«Ժողովուրդ» օրաթերթը թավշյա հեղափոխության եւ դրա ներկայիս արդյունքների մասին զրուցել է հեղափոխության աջակիցներից մեկի՝ երգահան, հաղորդավարուհի Մարինա Թագակչյանի հետ: Նրա խոսքով՝ ինքը եւ իր ընկերները տեւական ժամանակ է՝ հայրենանպաստ նախագծեր իրականացնելու առաջարկով դիմում են մշակույթի նախարարությանը, սակայն ոչ մի արձագանք չստանալով` դեմ են առնում պատի: Երգահանը շեշտում է՝ անգամ նախորդ իշխանության օրոք ինքը նման վերաբերմունքի չի արժանացել: Նա մտավախություն ունի, որ նոր կառավարության կողմից հանրության ձայնը կարող է լսելի չլինել:
-Մարինա՛, շատերը կհիշեն, թե որքան ակտիվ էիք թավշյա հեղափոխության օրերին: Ձեր գրառումներով, արտահայտած դիրքորոշմամբ սատարում էիք շարժմանը: Այսօր ի՞նչ տպավորություն ունեք կառավարության գործելաոճից:
-Կան ե՛ւ ոգեւորող, ե՛ւ հիասթափեցնող հանգամանքներ: Բայց կցանկանայի խոսել իմ մտահոգությունների մասին: Ավելորդ է ասել, որ նախկին իշխանության հետ որեւէ կապ չեմ ունեցել, եւ այն, ինչ հիմա պետք է ասեմ, չի կարող ասոցացվել որպես ռեժիմին հաճոյանալու միջոց: Նախկին նախագահի, նախկին առաջին տիկնոջ հետ մտերմանալու, այդ միջոցով ինձ համար ուղիներ հարթելու բազմաթիվ առիթներ եմ ունեցել, սակայն ոչ մի անգամ դրանցից չեմ օգտվել: Միշտ ինձ մի փոքր բարձր եմ դասել եւ երբեք քծնանք գործի չեմ դրել: Նույն մոտեցումը բանեցնում են այս իշխանության պարագայում, սակայն չեմ կարող չնշել իմ մի քանի մտահոգության մասին: Ես, իմ շրջապատից «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր մի անձ, մի շարք արվեստագետներ, որոնք մշակութային կյանքում 20-30 տարվա ավանդ ունեն, պարբերաբար դիմել ենք կառավարությանը եւ ոչ մի արձագանք չեն ստացել:
-Ի՞նչ ծրագրերով եք դիմել: Եկեք ընդունենք, որ Ձեզ պես շատերն են դիմում գերատեսչություններին, եւ հաճախ պարզապես ժամանակ չի լինում բոլորի պահանջները միանգամից բավարարելու համար:
-Ես եւ իմ ընկերները, օրինակ, ներկայացրել ենք հայրենանպաստ նախագծեր, սակայն ո՛չ մշակույթի, ո՛չ կրթության եւ գիտության նախարարություններից պատասխան չենք ստացել, դեմ ենք առել պատի: Եթե կառավարությունում չունեմ ընկերներ, ուրեմն պետք է լսելի չլինե՞մ: Դա ինձ վախեցնում է: Նույնիսկ նախորդ իշխանության օրոք կառավարությունից արձագանքել են իմ դիմումներին: Ես ապրում էի հեղափոխությամբ, հիմա էլ եմ ապրում, բայց կարծում էի, որ այս իշխանությունը յուրաքանչյուր լավ միտք պետք է գողանա եւ գործընթաց սկսի: Բայց դեռեւս նման բան չեմ նկատում: Ասում են՝ օրինակ՝ մշակույթի նախարարն անփորձ է: Բայց ես ուրիշ գնահատական կտայի. նա անտեղյակ է, բայց պետք է փորձի իր շուրջ հավաքել տեղյակ մարդկանց, տեսնել՝ որ խնդիրներն են այս ժամակահատվածում ենթակա գոնե մասնակի լուծման: Չեմ ուզում կոպիտ արտահայտվել, բայց չեմ էլ կարող լռել:
-Կցանկանայի մի փոքր էլ մարդկանց գիտակցության մակարդակից խոսել: Ի՞նչ տրամադրություններ եք նկատում հանրության շրջանում: Այս առումով մտահոգիչ երեւույթներ նկատո՞ւմ եք:
-Հիմա, իմ դիտարկումներով, հայ հանրությունը բաժանվել է երեք խմբի՝ նախկին ռեժիմի կողմնակիցներ, զոմբիացած մի զանգված, որը հալած յուղի պես է ընդունում ներկայիս իշխանության կողմից արված ամեն հայտարարություն, եւ անկողմնակալ վերլուծողներ, որոնց հետաքրքրում է ազգային շահը՝ անկախ այն հանգամանքից՝ ով է իշխանության գլուխ կանգնած: Անձամբ ես նիկոլապաշտ չեմ, ազգապաշտ եմ: Ինձ համար էականն այն է, որ մեր երկրում չլինեն կոռուպցիա, անօրինականություն, կառավարության գործունեության դաշտը լինի թափանցիկ, մարդկանց ձայնը՝ լսելի: Հուսով եմ՝ համապատասխան մարմինները կլսեն իմ դժգոհությունները եւ կարձագանքեն դրանց:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
«ՀՈՒՍՈՎ ԵՄ, ՈՐ ԳՈՆԵ ՄԵՐ ԹՈՌՆԵՐԸ ԼԱՎ ԿԱՊՐԵՆ»
«Մեր բակը», «Իմ մեծ հայկական հարսանիքը», «Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Կորած եւ գտնված Հայաստանում», «Ուրիշի փոխարեն» եւ այլ ֆիլմերից հայտնի դերասանուհի Ջուլիետա Բաբայանը տեւական ժամանակ է՝ էկրաններին չի երեւում: Վերջին սերիալը, որտեղ նա նկարահանվել է, եղել է «Փոխնակ մայրը»: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տիկին Բաբայանը նշեց՝ էկրաններին չերեւալու պատճառը հրավերներ չստանալն է:
