«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ «Փաստ» օրաթերթ զանգահարած քաղաքացին տեղեկացնում էր, որ տրանզիտով դեպի ԱՄՆ մեկնելու համար օդանավում, այսպես կոչված, «լավ տեղերի» համար իրենից գումար չեն ուզել, ուղղակի աշխատակիցներից մեկը խնդրել է մի փոքրիկ փաթեթ տեղափոխել իր հետ: Մանրամասն ստուգելուց հետո, երբ պարզվել է, որ փաթեթում «կրիմինալ» չկա, միայն հագուստ է, համաձայնել է, ինչի դիմաց իրեն առաջարկել են հարմարավետ տեղ՝ կեսկատակ-կեսլուրջ հավելելով, որ դա նախկինում լուրջ գումար արժեր:
Մեր ունեցած տեղեկություններով, իրականում այդ կատակի մեջ կատակի տոկոսը չափազանց քիչ է: «Զվարթնոց» օդանավակայանում տարիներ շարունակ գործել է ստվերային գումարների շրջանառության լուրջ օղակ: Մասնավորաբար, մեր աղբյուրները պնդում են, որ օդանավում «լավ տեղեր» ամրագրելու համար մարդիկ վճարել են 50100 դոլար՝ կախված թռիչքի հեռավորությունից կամ տրանզիտի առկայությունից:
Բնականաբար, այդ գումարները պաշտոնական գրանցում չեն ունեցել, ավելին, «գանձվել» են աչքից հեռու տեղերում: Ասում են՝ մոտ քսան օր է՝ այդ «ծառայությունն» այլևս չի գործում, առավելագույնը՝ սոսկ ծանոթ-բարեկամների համար է մնացել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: