Թող հանրապետականները գնան, որպեսզի կեղտը մաքրվի․ Լիլիթ Պիպոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը Հայաստանի քաղաքական ներքին կյանքում տեղի ունեցող վերջին զարգացումների շուրջ զրուցել է երգչուհի, երգահան Լիլիթ Պիպոյանի հետ։

-Տիկի՛ն Պիպոյան, նոր էինք սկսել տոնել թավշյա հեղափոխությունը, սակայն երկրում կտրուկ կերպով իրավիճակ փոխվեց։ Հասկանալի է, որ Սերժ Սարգսյանի անձի դեմ պայքարը բավական չէր, պետք էր համակարգի դեմ պայքար մղել։ Հատկապես, որ հանրապետականներն ասում են, որ իրենք խորհրդարանում մեծամասնություն են կազմում եւ իրենք էլ ընտրելու են իրենց ղեկավարին։ Ի՞նչ տպավորություն ունեք այս գործընթացներից։

-Իհարկե, սպասելի էր այս ամենը։ Նրանք հեշտ ու հանգիստ իշխանությունը չէին հանձնի։ Ես հուսով եմ, որ Նիկոլ Փաշինյանն ուներ այնքան ռեալ տեսլական, որ կարողանար կանխատեսել հնարավոր դժվարությունները։ Հիմա մի փոքր բարդ է հասկանալ՝ ինչ կարող է լինել։ Ես տեսնում եմ, որ Փաշինյանի դիրքորոշումն աջակցվում է նաեւ դրսից, կարեւոր միջազգային դերակատարների կողմից։ Տեսնենք՝ այսօրն ու վաղը ինչ ցույց կտան։ Բայց եթե հանրապետականները կամովի հրաժարական չտան, մենք պետք է լուծարենք Ազգային ժողովը։ Դա է ճանապարհը։

-Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի քայլերին հետեւելով՝ ի՞նչ եզրակացություններ կարելի է անել։

-Վերջերս նրա ելույթն էի լսում, մոտավորապես այն էր ասում, որ կա զանգված՝ այլ կերպ է մտածում, ոչ այնպես, ինչպես ցուցարարները, եւ պետք չէ նրանց կարծիք պարտադրել։ Ինքը ուզում է վարչապետի ընտրությունը դնել քվեարկության, բայց պետք է հասկանալ, որ պառլամենտի կազմը արդեն երեկվա կազմ է, արդեն անցած իրավիճակում են գտնվում։ Միեւնույն է՝ պետք է հեռանան։ Դա փաստ է, որի հետ հարկավոր է հաշտվել։ Թող հիմա իրենք զենքերը վայր դնեն, դրանից հետո լինեն ընտրություններ։ Այդ ժամանակ խորհրդարանի կազմը թող ընտրի ժողովուրդը։ Թող հանրապետականները գնան, որպեսզի կեղտը մաքրվի։ Եթե այդքան լավն են, թող իրենց նորից ընտրեն, մենք ուղղակի կապահովենք այդ ընթացքի արդարությունը։

Աննա Բաբաջանյան




Լրահոս