«ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ՄԻԱՅՆԱԿ ՄԱՅՐ ԼԻՆԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը ամառային հանգստի, հետաքրքիր լուծումներով տեսահոլովակի, տղամարդկանց նախընտրելի տեսակի մասին զրուցել է երգչուհի Ջուսի հետ: Նա նշել է, որ երկրպագուներին ներկայանալու է նորովի եւ անսպասելի: Ի դեպ, հուլիսի 9-ին երգչուհու ծննդյան տարեդարձն էր, այնպես որ մենք անդրադարձել ենք նաեւ այդ թեմային: Ջուսը երազանք է պահել. ցանկանում է կատարելագործվել աշխատանքի մեջ եւ անձնական հարաբերություններում:

-Ջո՛ւս, այս տարի ինչպե՞ս նշեցիք Ձեր ծննդյան օրը: Ինչո՞վ այն առանձնացավ:
-Ամեն տարի տարեդարձս նշում եմ ռեստորանում կամ ակումբում, բայց այս տարի ցանկացա նշել տանը՝ հանգիստ պայմաններում, որպեսզի ինչ ուզեի՝ անեի, հագնեի: Նախընտրեցի ծնունդս անցկացնել շատ մտերիմների հետ:
-Որոշե՞լ եք, թե այս ամռանը որտեղ եք անցկացնելու Ձեր հանգիստը: Առհասարակ, Դուք ակտի՞վ, թե՞ պասիվ հանգստի սիրահար եք:
-Այս ամռանը ոչ մի տեղ չեմ գնալու, քանի որ զբաղված ենք նոր տեսահոլովակիս մոնտաժային աշխատանքներով: Այն կթողարկվի սեպտեմբերին եւ կտարբերվի իմ բոլոր տեսահոլովակներից: Չեմ ուզում փակագծերն ամբողջովին բացել, բայց ասեմ, որ երգի հեղինակը Աղասի Գեւորգյանն է: Տեսահոլովակի ռեժիսորը Արայիկ Համբարձումյանն է: Երգն ուղեկցվում է դհոլի նվագակցությամբ: Թվում է, թե ես դհոլի հետ ոչ մի կապ չունեմ, բայց դիմել եմ էքսպերիմենտի: Երգը, բնականաբար, պարային է: Ինչ վերաբերում է հանգստին, ապա շատ կցանկանայի որեւէ կղզի մեկնել, որտեղ կլինեին շատ արմավենիներ: Քանի որ իմ առօրյան բավական էքստրեմալ է եւ «գժական», նախընտրում եմ պասիվ հանգիստ՝ ծով, ավազ, մերսումներ: Այնքան շատ ադրենալին ունեմ կուտակած, որ ինձ թվում է՝ ավելցուկ ունեմ:
-Դուետ ներկայացնելու ծրագրեր ունե՞ք: Շատերը սպասում են հետաքրքիր համագործակցության:
-Այո՛, պատրաստում ենք զուգերգ ակումբային երգիչներից մեկի հետ: Վերջինս այնքան էլ հայտնի չէ, ասպարեզում շատ չի երեւացել, բայց յուրահատուկ աշխատանք է խմորվում: Սեպտեմբերից կսկսենք աշխատանքները:
-Ջո՛ւս, անձնական կյանքում հանգի՞ստ, թե՞ փոթորկուն շրջան է: Այս «ճակատում» նորություն կա՞:
-Ո՛չ, բոլոր տղամարդկանց ուղարկում եմ հեռուներ: Առհասարակ, սիրում եմ, որ տղամարդը կնոջը նվաճում է, իսկ հիմա տղամարդիկ ոնց որ հավես չունեն, ալարում են, չեն ուզում երեւակայությանը զոռ տալ: Պատճառն այն է, որ հասանելի եւ մատչելի կանայք շատ են:
-Անձնական կյանքը կառուցելու անհաջող փորձերից հետո տղամարդկանցից հիասթափվե՞լ եք, կարծում եք՝ բոլորն էլ նույն սանրի կտա՞վն են:
-Այդ փորձերից հետո ես շատ զգույշ եմ տղամարդկանց հետ: Տղամարդը պետք է ջանքեր գործադրի՝ ինձ հասնելու համար: Այդ ջանքերը չպետք է դադարեն գործադրվել նաեւ ինձ նվաճելուց հետո: Նա պետք է ասի՝ քո խնդիրն իմ խնդիրն էլ է: Սիրում եմ ջենթլմեններին: Չնայած այդպիսի տղամարդը ֆանտաստիկայի ժանրից է, ինձ թվում է՝ նման մեկին կարելի է հանդիպել գրքերում, ֆիլմերում, բայց ոչ կյանքում:
-Հարցազրույցներից մեկում նշել էիք, որ ամուսնանալ այլեւս չեք ուզում: Չե՞ք մտափոխվել:
-Չէ՛, շատ պե՞տքս է. ազատությունն այնքան լավ բան է… Կարելի է քաղաքացիական ամուսնությամբ ապրել, որ ոչ մի ԶԱԳՍ չլինի: Տղամարդն ու կինը պետք է ապրեն հանգիստ, առանց իրար ճնշելու, խեղդելու: Տղամարդը չպետք է ինձ ասի՝ այստեղ գնա, այստեղ մի գնա, բայց նա պետք է իմանա, թե ես որտեղ եմ եւ ում հետ:
-Երեխաներ ունենալու ցանկություն կա՞:
-Այո՛, բայց տղամարդ չկա: Տղամարդը պետք է կնոջը թիկունք լինի: Ես չեմ ուզում միայնակ մայր լինել: Ընտանիքը պետք է ամբողջական լինի:
-Եվ վերջում՝ ծննդյան տորթի մոմերը փչելիս ի՞նչ երազանք եք պահել:
-Երազանքս կատարելագործվելն է աշխատանքիս մեջ, անձնական հարաբերություններում: Ուզում եմ միշտ առաջ գնալ: Ինձ թվում է՝ կստացվի, քանի որ աշխատում եմ այդ ուղղությամբ:

