Մի արտահայտությունը՝ պատուհաս. «Վանաձորի» ՔԿՀ պետի աշխատանքից ազատման հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռ ՀՀԿ իշխանության օրոք «Վանաձորի» ՔԿՀ պետ Գեւորգ Մկրտչյանը հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվեց: Պարզվում է` այս գործը քաղաքական ենթատեքստ ունի, եւ տեսակետ կա, որ նախկին իշխանությունները նրան փորձել են պատժել ընտրություններին ՀՀԿ օգտին չաշխատելու, ՀՀԿ օգտին աշխատանքները սաբոտաժի ենթարկելու համար:

Գաղտնիք չէ ոչ ոքի, որ գրեթե բոլոր քրեակատարողական հիմնարկներում կան արտոնյալ դատապարտյալներ, որոնք թղթախաղով են զբաղվում կամ ստիպում են մյուս դատապարտյալներին մասնակից դառնալ այդ գործընթացին, թմրանյութ են օգտագործում, քրեակատարողական հիմնարկ արգելված իրեր են մտցնում եւ այլ անօրինական գործողություններ կատարում:

Թերեւս դրա վառ ապացույցը վերջին մեկ տարվա ընթացքում բացահայտված դեպքերն են: Մասնավորապես 2017 թվականին բացահայտվել էր, որ Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ի կալանավորներին մարմնավաճառներ են այցելել, իսկ այդ գործում դերակատարություն են ունեցել ՔԿՀ պաշտոնատար անձինք: Արդյունքում մեղադրյալի աթոռին հայտնվեցին մանր ձկները` ՔԿՀ պետի տեղակալ Կարապետ Մկրտչյանը եւ հերթապահ խմբի պատասխանատու հերթապահ Խաչիկ Խաչատրյանը: Ասել է թե` ՔԿՀ պետ Արսեն Աֆրիկյանը ջրից չոր դուրս եկավ, քանի որ իշխանության հետ սերտ կապերի մեջ էր: 2016 թվականին պաշտոնից ազատվեց Նուբարաշեն ՔԿՀ պետ Ռուբեն Ստեփանյանը, որից հետո պաշտոնական դիրքի չարաշահման մասով ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել էր քրեական գործը, սակայն այս գործն էլ փակուղի մտավ: 2017 թվականին ԱԱԾ մտել էր «Գորիս» ՔԿՀ եւ ՔԿՀ թմրանյութ մատակարարելու մի մեծ բանդա էր բացահայտել, սակայն ավելի ուշ մեղադրյալի աթոռին հայտնվեցին մանր ձները, իսկ ՔԿՀ պետին էլ իբր թոշակի անցնելու պատճառով հեռացրին պաշտոնից:

Այսպես կարելի է շարունակել ՔԿՀ-ներում տարիներ շարունակ բուն դրած բանդաների մասին, սակայն ուշագրավն այն է, որ վերոնշյալ բացահայտումների արդյունքում եղան մարդիկ, որոնց բախտը այդքան էլ չբերեց :

2017 թվականի հոկտենբերի 17-ին կալանավորվեց «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ Գեւորգ Մկրտչյանը:

Ըստ ՀՔԾ-ի` պաշտոնական դիրքի չարաշահման, կաշառք տալու, ստանալու հատկանիշներով հարուցված քրեական գործով ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ Գեւորգ Մկրտչյանը, պետի տեղակալ Անդրանիկ Թումանյանը, օպերատիվ բաժնի պետ Ռուբեն Կիրակոսյանը, պատասխանատու հերթապահներ Արտակ Պարսամյանն ու Էդվարդ Քառյանը, ինչպես նաեւ պետական հատուկ ծառայություն իրականացնող այլ պաշտոնատար անձինք 2017 թվականի ընթացքում, նախնական համաձայնությամբ, ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ պատիժ կրող դատապարտյալներից պարբերաբար պահանջել եւ որպես կաշառք ստացել են տարբեր չափերի գումարներ:

Դրա դիմաց դատապարտյալներին տրվել են տարբեր խցեր անարգել ելումուտ կատարելու, թղթախաղով զբաղվելու, թմրանյութ օգտագործելու, քրեակատարողական հիմնարկ արգելված իրեր մտցնելու եւ այլ անօրինական գործողություններ կատարելու արտոնություններ:

Այսպիսով, ըստ օդում կախված լուրերի` «Վանաձոր» ՔԿՀ պետի կալանավորումը բավականին խորը արմատներ ունի: Մասնավորապես, ինչպես հայտնի է, անազատության մեջ գտնվողները եւս «մասնակցում են» ընտրություներին եւ քվեարկում են այն կուսակցության կամ թեկնածուի օգտին, որին հրահանգել է ՔԿՀ պետը: Այսպիսով, 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ –ն «Վանաձոր» ՔԿՀ պետին հրահանգել Է կուսակցության օգտին ձայներ հավաքել, սակայն պահանջը ՔԿՀ պետի կողմից մերժվել է: Ըստ օդում կախված լուրերի` «Վանաձոր» ՔԿՀ պետ Գեւորգ Մկրտչյանը ՕԵԿ-ի գաղտնի աջակիցներից է եղել եւ ՀՀԿ-ին մերժել է` ասելով, թե ով ում ձայն կտա, ինքը չի խառնվի:

Եվ ահա այս արտահայտություն էլ պատուհաս է դարձել նրա համար: Ավելի ուշ իրավապահները նրան պաշտոնական դիրք չարաշահելու, կաշառք վերցնելու համար կալանավորել են, եւ նա մինչ օրս կալանավորված է: Որեւէ մեկը չի ժխտում, որ ՔԿՀ–ում նման դրսեւորուներ են եղել, սակայն ստացվում է այնպես, որ ով իշխանության հետ չի եւ նրա օգտին չի աշխատում, հիշեցնում են անցյալն ու կատարած գործերը եւ կալանավորել տալիս:

Քնար Մանուկյան




Լրահոս