Ինչո՞ւ ՀՀԿ-ն ստորագրահավաք չիրականացրեց Մանվել Գրիգորյանին ազատելու համար այնպես, ինչպես արեց Ռոբերտ Քոչարյանի դեպքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերաքննիչ դատարանը երեկ փոխեց առաջին ատյանի դատարանի որոշումը՝ վերացնելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը։ Մինչ նրա պաշտպաններից Ռուբեն Սահակյանն այդ մասին տեղեկացնում էր լրագրողներին, Քոչարյանն արդեն դուրս էր եկել դատարանից եւ մեկնել։ Պաշտպանի խոսքով` դատարանը բավարարել է պաշտպանների բողոքը` հաշվի առնելով, որ Ռ. Քոչարյանն անձեռնմխելի է, օգտվում է անձեռնմխելիության իրավունքից։ Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ։

-Պարո՛ն Բաղդասարյան, Ձեզ համար սպասելի՞ էր Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու դատարանի որոշումը։

-Բնականաբար, սպասում էինք։ Եթե չսպասեինք, մենք ստորագրություններով չէինք դիմի դատախազությանը։ Իհարկե, արդարադատությունը հաղթեց, եւ վճիռը ճիշտ է. հանրապետության երկրորդ նախագահը պետք է լինի ազատության մեջ։

-Իսկ գեներալ-պատգամավոր Մանվել Գրիգորյանի համար ինչո՞ւ ՀՀԿ֊ն ստորագրահավաք չնախաձեռնեց։

-Մանվել Գրիգորյանի համար հատուկ դատաբժշկական փորձաքննություն է նշանակված, որի արդյունքների մասին Դուք կտեղեկանաք։

-Այդ պատճառով չէի՞ք նախաձեռնել ստորագրահավաք։

-Նրա առողջությունը չի ներում, եւ նման հիվանդության տեր մարդուն ազատությունից չեն զրկում։ Դա բժշկի եզրակացությունն է։ Բայց չեմ ուզում դեպքերից առաջ ընկնել։ Համապատասխան փորձաքննություն է ընթանում։

-Բայց մինչեւ այդ, երբ Գրիգորյանը մեկ, երկու օր էր կալանքի տակ, ինչո՞ւ չդիմեցիք դատախազություն։

-Ամեն ինչ կարելի էր. մենք նպատակահարմարությանն ենք նայում, թե որ դեպքում ինչ ձեւով ենք շարժվում եւ ինչ որոշում ենք կայացնում։

-Այսինքն, Գրիգորյանին առնչվող բացահայտումներից ելնելով՝ ՀՀԿ-ն չցանկացա՞վ միջնորդել։

-Բնականաբար, այնտեղ պարզաբանելու խնդիրներ եւ հարցեր կային։ Եթե հիմնավորումներ կլինեն, հիմքեր կլինեն, առաջին քննադատողները մենք կլինենք, բայց անմեղության կանխավարկածը մենք բոլորս պետք է հարգենք եւ սպասենք քննության ավարտին։ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը չի ներում, որ նա ազատազրկված լինի։ Նա լուրջ բուժման կարիք ունի։

-Նախկինում էլ Ձեր իշխանության շրջանում անձինք կային, որոնց առողջությունը չէր ներում, բայց իրենք բանտերում էին։ Ինչո՞ւ ՀՀԿ֊ն այդ ժամանակ չէր բարձրաձայնում դրա մասին։

-Բոլորի հետ կապված, եթե առողջական վիճակի հետ կապված խնդիրներ են եղել, համապատասխան եզրահանգումներն արվել են։ Այսքանը։

-Հիմա հույս ունե՞ք, որ Քոչարյանի դեմ հարուցված գործը կփակվի։

-Հույսերով արդարադատություն չեն վարում, եւ պետք է նայենք, որ օբյեկտիվ քննություն անցկացվի, ու հետեւենք իրադարձությունների զարգացմանը։

-Իսկ այն, որ սահմանադրական կարգի տապալումն է մեղադրանքը, ընդունելի՞ է Ձեզ համար, թե՞ ոչ։

-Պետք է ճշտվի՝ ում կողմից է սահմանադրական կարգը տապալվել, եթե եղել է այդպիսին։

-Եվ ո՞ւմ կողմից է եղել՝ Ըստ Ձեզ, քաղաքական առումով եթե նայեք։

-Քաղաքական առումով պետք է նայել համապատասխան վկայությունները եւ գործի ընթացքը։

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ




Լրահոս