«Ես ինքս դռներ չեմ թակում, չեմ խնդրում, որ ինձ ընդգրկեն նախագծերում, բայց կան մարդիկ, որոնք ամեն ինչի դիմում են: Շատ անգամ հրավիրում են նկարահանվելու, իսկ պայմաններն այնքան վատն են, որ արդյունքում դու մրսում, հիվանդանում ես, իսկ չնչին հոնորարը բավականացնում է միայն դեղեր գնելու համար: Շատ ռեժիսորների էլ ձեռնտու են ոչ պրոֆեսիոնալները. նրանց կարողանում են բավական ցածր հոնորարներով բավարարել: Ամբողջ ազգը դարձել է երգիչ ու դերասան, հեռուստանախագծերում նկարահանվում են երգիչներն ու պարողները, իսկ իրական մասնագետները նստած են տանը: Այդպես չի կարելի»,-մեկնաբանեց տիկին Բաբայանը:
Վերջին ֆիլմը, որի շրջանակում հանդես է եկել դերասանուհին, կոչվում է «Մենք հարեւաններ ենք»: Ապրիլյան պատերազմի մասին պատմող ֆիլմի ռեժիսորը Հակոբ Հակոբյանն է, այն դեռ էկրան չի բարձրացել: 50 տարուց ավել է՝ տիկին Բաբայանն աշխատում է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Մենք հարցրինք՝ Մայր թատրոնում սերնդափոխությունը հաջող է ընթանում, թե ոչ. «Շատ մարդիկ եկան-գնացին, բայց ես իմ թատրոնին չդավաճանեցի: Մենք ունենք շատ շնորհքով երիտասարդներ, միայն թե անհրաժեշտ է նրանց պոտենցիալը ճիշտ օգտագործել: Բայց, ցավոք, հաճախ այդպես չի լինում»,-պատասխանեց դերասանուհին:
Մեր զրուցակիցն անդրադարձավ նաեւ վերջին ամիսներին հայաստանյան քաղաքական դաշտում տեղի ունեցած փոփոխություններին. «Այնպիսի տպավորություն ունեմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդարություն է հաստատում մեր երկրում: Անկեղծ ասած` շատ ոգեւորված եմ մեր երիտասարդներով, որոնք բավական համարձակ են եւ կարողացան հեղափոխության ժամանակ եւ դրանից հետո հրաշալի դրսեւորվել: Հուսով եմ, որ գոնե մեր թոռները լավ կապրեն»,-եզրափակեց նա:
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ԱՄԲՈՂՋ ԳՈՒՄԱՐԸ` ԵՐԵԽԱՆԵՐԻՆ
Ռուսաստանում անցկացված ֆուտբոլի աշխարհի առաջնությունում երկրորդ տեղը գրավելու համար ՖԻՖԱ-ից ստացած ամբողջ գումարը Խորվաթիայի հավաքականը կտրամադրի բարեգործական նպատակների: Այդ մասին սոցցանցի իր էջում գրել է Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը: «Առաջնությունից ստացած ամբողջ պարգեւավճարը Խորվաթիայի հավաքականը կհատկացնի մեր երկրի երեխաների համար ստեղծված հատուկ հիմնադրամին, որը կֆինանսավորի երեխաների համար տոնակատարությունների կազմակերպումը: Խորվաթ ֆուտբոլիստները մեր երկրի ժողովրդի հետ են: Նրանք կանեն հնարավոր ամեն ինչ, որպեսզի օգնեն Խորվաթիայի երեխաներին»,- գրել է Դալիչը:
Աշխարհի փոխչեմպիոնի կոչման համար Խորվաթիայի հավաքականը ՖԻՖԱ-ից կստանա 28 միլիոն եվրո:
ԿՀԵՌԱՆԱ ԱԿՈՒՄԲԻՑ
Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քարիմ Բենզեման, ամենայն հավանականությամբ, այս տրանսֆերային պատուհանի ընթացքում կհեռանա ակումբից: 30-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու ցանկություն ունի իտալական «Նապոլի»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին: Նրանք միասին աշխատել են «Ռեալ»-ում: Իտալական ակումբը պատրաստ է ֆրանսիացի խաղացողի համար վճարել 45 միլիոն եվրո: «Ռեալ»-ի գլխավոր մարզիչի պաշտոնից Զինեդին Զիդանի հեռանալը եւ թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի տեղափոխությունը «Յուվենտուս» լրացուցիչ պատճառներ են Բենզեմայի համար փոխելու թիմը:
ՄԽԻԹԱՐՅԱՆԸ` ԼԱՎԱԳՈՒՅՆ
Լոնդոնի «Արսենալ»-ի պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսը խոսել է իր թիմակից Հենրիխ Մխիթարյանի մասին` նշելով, որ հայ ֆուտբոլիստն ունի բոլոր տվյալները Անգլիայի Պրեմիեր լիգայում լավագույնը դառնալու համար. «Նա հիանալի է խաղում: Գնդակով, առանց գնդակի, թե ինչպես է նա աշխատում գնդակի հետ, երբ ստեղծում կամ քանդում է գրոհները. ապշեցուցիչ է այդ ամենը: Այն, ինչը նա ցույց տվեց իր վերջին մրցաշրջանում Դորտմունդում, նրան դարձրեց Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստներից: Ես կարծում եմ, որ նա կարող է լինել նաեւ լավագույնը ԱՊԼ-ում»,- ասել է Սոկրատիսը: