ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԱՓՈԽԵԼ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկա օրերը խոստանում են բավականին թեժ լինել համաշխարհային քաղաքական թատերաբեմում: Սպասվում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, ԱՄՆ նախագահ Թրամփի պաշտոնական այցելությունը Միացյալ Թագավորություն, եւ վերջապես Հելսինկիում կկայանա Թրամփի եւ Պուտինի հանդիպումը: Միջազգային ասպարեզում նման հագեցած օրակարգն ինքնըստինքյան իր վրա է հրավիրել բոլորի ուշադրությունը, քանի որ ակնկալվում են հետաքրքիր զարգացումներ:

2017թ. հունվարին` Թրամփի երդմնակալությունից օրեր անց, Սպիտակ տանը հյուրընկալվեց Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը եւ հրավիրեց ԱՄՆ նախագահին այցելել Լոնդոն: Հաշվի առնելով ԱՄՆ-ՄԹ ավանդական դաշնակցային հարաբերությունները` լիովին տրամաբանական կլիներ, որ Թրամփը իր առաջին այցելություններից մեկը կատարեր հենց Լոնդոն, սակայն այդքան սպասված մեկնումը տեղի չունեցավ: Այնժամ Միացյալ Թագավորության խորհրդարանի խոսնակը հայտարարել էր, որ Թրամփին թույլ չէր տրվելու ողջույնով հանդես գալ խորհրդարանի առաջ, ինչը աննախադեպ կարող էր լինել ԱՄՆ նախագահների պաշտոնական այցերի պատմության մեջ: Ավելին` նույնիսկ Լոնդոնի քաղաքապետն էր հրապարակային իր դժգոհությունն արտահայտել ԱՄՆ նախագահի հնարավոր այցի շուրջ` ակնարկելով, որ անձամբ կարող էր մասնակցել Թրամփի դեմ ծավալվելիք բողոքի գործողություններին: Ի դեպ, զանգվածային բողոքի ակցիաների կազմակերպումն արդեն իսկ նախագծված էր եւ ակնկալվում էր, որ Թրամփը օր ու արեւ չէր ունենալու համատարած բողոքներից: Եվ ահա նման պայմաններում Թրամփի խորհրդականները համոզեցին նրան առժամանակ հրաժարվել ՄԹ այցելելու մտքից: Միայն այս տարի Թրամփը ստիպված է մեկնել Լոնդոն, քանի որ ԱՄՆ-ՄԹ դաշնակցային հարաբերությունները հստակեցնելու կարիք կա երկու պետությունների համար: Եթե Միացյալ Թագավորությունը ԵՄ-ն լքելու պատճառով ցանկանում է ամեն կերպ սերտացնել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, ապա Թրամփը փորձում է օգտվել Բրեքզիթի արդյունքում ՄԹ-ի անխուսափելի մեկուսացումից համաշխարհային մերժվածների նստարանին իր կողքին ՄԹ-ի պես խոշոր դերակատար ունենալու համար: Միաժամանակ Թրամփը հարկադրված է քայլեր ձեռնարկելու արեւմտյան տերությունների հետ նորմալ հարաբերություններ ստեղծելու առումով, ինչը պարտադրում է ԱՄՆ ներքաղաքական իրավիճակը: Թրամփը չի կարող դեմ գնալ ներքին շրջանակներին, որոնք պահանջում են բարեկամական հարաբերություններ արեւմտյան դաշնակիցների հետ, իսկ Թրամփը Մեծ Յոթնյակի տապալված գագաթնաժողովից հետո պետք է առարկայական տեղաշարժ ցույց տար այս համատեքստում: Հետաքրքիր է, որ Թրամփի այցելությունը կրելու է աշխատանքային այցի բնույթ եւ բավականաչափ սահմանափակված է լինելու առանց այն առանձնահատուկ իրադարձությունների ու արարողակարգերի, որոնցով հագեցած են եղել ԱՄՆ նախորդ նախագահների այցելությունների ժամանակ:
Թրամփի հաջորդ կարեւոր հանդիպումը կլինի Հելսինկիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հատկանշական է, որ այս հանդիպումը առաջինն է իր տրամաբանության մեջ, քանի որ կազմակերպված է բացառապես երկու երկրների նախագահների համար եւ ոչ թե կայանում է ինչ-որ այլ գագաթնաժողովի շրջանակներում: Երկու նախագահների քննարկման օրակարգում բազմաթիվ հիմնահարցեր են կուտակված` սկսած սիրիական հակամարտությունից մինչեւ Հս. Կորեայի խնդիր: Առանձնահատուկ կարեւորություն ունի երկու պետությունների միջեւ հարաբերությունների սրվածության խնդիրը, քանի որ ԽՍՀՄ փլուզումից ի վեր նրանց հարաբերությունները այսքան վատ չեն եղել: Եվ ահա սպասվում է, որ գուցե դրական արդյունքներ արձանագրվեն` նկատի ունենալով առաջին հերթին նախագահների տրամադրվածությունը միմյանց նկատմամբ:
Ակնհայտ է, որ անգամ ԱՄՆ-ի ներքաղաքական դրությունն է ազդում արտաքին քաղաքականության վրա եւ անխուսափելիորեն գործնական հետեւանքներ կունենա թե՛ ԱՄՆ-ի, թե՛ համաշխարհային հանրության համար: Այս տեսնակյունից հետաքրքիր է նաեւ Հայաստանի դեպքը, երբ թավշյա հեղափոխությունն անխուսափելիորեն իր հետքն է թողնում մեր պետության արտաքին քաղաքականության վրա: Սա դրսեւորվում է նախ եւ առաջ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, որտեղ ՀՀ իշխանությունները փորձում են վերականգնել Արցախի` հակամարտության կողմի կարգավիճակը: Այդ ազդեցությունը անխուսափելի է, որը, սակայն, պետք է հավասարակշռել` հաշվի առնելով տարածաշրջանում ակտիվ խաղացողների շահերը, եւ յուրաքանչյուրի հետ առանձին հարաբերություններ հաստատել: ՀՀ նոր իշխանությունները պետք է լրջորեն խորհրդածեն Իրանի, Թուրքիայի, ԱՄՆ, ԵՄ, ՌԴ ղեկավար շրջանակների հետ նոր որակի շփումներ հաստատելու մասին` հեռու վերջին քսանամյա փտած գործիքակազմից եւ չաշխատող մեխանիկական ու խորհրդային աշխատելաոճից: Եթե Թրամփի ավերածությունների տակից ԱՄՆ-ն այսպես թե այնպես դուրս կգա իր ռեսուրսների հաշվին, ապա Հայաստանը մազաչափ իսկ հապաղելու ու սխալվելու շռայլություն թույլ տալ չի կարող:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՆԱՆԿԱՑԵԼ Է

