում է «Գորիս» ՔԿՀ-ում բացահայտված աղմկահարույց քրեական գործը, ՔԿՀ նախկին պետ Արտուշ Մաքունցը ժամանակ չի կորցրել` իրականացնելու իր վաղեմի ցանկությունը: Բանն այն է, որ ըստ վարչությունում տարածված լուրերի` Արտուշ Մաքունցը հեռանալուց առաջ իր մի տեղակալի պաշտոնը թափուր է թողել, որ որդուն նշանակեին: Եվ ահա տեղեկացանք, որ նախօրեին վերջինիս որդուն` Արտակ Մաքունցին, նշանակել են «Գորիս» ՔԿՀ պետի տեղակալի պաշտոնում:

 

 

ԳՈՂԱՆՈՒՄ ԵՆ ՊՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ
Տավուշի մարզում մեկը մյուսի հետեւից գողանում են ՀՀ ՊՆ զորամասի հաշվեկշռում գտնվող գծալարային կապի միջոցները: Մասնավորապես հայտնի դարձավ, որ Արթուր Աբազյանին եւ Արտակ Մուքելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2017թ. դեկտեմբերի 20-ից մինչեւ դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Կոթի-Բարեկամավան ավտոճանապարհին կից հատվածից գաղտնի հափշտակել եւ իրեն տան բակ է տեղափոխել ՀՀ ՊՆ զորամասի հաշվեկշռում գտնվող գծալարային կապի միջոցներն ապահովող փայտյա հենասյուները եւ դրա վրա ամրացված Պ-270 տեսակի մալուխ, որով պետությանը պատճառվել է գույքային վնաս:
Արթուր Աբազյանին եւ Արտակ Մուքելյանին մեղադրանք է առաջադրվել 177-րդ հոդվածի հատկանիշներով՝ գողություն: Վերջիններիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

 

 

ԱՊՕՐԻՆԻ ՓԱՅՏՆ ՈՒ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ
«Ժողովուրդ» օրաթերթը օրերս անդրադարձել էր Գորիսի ոստիկանապետի վարորդի` Արտակ Զեյլանյանի աշխատանքից ազատմանը, որ պայմանավորված էր քաղաք ապօրինի փայտ տեղափոխելու հետ: Մեզ լուրեր հասան, որ օրերս ստուգումներ են իրականացվել ոստիկանության Գորիսի բաժնում, արդյո՞ք ստուգումները կապված են բացահայտված աղմկահարույց դեպքի հետ, թե՞ պարզապես ընթացիկ ստուգումներ են, ցույց կտա ժամանակը:

 

 

ԱՆՀԻՄՆ Է
Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը անհիմն է որակել ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությունը, թե այս կառույցին կարելի է ներառել Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենաշատ վարկ կերած կառույց: «Ոչ մի վարկ չի կերվել, հայտարարությունն անհիմն է, բոլոր գումարները, որոնք դրվել են համակարգում, ծառայել են բացառապես իրենց նպատակներին»,- ասել է նա։ Ինչ վերաբերում է Սեւանի լճից ջրառին, որը ներառված էր կառավարության երեկվա օրակարգում, Ա. Հարությունյանն ասել է, որ այս պահին միայն 170 մլն խմ չափաքանակի վերաբերյալ է որոշում կայացվել. «Եթե հետագայում խնդիր լինի՝ կվերանայենք»,-նշել է նա։

 

 

ՃԱՆԱՊԱՐՀ ԵՆ ՓԱԿԵԼ
Երեկ Ուջան գյուղի մոտ 200-ից ավելի քաղաքացիներ փակել էին ճանապարհը: Ուջանի նախկին համայնքապետ Առաքել Հարոյանի խոսքով` նրանք հիմնականում Ուջանի քարհանքից քար տեղափոխող բեռնատարների վարորդներն են, որոնք բողոքում են բեռնատարի ավել քաշի դեպքում 500 հազար դրամ տուգանքի դեմ: «Մարդիկ մի քարի մեջ 60 դրամ են աշխատում, բայց էսօր էդքան մեծ տուգանքներ են սահմանում, էդ խեղճերը ի՞նչ անեն, մի երկու կոպեկ փող էլ չեն աշխատի»,-ասել է նախկին գյուղապետը: Նրանք պահանջում էին, որ կառավարությունից ներկայացուցիչ գնա եւ իրենց խնդրին լուծում տա։

 

 

ԽՈՇՏԱՆԳՈՒՄ ՔԿՀ-ՈՒՄ
Ըստ ՀՀ հատուկ քննչական ծառայության` ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի առաջին կարգի մասնագետ Ա. Հ.-ն նույն հիմնարկի մի խումբ ծառայողների հետ խոշտանգել է կալանավոր Ա. Ա.-ին։ Պարզվել է, որ «Նուբարաշ» ՔԿՀ է տեղափոխվել կալանավոր Ա. Ա.-ն, ում ընդունել է վերը նշված Ա. Հ.-ն: Կալանավոր Ա. Ա.-ի կողմից բարեւ չտալու հարցի շուրջ խոսակցություն է ծավալվել, որի ընթացքում կալանավորը հայհոյանքներ է տվել։ Ա. Հ.-ն կալանավորին ուղեկցել է ՔԿՀ-ի` խուզարկության կատարման համար նախատեսված սենյակ եւ նրան պատժելու նպատակով հիմնարկի մի խումբ ծառայողների հետ խոշտանգել է վերջինիս` դիտավորությամբ պատճառելով մարմնական վնասվածքներ: Դեպքը թաքցնելու նպատակով Ա. Հ.-ն ՔԿՀ մի խումբ պաշտոնատար անձանց հետ կազմել է իրականությանը չհամապատասխանող կեղծ արձանագրություն, թե իբր կալանավորին խուզարկելու ժամանակ չի ենթարկվել օրինական պահանջներին եւ խոչընդոտել է օրինական գործողությունների կատարմանը, ուստի ագրեսիվ վարքագիծը կանխելու նպատակով իրենց կողմից կիրառվել է ֆիզիկական ուժ: Այսպիսով` Ա. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել։

 

 

ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑ
Ժնեւի թուրքական համայնքը բողոքի ցույց է կազմակերպել քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ապրիլի 13-ին բացվելիք հուշարձանի դեմ։ Թուրք ազգայնականները նաեւ տեղեկացրել են, որ իրենք պատրաստվում են առավել ակտիվ աշխատանքներ ձեռնարկել տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումները չեղարկելու, ցեղասպանության հերքումը քրեականացնելու վերաբերյալ օրենք ընդունած երկրներում այդ օրենքներից հրաժարվելու ուղղությամբ։




Լրահոս