Նիկոլ Փաշինյանը փարատեց կասկածները. ռուս քաղաքագետի անդրադարձը` Փաշինյան-Պուտին հանդիպմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում Սոչիում տեղի է ունեցել նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Հանդիպման ժամանակ երկու երկրների ղեկավարները հույս են հայտնել, որ հայ-ռուսական հարաբերությունները կզարգանան այնպես, ինչպես եղել են մինչ այժմ: «Ես հույս ունեմ, որ մեր հարաբերությունները նույն կերպ կզարգանան, ինչպես մինչ այժմ են եղել: Մենք կշարունակենք աշխատել միջազգային հարթակներում՝ սկսած ՄԱԿ-ից, որտեղ Հայաստանն ու Ռուսաստանը միշտ իրար աջակցել են, ավարտած տարածաշրջանային հարթությունում»,- նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Փաշինյանն էլ իր հերթին նշել է. «Քննարկման ենթակա չեն Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ ռազմավարական ու դաշնակցային հարաբերությունները։ Ես կարող եմ վստահեցնել, որ Հայաստանում այդ հարցում կա կոնսենսուս, եւ ոչ ոք երբեք կասկածի տակ չի դրել, ու հուսով եմ` չի դնի հայ-ռուսական եղբայրական հարաբերությունները: Մենք հույս ունենք զարգացնել մեր կապերը ռազմատեխնիկական ուղղությամբ»:

Երկու երկրների ղեկավարների հանդիպման եւ հետագա զարգացումների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովի հետ:

-Պարո՛ն Կոլերով, երեկ Սոչիում տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպումը: Ի՞նչ կարող ենք առանձնացնել երկու երկրների ղեկավարների հանդպումից:

-Հանդիպումը լավն էր, պոզիտիվ եւ օգտակար: Այն վերջնականապես վերջ դրեց խուճապային տրամադրություններ տարածող խոսակցություններին այն մասին, որ Սերժ Սարգսյանի հեռացումը կփչացնի հայ-ռուսական հարաբերությունները: Այս ամրագրումը շատ կարեւոր էր:

Այսինքն` առաջին կարեւոր արձանագրումը դա կարո՞ղ ենք համարել:

-Իհարկե, եւ դա առաջին հերթին կախված է հենց Հայաստանից: Ռուսական կողմից հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման հնարավորության մասին ոչ մի ձայն, խոսք, ակնարկ չի եղել: Եվ այս պարագայում ամեն ինչ կախված է միայն Հայաստանի նոր ղեկավարությունից:

-Դուք հակառակի մասին որեւէ ակնարկ լսե՞լ եք ՀՀ նորընտիր վարչապետից:

-Անձամբ իրենից ոչ, սակայն իր թիմից, որի հետ հանդես է գալիս կոալիցիայով, այո: Ընդ որում, դա լսել ենք մինչ Փաշինյանի վարչապետ դառնալը: Ահա վերջին օրերին` մինչ նրա վարչապետ ընտրվելը եւ դրանից հետո, նա արեց բոլոր անհրաժեշտ հայտարարությունները, որպեսզի հերքի կարծիքներն այն մասին, որ Հայաստանը Փաշինյանի օրոք կդադարեցնի Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունները: Փաշինյանը վերահաստատեց Հայաստանի ցանկությունը` պահպանել ՌԴ-ի հետ ոչ ռազմական, այլ տնտեսական համագործակցությունը:

-Վերջին օրերին շատ են քննարկվում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունները: Տարբերություններ տեսնո՞ւմ եք մինչ այս հնչած հայտարարությունների միջեւ:

-Իհարկե, եւ այդ տարբերությունն ակնհայտ է եւ արմատական: Վերջին տարիներին Հայաստանի ղեկավարությունը փաստացի օրակարգից հանել էր Ղարաբաղի ինքնորոշման ճանաչման հարցը, իսկ Փաշինյանը կրկին անգամ վերադարձրեց այդ հարցն օրակարգ: Դա առաջինն է, իսկ երկրորդն էլ այն է, որ վերջին 21 տարիներին Հայաստանն իր վրա է վերցրել բանակցությունների ողջ պատասխանատվությունը, իսկ Փաշինյանը ելույթ ունեցավ Արցախի` բանակցությունների սեղանին վերադարձի մասին: Դա նույնպես լավ եւ կարեւոր փոփոխություն է:

-Այսինքն` փոփոխություն ի օգո՞ւտ Փաշինյանի եւ Հայաստանի:

-Դա արդեն պետք է հայերը դատեն, այլ ոչ թե ես: Սակայն փոփոխությունը կարեւոր է: Եվ նշեմ, որ նախկինում բանակցությունները եղել են եռակողմ` Հայաստանի, Ադբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ, եւ Թուրքիայի մասնակցության մասին որեւէ խոսք երբեք չի եղել:

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս