Ո՞վ է Գյումրու ծննդատան նոր տնօրենը. նա ծանր ժառանգություն է «նվեր ստացել»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրու ծննդատանը հայտնաբերված չարաշահումների գործով քննությունն ընթացքի մեջ է: Բանն այն է, որ ծննդատունը հսկայական պարտքեր է կուտակել, սակայն թե ով է մեղավորն ու ով է պատասխան տալու, միայն քննությունն է պարզելու:
Վերջին ամիսներին ծննդատան տնօրենի ընտրության խնդիրը համառորեն չէր լուծվում: Նախկին մարզպետ Արթուր Խաչատրյանի օրոք հայտարարված մրցույթի արդյունքներով չգոհանալով` հիվանդանոցում անձնակազմը մասնատվել էր: Հայտարարված մրցույթում մանկաբարձ-գինեկոլոգ Լիանա Աբրահամյանն ու էնդրոկրինոլոգ Արմինե Էլբակյանը հավաքել էին հավասար միավորներ, մարզպետի որոշմամբ տնօրեն էր նշանակվել Արմինե Էլբակյանը: Սակայն անձնակազմի պայքարի արդյունքում վերջինս հեռացավ: Կառույցը սկսեց ղեկավարել ոչ թե Լիաննա Աբրահամյանը, այլ հիվանդանոցի այլ աշխատակից: Նոր մրցույթ հայտարարվեց, որին Լիաննա Աբրահամյանը նորից էր հայտ ներկայացրել: Մեկ տեղի համար Շիրակի մարզպետարանում 4 հայտ էր ներկայացվել:

Գյումրու ծննդատան տնօրենի մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած 4 անձից միայն 2-ն էին ներկայացել` բուժհաստատության մանկաբարձ-գինեկոլոգներ Էդգար Սուքիասյանն ու Լիաննա Աբրահամյանը: Թեստային փուլից Էդգար Սուքիասյանը 49 միավոր էր ստացել, Լիաննա Աբրահամյանը` 47: Բանավոր փուլի 5 հարցից Էդգար Սուքիասյանը 4-ին, իսկ Լիաննա Աբրահամյանը 2-ին ճիշտ պատասխան են տվել: Լիաննա Աբրահամյանը դուրս է մնացել մրցույթից, զարգացման իր ծրագիրը ներկայացրել է Էդգար Սուքիասյանը:

Եւ հանձնաժողովի քվեարկության արդյունքում 6 կողմ, 1 դեմ ձայներով Գյումրու ծննդատան տնօրեն է ընտրվել Էդգար Սուքիասյանը:
Մինչ նոր տնօրենը, ստանձնելով նոր պաշտոնը, ձեռնամուխ կլինի աշխատանքի, նկատենք՝ նա բավական ծանր ժառանգություն է «նվեր ստացել»: Բուժհաստատությունը 25-30 միլոն դրամ պարտքեր է կուտակել: Թե ինչպես է խնդիրը լուծելու նոր տնօրենը, հայտնի չէ: Բայց այն, որ ծննդատան օպտիմալացման խնդիրը դեռ առկախ է, փաստ է: Նոր տնօրենը ծննդատան առաջ ծառացած խնդիրների լուծումը տեսնում է Գյումրու «Մոր են մանկան» ավստրիական հիվանդանոցի փակման մեջ: Հիշեցնենք, որ ավստրիական հիվանդանոցում մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի ստեղծումից անմիջապես հետո Գյումրու ծննդատանը կտրուկ նվազեց ծնունդների թիվը, ու կառույցը կանգնեց ֆինանսական լուրջ խնդիրների առաջ:

Հեղինե Մանուկյան
Գյումրի




Լրահոս