Oգոստոսի 28-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22-ի սահմաններում դիմակավորված և զինված երեք հոգի ներխուժել են Ձորաղբյուր գյուղի Բանակի փողոցում գտնվող առանձնատներից մեկը։ 30-ամյա տանտերը հոր հետ դիմադրություն է ցույց տվել․ գազային ատրճանակով կրակել է հարձակվողներից մեկի ուղղությամբ, որը զինված էր ինքնաձիգով։ Հայր և որդի նրան վնասազերծել են։ Ընթացքում հարձակվողներից երկուսը անկանոն կրակոցներ են արձակել ու փախել։
Դեպքի վայր մեկնած ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները, քննչական կոմիտեի աշխատակիցներն ու այլ իրավապահ մարմինների ներկայացուցիչներ առանձնատան բակում հայտնաբերել են 7.62մմ տրամաչափի 16 փամփուշտ, նաև սպորտային պայուսակ, որի մեջ եղել է լինգ ու կպչուն ժապավեն։
Գործարանային համարով «Կալաշնիկով» ինքնաձիգը եղել է վնասազերծված տղամարդու մոտ։ Խոսքը Գյումրիի բնակիչ, 42-ամյա Հովհաննես Ռիժենկոյի մասին է, որը ձերբակալվել է։
Հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել են փորձաքննություններ։ Ոստիկանության ծառայողները ձեռնարկում են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ փախուստի դիմած անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու ուղղությամբ։