Հայրենիքի պաշտպանի Վերականգնողական կենտրոնում տղաները բուժվում են լավագույն պայմաններում՝ իմ աչքով եմ տեսել. Հայկ Աղվանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

-Սա ոչ թե հիվանդանոց է, այլ 5 աստղանի հյուրանոց,- տեսնելով Հայրենիքի պաշտպանի տուն վերականգնողական կենտրոնը՝ ասում է Ուկրաինայում գործող «Армянская инициатива» բարեգործական հիմնադրամի նախագահ Հայկ Աղվանյանը: Հայկն իր գործընկերոջ հետ Հայաստան է եկել Թավշյա հեղափոխության օրերին ու առաջին անգամ է այցելում Կենտրոն, որի ստեղծման աշխատանքներին անմիջական մասնակցություն է ունեցել:

Հիմնադրամը ֆինանսավորել է Կենտրոնում գործող ջրային պրոցեդուրաների մասնաբաժնի կառուցման աշխատանքները:

-Նախորդ տարի, երբ Հայաստանում էի, Հրանտ Մելիք-Շահնազարյանը ծանոթացրեց Հայկուհի Մինասյանի հետ (Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին ՀԿ նախագահ) և այդ ժամանակ առաջին անգամ լսեցի, որ Հայաստանում վիրավոր զինվորների ու զինվորական հաշմանդամների համար վերականգնողական կենտրոն է կառուցվելու: Ծանոթանալով նախագծին՝ հասկացա, որ մենք մեր հիմնադրամի միջոցով ևս կարող ենք աջակցել դրան,- պատմում է Հայկը:

Իրականում «Армянская инициатива» բարեգործական հիմնադրամը դասական իմաստով բարեգործական չէ ու Վերականգնողական կենտրոնին աջակցությունն իր տեսակով առաջին դեպքն է: Հայկի խոսքով, Հիմնադրամի բուն առաքելությունը հենց Ուկրաինայում ապրող հայ համայնքի զարգացմանը նպաստելն է.

-Մեր նպատակը Ուկրաինայում ապրող հայերի համար զարգացման համակարգ ստեղծելն է: Այսինքն այնպիսի համակարգ, որտեղ պաշտպանվում են հիմնադրամի յուրաքանչյուր անդամի և՛ մասնավոր, և՛ բիզնես իրավունքներն ու շահերը: Հիմնադրամի ներսում կա բիզնես ակումբ, որն օգնում է սկսնակ բիզնեսին ոտքի կանգնել, իսկ արդեն գործող բիզնեսին՝ ավելի ամրանալ: Բարեգործությունը շատ չենք կիրառում, Երևանում վերականգնողական կենտրոնի կառուցմանն աջակցելը եզակի այդ օրինակ ծրագիր էր:

-Այդ դեպքում ո՞րն էր ձեր անձնական մոտիվացիան, ինչու՞ որոշեցիք ձեր հիմնական առաքելությունից դուրս գտնվող ծրագրի աջակցել:

-Ես ինքս ծառայել եմ Հայաստանում և գիտեմ, թե ինչ է նշանակում, երբ զինվորը փորձանքի մեջ է հայտվում, վիրավորվում է ծառայության ժամանակ: Սահմանին կանգնած յուրաքանչյուր զինվոր արժանի է, որպեսզի երբ առողջական խնդիր է ձեռքբերում ծառայության ընթացքում, ստանա լիարժեք բուժում: Մենք որոշեցինք հենց այս ծրագրին մասնակցել, որովհետև այն կապ ունի զինվորի, հայրենիքի պաշտպանի հետ: Ես հասկանում եմ, թե որքան կարևոր է որակյալ բժշկական օգնությունը: Մեր հիմնադրամի շարքերում կան և՛ ծառայած տղաներ, և՛ մարդիկ, որոնք անգամ Հայաստանում չեն ծնվել, բայց մենք բոլորս հասկանում ենք, թե որքան կարևոր կարող է լինել մեր աջակցությունը:

