Հայրենիքին մատուցած ծառայությունները հիմք չեն արդարացնելու սպանությունները. «Սասնա ծռերի» հարցը պետք է լուծվի բացառապես օրենքով. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սասնա ծռեր» խմբավորման անդամների մեջ կան նաեւ մարդիկ, որ անուրանալի ներդրում են ունեցել նորանկախ Հայաստանի պատմության մեջ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ: «Սասնա ծռեր» խմբավորման անդամների մեջ նաեւ մարդիկ են, որ տեւական ժամանակ ազնիվ մղումներով պայքարել են Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի իշխանության դեմ: Բայց լինենք անկեղծ. նախկինում հայրենիքին մատուցած նրանց ծառայությունները հիմք չեն արդարացնելու 2016թ. հուլիսին ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումը, որի ժամանակ սպանեցին երեք հոգու` խլելով երեք հոգու կյանք, որբացնելով երեք ընտանիք: Ու որքան էլ «Սասնա ծռերի» անդամները փորձեն արդարացնել իրենց արածը (ընդ որում` կեղծ փաստարկներ բերելով), փաստը մնում է փաստ. այդ խմբավորման անդամների գործողությունների արդյունքում եղել են սպանություններ, այսինքն` կատարվել են ծանրագույն հանցագործություններ: Իսկ հանցագործությունների համար մարդկանց չեն հերոսացնում: Հայաստանում հակառակ միտումն է նկատվում: Ճիշտ է, շատ փոքր խմբակի կողմից, բայց «Սասնա ծռերի» ազատ արձակման պահանջով պարբերաբար ակցիաներ են անցկացվում:

Երկու օր նրանք փակել էին Արշակունյաց փողոցը, որտեղ տեղակայված է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը: Երեկ նրանք միանգամից չանսացին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին` դադարեցնել բողոքի ակցիաներն ու վերացնել փողոցների շրջափակումը: Տեղի տվեցին միայն որոշ ժամանակ անց, բայց շարունակեցին դատարանի շրջափակումը` կազմալուծելով ՀՀ-ում արդարադատություն իրականացնելու միակ իրավունք ունեցող կառույցի գործունեությունը: Սա, համաձայնեք, որեւէ լավ բանի մասին չի վկայում: Ընդհակառակը, արդեն լուրջ հիմքեր կան պնդելու, որ այս ամենը նպատակաուղղված է նոր իշխանության դեմ: Այս ամենն արվում է պետության եւ օրենքի դեմ` վտանգելով երկրի ապագան:

Մեկ արձանագրում էլ. Նիկոլ Փաշինյանը միանգամայն իրավացի է, երբ խոսում է քաղբանտարկյալների խնդրին տարբերակված մոտեցում ցուցաբերելու եւ հարցերը բացառապես ՀՀ-ում գործող օրենքների շրջանակներում լուծելու մասին: Այլապես կամայական մոտեցման դեպքում հետեւանքները կարող են շատ վատ անդրադառնալ ոչ միայն գործադիր իշխանության, այլեւ հենց պետության վրա: Իրավացի է նաեւ ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Արտակ Զեյնալյանը, երբ պնդում է. «Բոլոր հնարավոր ճանապարհները քննարկվում են, որպեսզի դա լինի օրինական, արդար` հաշվի առնելով դատական իշխանության անկախության բացարձակ սկզբունքը»: Ի դեպ` օրինականություն, արդարության սկզբունք կիրառելիս չպետք է մոռանալ նաեւ զոհերի իրավահաջորդներին:




Լրահոս