Ամեն րոպե սպասելի է պարտված թիմի ռևանշի վտանգը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանն իշխանությունից հեռացավ միայնակ: ՀՀԿ-ականները չհետեւեցին իրենց առաջնորդի քայլին, եւ Սարգսյանի հրաժարականից հետո այդպես էլ որեւէ բարձրաստիճան ՀՀԿ-ական պաշտոնյա չշտապեց հրաժարական ներկայացնել: Բացառություն էին միայն առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանն ու մի քանի նախարար: Բայց նրանք էլ այդ քայլին գնացին միանգամայն այլ պատճառով. միեւնույն է, Նիկոլ Փաշինյանի կառավարությունում նրանց չէին ընդգրկելու, ուստի իրենք գերադասեցին առաջին քայլն անել: Իսկ ահա Սերժ Սարգսյանի թիմի մյուս մասը շարունակում է պահպանել պաշտոնները: Պատահական չէ, որ այդպես էլ հրաժարական չի ներկայացրել օրենսդիր մարմնի ՀՀԿ-ական ղեկավար կազմը. ո՛չ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ո՛չ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովն ու Արփինե Հովհաննիսյանը, ո՛չ էլ խորհրդարանում մշտական հանձնաժողովների ՀՀԿ-ական նախագահները մտադիր չեն թողնել իրենց աթոռները: Այնինչ տրամաբանական էր, որ երկրի ղեկավարի պաշտոնից Սերժ Սարգսյանի հեռանալուց հետո պետք է իշխանությունից հեռանար նաեւ նրա թիմը, ընդ որում` առաջին հերթին հենց քաղաքական պաշտոն զբաղեցնողները:
Միաժամանակ շարունակում է պաշտոնավարել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որը, հիշեցնենք, ՀՀԿ ԳՄ անդամ է: Ընդ որում, նա ոչ միայն չի շտապում հրաժարականի դիմում ներկայացնել, այլեւ, ի պատասխան իր պաշտոնակությունը պահանջողների, ի պաշտպանություն իրեն, հավաքներ է կազմակերպում: Էլ չենք խոսում ՀՀԿ-ական մյուս խոշոր համայնքապետերի մասին, որոնք եւս պահպանում են իրենց իշխանությունը, ըստ այդմ՝ նաեւ լծակները:

Քաղաքական առումով այս իրավիճակը, մեղմ ասած, աննորմալ է: Բայց տեղի ունեցող գործընթացների բովանդակությունը միանգամայն պարզ է. իշխանությունից հեռացել է ՀՀԿ-ի գործադիր թեւը, որին, այսպես, թե այնպես, նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռացնելու էր: Իսկ մյուս պաշտոնյաները, որոնց վրա վարչապետն ուղղակի լծակներ չունի, ոչ միայն չեն շտապում հանձնել իշխանությունը, այլեւ` ընդհակառակը: ՀՀԿ-ն ամեն րոպե սպասում է հարմար պահի հակահեղափոխություն իրականացնելու եւ կրկին իշխանությունը մոնոպոլիզացնելու համար: Ասել է, թե Հայաստանում իշխանափոխությունը դեռ տրամաբանական ավարտին չի հասել: Իսկ քանի դեռ Հայաստանում ամբողջական իշխանափոխություն չի իրականացվել, ամեն րոպե կախված է պարտված թիմի ռեվանշի վտանգը` ընդ որում՝ ռեվանշից հետո շատ ավելի մռայլ ապագայի հեռանկարով:

Այս ամենը քաջ գիտակցելով` Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը պետք է առավելագույնս զգոն լինեն, միաժամանակ օր առաջ ձեռնամուխ լինեն արտահերթ ընտրությունների անցկացման: Այլապես, հետո արդեն ուշ կլինի:




Լրահոս