Կինոն պետք է ապահովագրվի կոռուպցիոն ռիսկերից․ Դավիթ Մաթևոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս գրող Հրանտ Մաթեւոսյանի որդին՝ կինոռեժիսոր Դավիթ Մաթեւոսյանը նշանակվեց մշակույթի նախարարի խորհրդական: «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց՝ իր ոլորտի որ խնդիրներին է պատրաստվում անդրադառնալ ռեժիսորը եւ արդյոք հեշտ է աշխատել մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ, վերջինս պատրաստակամ է արդյոք խորհուրդներ լսելու հարցում:
Պարոն Մաթեւոսյանը նախ նկատեց, որ այս նախարարությունը պետք է կարողանա ճիշտ կառավարել այն «ժառանգությունը», որը ստացել է իր նախորդներից: Նրա խոսքով՝ քանի որ հեղափոխությունից հետո որոշակի դադար էր գրանցվել, դրանից հետո նախ հարկավոր է վերականգնվել եւ ոտքի կանգնել:

«Հիմա իրավիճակին ծանոթանալու փուլում ենք: Կինեմատոգրաֆիային վերաբերող հարցեր դեռ նախորդ կառավարության օրոք էին ակտիվ նախաձեռնող պրոֆեսիոնալների կողմից առաջ քաշվել, քննարկման էր դրվել, օրինակ, կինոյի մասին օրենքը: Այլ հարց է, որ ինչ-ինչ հանգամանքների բերումով առաջադեմ եւ խրախուսելի կետեր համառորեն չէին ընդգրկվում այդ ծրագրերում: Կինոյի բնագավառը ազատ մրցակցությունն ու միջազգային համագործակցության համար նախատեսված նախագծերի գրագետ ընտրությունն ապահովող մեխանիզմների կարիք ունի: Հարկավոր է ոլորտը զերծ պահել կամայական եւ վարչարարական մեթոդներից: Կինոն պետք է ապահովագրվի կոռուպցիոն ռիսկերից»,-մեկնաբանեց պարոն Մաթեւոսյանը:

Ինչ վերաբերում է Լիլիթ Մակունցի աշխատելաոճին, ապա այն մեր զրուցակիցը դրական գնահատեց՝ շեշտելով, որ նախարարը ինֆորմացիայի ժողովման եւ իրավիճակի վերլուծման փուլում է. «Նախարարի համար այս համակարգը նոր է, ես մի քիչ ծանոթ եմ դրան եւ ինձ լավ եմ զգում, որ կարող եմ օգնել Լիլիթ Մակունցին: Ինձ համար ողջունելի են հատկապես արագ տրամաբանելու եւ իրավիճակային լուծումներն արագ գտնելու նրա հատկանիշները, նաեւ բարեխղճությունը»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս