Նախկինում առողջական խնդիրների պատճառով տարկետում ստացածներից 600 քաղաքացի զորակոչվել է բանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հիվանդությունների պատճառով զինվորական ծառայությունից ազատվածների թիվը նախորդ տարիների համեմատ նվազել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ՊՆ հանրապետական հավաքակայանում, օգոստոսի 11-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը:

«Այս տարի, նախկինում առողջական խնդիրներ ունենալու պատճառով տարկետում ստացածներից, բանակ զորակոչվել է 600 ավել ավագ տարիքի տղա: Հիմնականում երիտասարդության շրջանում տարածված են սրտանոթային, մաշկային, էնդոկրին, նեյրոհոգեբուժական հիվանդություններ, ինչի պատճառով էլ զինվորական ծառայության չեն զորակոչվում: Հոգեբուժական հիվանդությունների մի մասը հիմնականում լինում են ինքնավնասումներ: Այդպիսի դեպքեր հիմնականում լինում են Շիրակի, Լոռու, Արմավիրի մարզերում: Սրտանոթային հիվանդություններ ունենում են հիմնականում Գեղարքունիքի, Սյունիքի, Կոտայքի, Տավուշի մարզերում»,- ընդգծեց Մուրադյանը:

Գեներալ-մայորի խոսքով՝ տարկետումների մի մասի պատճառը լինում են վիրահատությունները՝ սրտի բաց վիրահատություն, էխինոկոկ, էնդոկրին և այլն:

«Վերջերս, շատացել են լյարդի մեծացման դեպքերը, ինչպես նաև ալերգիկ հիվանդություններն են աճում և պարբերականը (Երևանյան հիվանդություն)»,- նշեց ՀՀ զինվորական կոմիսարը:

Նրա խոսքով՝ եղել է նաև երկու դեպք, որ ինչ-ինչ առողջական խնդիրների պատճառով տղաներին բանակ չեն զորակոչել, բայց իրենք դիմել են զինվորական ծառայություն անցնելու համար: Նրանցից մեկին, ով 26 տարեկան է, հոգեբուժական հիվանդանոցում հետազոտել են և նրան չեն զորակոչի, մինչև տարկետման ժամկետն ավարտվի, իսկ երկրորդ տղան՝ զորակոչվել է:




Լրահոս