Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության 12 պատգամավորներ, ինչպես նաև «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն անձնական երաշխավորագրեր են ներկայացրել Ժիրայր Սէֆիլյանին ազատելու համար:
Ներկայացնելով ընդդիմադիր գործչի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը՝ նրա փաստաբանն այսօր միաժամանակ ներկայացրեց Սեֆիլյանի դիրքորոշումը՝ միջնորդությունը քննարկել այս գործով մյուս մեղադրյալներին ազատ արձակելուց հետո միայն, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Վերաքննիչ քրեական դատարանը հետաձգեց միջնորդության քննությունը՝ հայտարարելով, թե մեղադրյալների խափանման միջոցի հարցին կանդրադառնա դատավարության ավարտին, երբ հեռանա խորհրդակցական սենյակ:
Առաջին ատյանի դատարանը Սեֆիլյանին դատապարտել է 10 տարի 5 ամսվա ազատազրկման, ընդդիմադիր գործիչը վերաքննիչ ատյանում պահանջում է արդարացում: