«ԸՆԿԵՐՆԵՐԸ ՔՉԱՑԵԼ ԵՆ. ԴԱ ԱՐՀԱՎԻՐՔ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի բլից հարցերին պատասխանել է դերասան, երգիչ Ավո Խալաթյանը: Մենք զրուցել ենք նրա էությունը բացահայտող ամենատարբեր թեմաներից եւ ստացել ինքնատիպ պատասխաններ:

-Ավո՛, եթե հավատաք ռեինկարնացիային, ի՞նչ կամ ո՞վ կցանկանաք լինել հաջորդ կյանքում:
-Ես կենդանիներ եմ շատ սիրում, ուստի կցանկանայի բարձր ճախրող ուժեղ մի թռչուն լինել:
-Ձեր բնավորության ո՞ր գիծն է միշտ փրկել Ձեզ:
-Ազնվությունը: Դա, կարելի է ասել, կյանքի կրեդո է, ոչ բնավորության գիծ:
-Մարդուն լավ ապրելու համար հարկավոր է…
-Ազատություն:
-Կոնֆլիկտի դեպքում սիրելիից հեռանալ` տեսարաններ սարքելո՞վ, թե՞ լուռ:
-Լուռ տեսարաններով (ծիծաղում է):
-Չեք ուզում հիշել Ձեր կյանքի այն փուլը, երբ…
-Նույնիսկ ամենաբարդ փուլերն էլ հաճույքով եմ հիշում: Օրինակ՝ մանկությանս տարիներին բավական դժվարություններ եմ տեսել, 1990-ականներին մի ամբողջ սերունդ է ապրել այդ ամենը, բայց ես, միեւնույն է, ուզում եմ հիշել եւ նույնիսկ ետ բերել առանց խաղալիքի, բայց երանելի մանկությունս:
-Ձեզ կարող է նեղացնել միայն նա…
-Ումից նման բան չեմ սպասում:
-Ումի՞ց կամ ինչի՞ց կախվածություն ունեք:
-Կյանքից, առավոտից, մարդկանցից, ապրելուց:
-Ամառային հանգստի Ձեր նախընտրելի տարբերա՞կը:
-Երբեմն սիրում եմ միայնակ հանգստանալ, բայց եթե, օրինակ, ծովափին եմ, նախընտրում եմ լինել ընտանիքիս, ընկերներիս հետ: Թերեւս պասիվ հանգստի սիրահար եմ, բայց չեմ հիշում, թե վերջին շրջանում երբ եմ միայնակ մեկնել հանգստի, որպեսզի կարողանամ լիարժեք թոթափել հոգնությունս: Իսկ եթե, ասենք, երեխաների հետ ես, պասիվ հանգստի մասին պետք է մոռանալ:
-Ձեր ամենամեծ հաջողությունն ի՞նչն եք համարում:
-Նման ընտանիք ունենալը:
-Շարունակեք միտքը. «Ամբողջ կյանքն էլ չի բավականացնի…»
-Սիրելու համար: Սա կարող է օրիգինալ չհնչել, բայց ոնց պտտվես, այդ եզրահանգման ես գալու: Մարդ միշտ ուզում է, որ իր սիրտը թրթռա:
-Ֆիլմ, որը ոգեշնչել է Ձեզ:
-Դրանք շատ են: Ի դեպ, ասեմ, որ վերջին շրջանում «Օսկարի» արժանացած մի շարք ֆիլմեր չեմ հավանել, փոխարենը ինձ հաճախ գրավում են ոչ մի մրցանակի չարժանացած ժապավենները: Ինչ վերաբերում է ոգեշնչելուն, պատանի հասակում դիտել եմ «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմը, որը, կարծում եմ, շատ ազդեցիկ է եւ տպավորիչ: Ծնողներիս հետ մեկնել էինք Ֆիոլետովո հանգստի, եւ հիշում եմ, որ այնտեղ եմ այն դիտել առաջին անգամ:
-Ձեր ներաշխարհն ի՞նչ գույն ունի:
-Գունապնակս բավական բազմերանգ է, ըստ տրամադրության` գույները փոխվում են՝ սեւից մինչեւ վառ երանգներ:
-Ո՞րն է աշխարհի ամենալավ տեղը:
-Երեւանը: Վերջին 10-12 տարում շատ եմ շրջագայել, բազմաթիվ երկրներում եմ եղել, բայց ոչ մի երկիր ինձ այնքան չի գրավել, որքան իմ հայրենիքը: Ոչ մի երկիր ինձ չի գամել այնպես, ինչպես Հայաստանը: Երեւանի հետ ոչ մի քաղաք չեմ համեմատի: Երբ Երեւանից երկար ժամանակով բացակայում եմ, դեպրեսիայի մեջ եմ ընկնում:
-Ապտակ, որ այդպես էլ չեք մարսել:
-Ամեն ինչ էլ մարսվում է, եթե կյանքիդ կարգախոսը ճիշտ ես ընտրում: Ամենակարեւորն այն է, որ հիշաչար չեմ, իսկ ապտակիկներ, փոքրիկ դավաճանություններ, իհարկե, եղել են:
-Ընկերը նա է, ով…
-Ընկերն ամեն ինչ է: Երեւանում սարսափելի է ապրել առանց ընկերների: Երբ աշխատանքից գալիս ես տուն, ժամանակ ես անցկացնում ընտանիքիդ անդամների հետ եւ հանկարծ օդ ու ջրի պես զգում ես ընկերների կարիք, բայց ընկերները Երեւանում քչացել են. դա արհավիրք է:
-Ավարտեք միտքը՝ «Մարդիկ լույս աշխարհ են գալիս, որպեսզի…»:
-Որպեսզի աշխարհի լույսը պահեն եկող սերնդի համար:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

ՄԱՀԱՑԵԼ Է ՆԱԴԵԺԴԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ
Կյանքից հեռացել է երգչուհի, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանը: Նա երկար ժամանակ արտերկրում քաղցկեղի դեմ բուժում էր ստանում:
Որոշ ժամանակ առաջ Նադեժդա Սարգսյանի դուստրը՝ երգչուհի Էմմին, ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Երեւի Աստված ինձ շատ է սիրում, որ հենց դու ես իմ մայրը: Այդքան ուժեղ, բարի, գեղեցիկ, մարդասեր, ուրախ, պայքարող, սիրող եւ սիրվող: Քեզ խնդրում եմ, ապրիր հենց ինձ համար, պայքարիր ու հաղթահարիր: Դժվարությունը քեզ համար չէ, 4-րդ կարգի քաղցկեղն էլ կյանքի վերջ չէ»:

 

 

ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
Ըստ Լիվերպուլի պաշտոնական կայքի` Եգիպտոսի հավաքականի եւ «Լիվերպուլ»-ի հարձակվող Մոհամեդ Սալահը նոր երկարաժամկետ պայմանագիր է կնքել անգլիական ակումբի հետ: Մանրամասները չեն հրապարակվում: Մոհամեդ Սալահը «Լիվերպուլ»-ում է հանդես գալիս 2017 թվականից` կնքելով հինգ տարվա պայմանագիր: Հենց առաջին մրցաշրջանում Սալահը 52 խաղում խփել է 44 գոլ:

 

 

ՄՈՈՒՐԻՆՅՈՆ ԳՈՀ Է
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գոհ է Ռուսաստանում անցկացվող աշխարհի առաջնության ընթացքից: «Հրաշալի է, որ ֆավորիտները պարտվում եւ տուն են գնում: Դա ցույց է տալիս, որ ֆուտբոլը թիմային խաղ է, եւ հավաքականները պետք է կախվածություն չունենան մեծ աստղերից: Այս առաջնությունում առայժմ միայն չեմ հավանում խաղացողների եւ մարզիչների վերաբերմունքը կրկնապատկերի համակարգին: Նրանք պետք է հարգեն մրցավարներին: Գլխավոր մրցավարի որոշումը ստուգելու պահանջ ներկայացնող ֆուտբոլիստը կամ մարզիչը պետք է պատժվի դեղին քարտով»,-ասել է Մոուրինյոն:
Հիշեցնենք, որ ֆավորտներից արդեն դուրս են մնացել Գերմանիան, Արգենտինան, Իսպանիան, Պորտուգալիան:

 

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ Է ԿՆՔԵԼ
33-ամյա ամերիկացի բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը պայմանագիր է կնքել «Լոս Անջելես Լեյքերս»-ի հետ: Հարձակվողն ազատ գործակալի կարգավիճակով 4-ամյա պայմանագիր է կնքել ակումբի հետ: Հիշեցնենք` ավելի վաղ Ջեյմսը հրաժարվել էր երկարաձգել պայմանագիրը «Կլիվլենդ Կավալյերս»-ի հետ, որն իրեն հաջորդ մրցաշրջանում 35,6 մլն եվրո աշխատավարձ էր երաշխավորում:




Լրահոս