Շիրակի պետական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի շուրջ թեժ մրցակցություն է սկսվել: Շիրակի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում Գյումրիում վերջին օրերին շրջանառվում է ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանի մոր՝ Թամարա Մելիքյանի անունը: Վերջինս Սահակ Մինասյանի հետ լավ հարաբերություններ մեջ է: Ըստ շրջանառվող լուրերի` Թամարա Մելիքյանի հնարավոր նշանակումը նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի հեռահար ծրագրերից է:
Թամարա Մելիքյանը այն դասախոսների շարքում էր, ով քաջալերում էր Սահակ Մինասանին ու դուրս էր եկել աշխատանքից ազատված դասախոսներ Հովհաննես Խորիկյանի ու Գագիկ Համբարյանի դեմ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գ. Համբարյանը Թ. Մելիքյանի հնարավոր թեկնածությունը համարում է ոչ օրինական. «Այդ կնոջ հավակնությունները խնդրահարույց են առաջինը այն առումով, որ բուհ-ի կանոնադրության 56-րդ կետում կատարված փոփոխությունների համաձայն` բուհ-ի ռեկտոր կարող է լինել այն անձը, որը 5 տարի ադմինիստրատիվ ստաժ ունի բուհ-ական ոլորտում: Ես գիտեմ, որ այդ կինը պահանջին չի բավարարում: Ինքը դեկան է նշանակվել 2013թ. նոյեմբերի վերջին, բացի այդ էլ Սահակ Մինասյանի օրոք 2-3 ամիս դեկանությունից հանվել էր: Ես կարծում եմ` ինքը ռեկտորի թեկնածու չի էլ կարող լինել: Բայց ովքեր են ջանասիրաբար տարածում իր անունը, կարծում եմ, բոլորին էլ պարզ է»,-ասաց ՇՊՀ դասախոս Գագիկ Համբարյանը:
Թամարա Մելիքյանը ղեկավարում է Հումանիտար գիտությունների ու արվեստի ֆակուլտետը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց նրանից ճշտել` արդյոք հավակնու՞մ է ՇՊՀ ռեկտորի աթոռին, թե՞ ոչ: Սակայն տիկին Մելիքյանը նախընտրեց չպատասխանել, բայց նաեւ չբացառեց. «Բացարձակ չեմ կարող մեկնաբանել կամ կարծիք հայտնել: Անհեթեթ հարց է, ցանկությունը ո՞րն է, խելագարվում եմ այդ հարցից: Չեմ հասկանում` այդ լուրերը ոնց են տարածվել: Կուզենայի ավելի լուրջ հարցերից խոսել: Այդ հարցին ես պատասխանել չեմ ուզում»,-ասաց Թամարա Մելիքյանը:
Իսկ ՇՊՀ հոգաբարձուների նոր խորհուրդը դեռ մշակում է կանոնադրությունը ու հստակեցնում այն պահանջները, որոնք անհրաժաշտ են ռեկտորի աթոռը զբաղեցնել ցանկացողներին:
ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Գյումրի