Օրենքն արգելում է Կարեն Կարապետյանին զբաղեցնել վարչապետի կամ փոխվարչապետի պաշտոնները. ինչ որոշում կկայացնի Արմեն Սարգսյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության նախագահ՝ պարոն Արմեն Սարգսյանին

Հայաստանի Հանրապետության քաղաքացի,
մասնագիտությամբ փաստաբան Հայկ Ռուբենի Ալումյանից

Դ Ի Մ Ու Մ

Պարոն Նախագահ.

Ձեր 18.04.2018 թվականի թիվ ՆՀ-267-Ա հրամանագրով քաղաքացի Կարեն Վիլհելմի Կարապետյանին նշանակել եք Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետ: Ներկա պահին, օգտվելով այն հանգամանքից, որ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարվել է իր պաշտոնից, առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը ժամանակավորապես իրականացնում է Հանրապետության վարչապետի լիազորությունները:

Հարկ եմ համարում Ձեր ուշադրությունը հրավիրել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 148-րդ հոդվածի 1-ին մասի վրա, համաձայն որի՝ «Կառավարության անդամը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները:

Պատգամավորին ներկայացվող պահանջներն ամրագրված են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ մասում, որտեղ ասված է՝

« Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք»:

Քաղաքացի Կարեն Կարապետյանը չի համապատասխանում պատգամավորի համար Սահմանադրությամբ սահմանված պահանջներից առնվազն մեկին՝ վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու պահանջին:

Հետևաբար, նա չի կարող լինել Կառավարության անդամ: Իսկ Կառավարության անդամ, ըստ ՀՀ Սահմանադրության 147-րդ հոդվածի 1-ին մասի, հանդիսանում են վարչապետը, փոխվարչապետը և նախարարները:

Վերը շարադրվածից հետևում է, որ քաղաքացի Կարեն Կարապետյանը չի կարող զբաղեցնել Հայաստանի Հանրապետության վարչապետի, փոխվարչապետի կամ նախարարի պաշտոն: Նրան ՀՀ առաջին փոխվարչապետ նշանակելու մասին Ձեր 18.04.2018 թվականի թիվ ՆՀ-267-Ա հրամանագիրն, այսպիսով, հակասահմանադրական է և ենթակա է վերացման՝ անվավեր ճանաչման:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի համաձայն՝

«1. Անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է`

ա) օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով.

բ) կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում.

գ) շահերի բախման իրավիճակում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ոչ իրավաչափ վարչական ակտը կարող է անվավեր ճանաչվել այդ ակտն ընդունող վարչական մարմնի կամ դրա վերադաս մարմնի կողմից, ինչպես նաև դատական կարգով: (…)»:

Ելնելով վերը շարադրվածից, խնդրում եմ՝ անվավեր ճանաչել քաղաքացի Կարեն Վիլհելմի Կարապետյանին Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետ նշանակելու մասին Ձեր 18.04.2018 թվականի թիվ ՆՀ-267-Ա հրամանագիրը:

Դիմող՝ Հայկ Ալումյան
25.04.2018թ:




Լրահոս