«Արտաշատի գինու-կոնյակի գործարան» ընկերությունը Արարատի եւ Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանի հունիսի 5-ի վճռով հարկադրված սնանկ է ճանաչվել:

Ընկերության սնանկության գործով կառավարիչ Կամո Հարոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ գործարանը դեռեւս 2016-2017 թվականներին արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից վաճառվել է: «Այսօր ընկերության հաշվապահական փորձաքննությունն է տեղի ունենալու: Ընկերությունը, որը շահագործել է գործարանը, նոր է սնանկ ճանաչվել, բայց գործարանը 2016-2017 թթ. է վաճառվել»,- նկատեց սնանկության գործով կառավարիչը:
Բայց ուշագրավն այն է, որ այս ընկերությունը պատկանում է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Ավելին` գործարանի տնօրենը նրա եղբայրն էր` Հենրիկ Աբրահամյանը: Նշենք, որ գործարանը տեղակայված է հենց Հովիկ Աբրահամյանի ծննդավայր Մխչյան գյուղի ճանապարհին: Բայց ինչպես հայտնի է, քաղաքականությունից դուրս գալուց մեկ տարի անց` անցած տարի, Հովիկ Աբրահամյանը սկսեց իր բիզնեսների մասսայական վաճառքը: Աբրահամյանները վաճառեցին «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ում ունեցած իրենց 50 տոկոս բաժնետոմսը: Նշենք, որ ընկերության բաժնետոմսերի կեսը պատկանում է գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի որդուն` Վաչագան Կարապետյանին, իսկ մյուս մասը Հովիկ Աբրահամյանի որդու` ԱԺ պատգամավոր Արգամ Աբրահամյանի անունով էր: Ապա տեղեկություններ շրջանառվեցին այն մասին, որ Աբրահամյանները վաճառել են իրենց պատկանող գազալցակայանները, ելակի այգիները եւ այլն: Փաստորեն վաճառվող բիզնեսների թվում է եղել նաեւ Արտաշատի գինու-կոնյակի գործարանը, որն ավելի հայտնի է «Արտաշատ վինկոն» անունով:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ՄԵՂՄ ՊԱՏԻԺ
Դիլիջանի բնակիչ, 1989թ. ծնված Սերգեյ Միքայելյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, կատարել է հանցագործության մասին սուտ մատնություն: Նա ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչության հատկապես կարեւոր գործերով քննիչ Սմբատ Սաղաթելյանին հանիրավի մեղադրել է քրեական գործով ապացույց կեղծելու մեջ: Ս. Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Ս. Միքայելյանը Դիլիջանի զինկոմ Հովհաննես Հակոբյանի որդի, 1989թ. ծնված Դավիթ Հակոբյանի վերաբերյալ քրեական գործով տուժող է:
2016 թվականի փետրվարի 9-ին` Դիլիջանի Շամախյան թաղամասից վերադառնալիս, Դ. Հակոբյանը իր կողմից ապօրինի ձեռք բերված եւ պահվող հրազենով կրակոցներ է արձակել Ս. Միքայելյանի «Նիսսան Տեանա» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ` նրան պատճառելով աջ ոտքի շրջանում մարմնական վնասվածք: 2018թ. հունիսի 27-ին Իջեւանում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Սամվել Մարդանյանը վճռել է Ս. Միքայելյանին մեղավոր ճանաչել եւ դատապարտել 1 տարի ժամկետով ազատազրկման: Միաժամանակ ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված կարգով նշանակված պատժին գումարվել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի 2018թ. հունվարի 22-ի, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2017թ. հունիսի 8-ի որոշումներով նշանակված 8 ամիս 16 օր ժամկետով ազատազրկման ձեւով պատժի չկրած մասը: Նրա նկատմամբ վերջնական պատիժ նշանակելիս որոշվել է ազատազրկման ձեւով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով 1 տարի ժամկետով փորձաշրջան:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

ՉԻ ԲԵՐԵԼ
Հուլիսի 10-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի եւ Ադրբեջանի սահմանին` Ակնա-Բարդա ճանապարհահատվածում: Արցախի ԱԳՆ-ի տեղեկացմամբ` ՊԲ դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն եւ Օգնեն Յովիչը, ինչպես նաեւ ԵԱՀԿ Բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ փոխգնդապետ Ռալֆ Բոսհարդը: Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Գենադիե Պետրիկան եւ անձնական օգնական Սայմոն Թիլերը, ինչպես նաեւ ԲՄՊԽ ղեկավար գնդապետ Վլադիմիր Մինարիկը:
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:




Լրահոս