Սվիտալսկին Հայաստանի կառավարության առաջնահերթությունները բավարար է համարում ԵՄ-ի հետ առևտրի և ներդրումների զարգացման համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխությունները ԵՄ-ում դիտարկում են որպես հզոր առաջընթաց՝ առևտրային հարաբերությունների, ներդրումների զարգացման համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին այս մասին ասաց ԵՄ-ՀՀ գործընկերության կոմիտեի առևտրի հարցերով առաջին նիստին Հայաստանում:

«Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխությունները ևս մեր կողմից դիտարկվում են որպես հզոր խթան, առաջընթաց: Տեսնում ենք, որ նոր կառավարության համար շատ կարևորվում են բազմաթիվ առաջնահերթություններ: Դա ինքին դառնում է շատ հզոր մի լծակ՝ առևտրի և ներդրման մեջ ավելի լավ հարաբերություններ զարգացնելու համար: Ես, մասնավորապես, խոսում եմ կոռուպցիայի վերացման խնդիրների մասին»,-ասաց Սվիտալսկին ու նկատեց՝ կոռուպցիան ամենուրեք է ամենամեծ խոչընդոտը օտարերկրյա ներդրումների համար:

Նրա կարծիքով՝ դրա հաղթահարումը ակնհայտորեն կօգնի Հայաստանին գտնել նոր գործընկերների: Եվ այն երաշխիքներ կտա ԵՄ գործընկերներին, որ ավելի ընդգրկված և շահագրգռված լինեն բիզնես-կապերի համար: Դեսպանն առանձնացրեց նաև ՀՀ կառավարության երկրորդ կարևոր առաջնահերթությունը՝ դատաիրավական համակարգի անկախությունը: «Դա նույնպես հզոր գործընկեր է առևտրային գործունեության զարգացման տեսակետից: Դա հնարավորություն է տալիս զգալ անվտանգություն, ապահովություն… Ռազմավարական մակարդակի վրա, այն առաջնահերթությունները, որը հայտարարել է ներկայիս ՀՀ կառավարությունը, իրոք բավարարում են առևտրի և ներդրումների զարգացման շահերին»,-նշեց Սվիտալսկին:

Նրա կարծիքով, այնուամենայնիվ, պետք է ցուցաբերել նվիրվածություն, վճռականություն:




Լրահոս