– Այս պահին հենց կենտրոնից եք դուրս գալիս, առաջին անգամ ձեր աչքով եք տեսնում կատարված աշխատանքը, ի՞նչ տպավորություն եք ստացել, որքանո՞վ է ստացվածը համապատասխանում նախնական պատկերացումներին:

– Նույնիսկ չգիտեմ՝ ինչ կարող եմ ասել, ես աչքերիս չհավատացի, երբ տեսա, թե ինչ հսկայական աշխատանք է կատարվել այսքան կարճ ժամանակում: Մարդիկ անգամ բնակարանի նորոգումը չեն կարողանում այդքան կարճ ժամանակում այդքան որակով անել, իսկ այստեղ ոչ թե նորոգում են արել, այլ ամբողջ շենքը վերակառուցել են: Երբ ես առաջին անգամ տեսա շենքը, այն ուներ միայն դատարկ պատեր ու առաստաղ, ներսում ամեն ինչ քանդված էր, կային միայն 3D մոդելավորված լուսանկարներ, որոնք ցույց էին տալիս, թե ինչպիսին պետք է լինի ապագա կենտրոնը:

Թերևս ավելի հեշտ կլիներ զրոյից շենք կառուցել, քան այդ շենքը վերակառուցել, պատերն ամրացնել, բայց փաստորեն կարողացել են: Ինքս գործարար եմ ու հենց սկզբից հասկացա, թե ինչ մեծ ծավալի աշխատանքի ու գումարի մասին է խոսքը գնում: Մենք որոշում կայացրեցինք, որ պետք է գումար հավաքենք ու ինչ-որ չափով օժանդակենք: Ուկրաինայի հայ համայնքն այդքան էլ ակտիվ չէ նման հարցերում, բայց մենք որոշեցինք օգտակար լինել: Հայկուհին ինձ նախապես ասել էր, որ պետք է կառուցեն այնպիսի Կենտրոն, որը չի հիշեցնի հիվանդանոց, զինվորներն իրենց կզգան ինչպես հյուրանոցում:

Հիմա կարող եմ ասել, որ սա 5 աստղանի հյուրանոց/հիվանդանոց է: Չգիտեմ էլ՝ որտեղից են այսքան գումար գտել, ամեն ինչ շատ որակով է, էլ չեմ խոսում սարքավորումների մասին: Ինչպես հասկացա, դրանք առաջնակարգ, վերջին սերնդի սարքավորումներ են, վստահեմ, որ տարածաշրջանում այս օրինակ սարքավորումներ որևէ կենտրոնում չկան: Մարդիկ իսկապես անհնարինն են հնարավոր դարձրել:

-Արդյո՞ք ձեր աջակցությունը Կենտրոնին մեկ անգամյա է, թե կարծում եք կլինի շարունակական:

-Ինձ հետ Հայաստանում է նաև Հիմնադրամի փոխտնօրեն Արմեն Գասպարյանը, մենք Հայկուհի Միանսյանի հետ գործնական/ընկերական հանդիպում ունեցանք ու հասկացանք, որ կառուցելը մի բան է, բայց պահելն ու աշխատեցնելը շատ ավելի բարդ ու կարևոր է: Մենք որոշեցինք, որ պետք է շարունակենք աջակցությունն ու դա պարբերական դարձնենք: Մտածեցինք, որ կարող ենք ապահովել ամսական սննդամթերքի ծախսը: Կփորձենք դա ապահովել ինչպես գումարի, այնպես էլ հենց սննդամթերքի տեսքով: Ես կուզեմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ում շնորհիվ այս ամենն իրականություն է դարձել: Շնորհակալություն եմ հայտնում մեր բարերարներին, վստահեցնում եմ, որ մեր տրամադրած գումարը հասել է հասցեատիրոջը, այն ծախսվել է ոչ թե 100 այլ 110 տոկոսով:




Լրահոս