Սերժ Սարգսյանի բանագնացները ճնշել են ՀՀԿ-ական պատգամավորներին. քաղաքական ճգնաժամը խորանում է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ-ն բացահայտ մարտահրավեր է նետել հասարակությանը` ցույց տալով, որ իրենք պատրաստ են խորացնել քաղաքական ճգնաժամը, պատրաստ են գնալ ամենավերջին ստորությունների, առճակատումների` հանուն իշխանությունը եւս մեկ օր պահպանելու: Երեկ խորհրդարանում 45 կողմ, 55 դեմ ձայների հարաբերակցությամբ տապալվեց ՀՀ վարչապետի պաշտոնում ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանի ընտրությունը:

Օրվա սկզբում սպասվում էր՝ ՀՀԿ-ից, այնուամենայնիվ, մի քանի հոգի կողմ կքվեարկի Փաշինյանին: Սակայն օրվա վերջում իրավիճակ փոխվեց: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀԿ-ական պատգամավորները, որոնք դեմ չեն եղել Փաշինյանի օգտին քվեարկելուն, ենթարկվել են հոգեբանական ճնշումների: Սերժ Սարգսյանի բանագնաց պատգամավորներն իրենց գործընկերներին համոզել են մոտավորապես հետեւյալ խոսքերով. «…այսքան տարի միասին ճանապարհ ենք անցել, չպետք է մեկ օրում եղածն ուրանալ, այլապես կստացվի Սարգսյանի հրաժարականով հիմա թիմն է քանդվում», «մենք նեղ օրվա ընկեր ենք» եւ այլն: Արդյունքում եղավ այն, ինչ եղավ. բացի Շիրակի մարզից պատգամավոր ընտրված Ֆելիքս Ցոլակյանից, որը կողմ էր քվեարկել ժողովրդի թեկնածուին, մյուս ՀՀԿ-ականները դեմ եղան:

Նիկոլ Փաշինյանն, իհարկե, չի պատրաստվում նահանջել: Հանրապետության հրապարակում ԱԺ հատուկ նիստին հետեւելու համար հավաքված եւ մոտ 10 ժամ իրեն սպասող քաղաքացիների հետ արդեն ուշ երեկոյան հանդիպման ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ այսօրվանից վերսկսվում են զանգվածային բողոքի ակցիաները՝ դասադուլներ, գործադուլներ, փողոցների շրջափակում եւ այլն, ու այսպես այնքան ժամանակ, քանի դեռ դե յուրե չի արձանագրվել ժողովրդի հաղթանակը:

Իսկ մինչ այդ մեզ հայտնի դարձավ, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորները ջնջել են սոցիալական ցանցերում իրենց էջերը. պատճառը քաղաքացիների «հարձակումներն» են եղել, երբ ամենավերջին հայհոյանքներով մարդիկ իրենց վերաբերմունքն են արտահայտել ՀՀԿ-ի եւ ՀՀԿ-ականների մասին: Սա պատասխանն էր ԱԺ նիստում նրանց քստմնելի պահվածքի:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս