Տավուշի դպրոցի տնօրենները բողոքել են նախարարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 27-ին Իջեւանում` Տավուշի մարզպետարանում, կայացած խորհրդակցությանը մասնակցում էր կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Խորհրդակցության մասնակից Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենները նախարարին հարց տվեցին իրենց դպրոցներում առկա սուր հիմնախնդիրների վերաբերյալ: Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բերդավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Արեւիկ Ասատրյանն ասաց, որ իրենց դպրոցի տարածքը վերանորոգման խիստ կարիք ունի, տարածքի մի մասը սեփական ուժերով նորոգել են, մնացած հատվածը հարկ է վերանորոգել: Սակայն դպրոցի տնօրենին առավել մտահոգում էր առաջիկա ձմռանը դպրոցը վառելափայտով ջեռուցելու խնդիրը:

Նա ասաց, որ նախանցյալ տարի մեկ խորանարդ մետր վառելափայտի շուկայական գինը 15 հազար դրամ էր, անցյալ տարի` 20 հազար, իսկ այս տարի` 27 հազար դրամ: Ա. Ասատրյանն ասաց, որ իրենց դպրոցում ձմռանը 30 վառարան է գործում, իրենք ստիպված կլինեն վառելափայտի համար մեծ գումար վճարել: Նախարար Ա. Հարությունյանը հարցրեց, թե Բերդավանը գազաֆիկացված է, ինչո՞ւ դպրոցը բնական գազով չի ջեռուցվում: Տնօրենն ասաց, որ դպրոցի տարածքը մեծ է, 4800 քառակուսի մետր տարածքը բնական գազով ջեռուցելու դեպքում մեծ գումարներ կծախսվեն:

Նախարարը դպրոցի տնօրենից իմացավ, որ Բերդավանում գործում է վերանորոգված մշակույթի տուն, մանկապարտեզ, նախարարը խոսեց կրթամշակութային մոդելի մասին, երբ նույն հարկի տակ գործում են դպրոցը, գյուղի մշակույթի կենտրոնը, մանկապարտեզը: Ա. Ասատրյանը պարզաբանեց, որ իրենց դպրոցն ունի 360 աշակերտ, դպրոցը մեծ հաջողություններ ունի աշակերտների ուսման գործում: Նախարարն ընդունեց, որ այդ մոդելը չի կարող գործել Բերդավանի դպրոցի դեպքում: Սահմանամերձ դպրոցի վառելափայտի հարցը չլուծված մնաց:




Լրահոս