Զրուցեց ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆԸ

 

 

 

«ՀԱՎԱՆԱԲԱՐ ԿՀԱՆԳՍՏԱՆԱՄ ԵԳԻՊՏՈՍՈՒՄ»

«Ինձ համար ամառային հանգստի ամենատպավորիչ օրերը եղել են մինչեւ ինը տարեկանը ընտանիքիս՝ հորս, մորս եւ եղբորս հետ անցկացրած պահերին: Դրանից ավելի վառ հուշեր չունեմ: Հետո արդեն կարող եմ առանձնացնել նախորդ տարի որդուս եւ մայրիկիս հետ անցկացրած հանգիստը Եգիպտոսում: Քանի որ ես ընտանիքի մարդ եմ, առանձնակի գնահատում եմ հենց ընտանեկան հանգստի պահերը»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց երգչուհի Լիլիթ Կարապետյանը:

Նա նախկինում ակտիվ հանգստի սիրահար է եղել, սակայն որդու ծնունդից հետո նախընտրում է հանգստի պասիվ տարբերակը. «Քանի որ տղաս օրվա ընթացքում բոլորի էներգիան իր ակտիվությամբ արդեն իսկ սպառում է, նախապատվությունը տալիս ենք պասիվ հանգստին»,-ասաց Լիլիթը:
Ինչպես նախորդ տարի, հավանաբար այս տարի եւս Լիլիթը որդու եւ մայրիկի հետ հանգստի կմեկնի Եգիպտոս: «Ես վախկոտ եմ, առանձնապես էքստրիմի սիրահար չեմ, բայց ջուր շատ եմ սիրում, ուր էլ մեկնեմ, ծովը պարտադիր նախապայման է»,-շեշտեց երգչուհին:
Մենք մի փոքր էլ զրուցեցինք գործնական ծրագրերի մասին: Լիլիթը տեղեկացրեց, որ պատրաստվում է առաջիկայում հանդիսատեսի դատին հանձնել նոր տեսահոլովակ: Երգն արդեն գործիքավորման փուլում է: Երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, խոսքերինը՝ Գրիգոր Կյոկչյանը: Գործիքավորումն անում է Էդգար Ալեքսանյանը. «Սիրո մասին ստեղծագործություն է՝ ակտիվ եւ աշխույժ, վստահ եմ, որ այն ունկնդիրների մոտ ժպիտ կառաջացնի: Պարզապես գործիքավորման պրոցեսը փոքր-ինչ ձգձգվում է, այդ է պատճառը, որ ժամկետների մասով հստակ ոչինչ ասել չեմ կարող»,-նշեց Լիլիթը:
Նա նաեւ հավելեց, որ վերջին շրջանում ակտիվորեն ստանում է կոորպորատիվ միջոցառումների մասնակցելու հրավերներ հատկապես մարզերից:
«Ինձ ուրախացնում է այն հանգամանքը, որ մարզերում կարծես վերականգնվում է երբեմնի աշխույժ կյանքը»,-եզրափակեց Լիլիթը:

Ա. ԱՆՏՈՆՅԱՆ

 

 

 

ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՁԵՌՔ ԲԵՐԵԼ
Մադրիդի «Ռեալ»-ը ցանկանում է ձեռք բերել Բելգիայի հավաքականի եւ Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Էդեն Ազարին: Գործարքի նախաձեռնողը Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսն է: Բելգիացի ֆուտբոլիստը ժամանակին հայտարարել է, որ ցանկանում է աշխատել Զինեդին Զիդանի հետ: Թե ինչ վերաբերմունք ունի Ազարը «Ռեալ»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Խուլյեն Լոպետեգի նկատմամբ, հայտնի չէ:

 

 

ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ
Նիգերիայի հավաքականի հարձակվող Ահմեդ Մուսան, ում իրավունքները պատկանում են անգլիական «Լեսթերի»-ն, չի ցանկանում վերադառնալ Անգլիա: Նշենք, որ անցած մրցաշրջանում, հունվարից սկսած, Մուսան հանդես էր գալիս ԲԿՄԱ-ում վարձակալության սկզբունքով: «Բանակայիններ»-ի ղեկավարները մտադիր են գնել Մուսայի իրավունքները ամառային տրանսֆերային շուկայի ընթացքում: Մուսան եւս տրամադրված է մնալ մոսկովյան ակումբում: Անցած մրցաշրջանի երկրորդ հատվածում նիգերացին ԲԿՄԱ-ի կազմում անցկացրել էր 10 հանդիպում, որոնցում խփել էր 6 գոլ:

 

 

ԽԱՂԸ ԲԱՑ ԿԹՈՂՆԻ
«Լիվերպուլ»-ի եւ Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը ամենայն հավանականությամբ բաց կթողնի ԱԱ-2018-ի կիսաեզրափակիչ հանդիպումը: Հենդերսոնը վնասել է ծնկի մկանները 1/4 եզրափակիչում: Շվեդիայի ընտրանու դեմ խաղին Ջորդան Հենդերսոնը փոխարինվել էր: Վնասվածքը շատ լուրջ չէ, սակայն Անգլիայի ընտրանու բժշկական անձնակազմը Խորվաթիայի դեմ խաղից առաջ հստակ կորոշի` Հենդերսոնը կկարողանա խաղալ, թե ոչ: Նշեմք, որ Հենդերսոնը Անգլիայի հավաքականի անփոխարինելի ֆուտբոլիստներից մեկն է:

 

 

ԲՈՒՖՈՆԸ` ՊՍԺ-ՈՒՄ
Իտալացի լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը երեկ առաջին անգամ մարզման է դուրս եկել նոր թիմի` ՊՍԺ ֆուտբոլիստների հետ: Ջանլուիջի Բուֆֆոնը 17 տարի Իտալիայում հանդես գալուց հետո անցած շաբաթ տեղափոխվել է ՊՍԺ: Նա փարիզյան ակումբի հետ ստորագրել է պայմանագիր «1+1» սկզբունքով:
Ի դեպ, տեղեկացնենք նաեւ, որ ՊՍԺ-ի ղեկավարները մտադիր են գնել «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոյին: Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստի համար ՊՍԺ-ն պատրաստ է ռեկորդային գումար ծախսել` 270 մլն եվրո: Կոուտինյոյի պայմանագրում նշված է 400 մլն հրաժարագին, եւ պայմանագիրը կնքված է մինչեւ 2023 թվականը: Կոուտինյոն ձմռանն էր «Լիվերպուլից» տեղափոխվել «Բարսելոնա»:




Լրահոս